Բանաստեղծություններ

    Author: Thavré Genre:
    Rating

                                                                     - Թ Ա Վ Ր Ե .

     ԾԻԼԸ

    Հողի տաք բույրը ռունգներիս մեջ,
    Հակվել եմ հերկած ակոսի վրա…
    Հայացքիս առաջ, մի ծիլ թաց գլխով,
    Հերթի մեջ խցկվել ցանկացող մարդու
    Համառ ճիգերով` հրում է հողը…

    Երկար կմնայի այդպես խոնարհված,
    Եթե արևը շուքս չնետեր, 
    Հաղթերթի ելած այդ ծիլի վրա…


    ԱՅԴ  ՕՐԸ  ԵՍ

    Նվագարանի լարից ծորող
    Հնչյուն էի մաքրեմաքուր,
    Խուլ , անտեղյակ դիրիժորից…
    Ականջ գտնեի`հոգին խտտեի:
    Ժայռի մեջքին, փոսիկի մեջ,
    Քամու կիտած մի բուռ հող էի…
    Սերմիկ գտնեի`պատսպարեի:
    Լուծված աղ էի կաթիլ ջրում,
    Ջուրը` ավաղ ջրափոսում. 
    Մեկն ինձ զտեր ու ամբարեր…


    ԵՐԲ  ԻՄ  ԱՉՔԵՐԸ

    Երբ իմ աչքերը հեռվում թափառող,
    Քեզ են նկատում դեպի ինձ շտապող`
    Քո ժպիտներից, գգվող հայացքից,
    Փողոցն այդտեղի – լու՜ռ ու ամայի,
    Փոխվում է աղմկոտ մի սրբավայրի…


    Ա Ն Ու Ն Դ

    Անունդ մտքիս խարան է դարձել…
    Անունդ կյանքիս իմաստն էր, գիտե՞ս:
    Ազատագրվե´լ եմ ուզում քեզանից:
    Հարբեցողություն կամ ինքնասպանություն.
    Մեկը ստացվում է, մյուսը`ոչ մի կերպ…


    Չ Ե Ս  Փ Ա Խ Չ Ի

    Ես սահմանախախտ եմ եղել քո բանտում,
    Անկանոն ամպիկ, սրտիդ անկյունում,
    Թե դադարեմ էլ լինել այս կյանքում`
    Գալու եմ, ջնջած սահման ու կանոն:
    Փշաքաղվեցի՞ր, սեր իմ...
    Սառը դու՜շ, ցնցու՜ղ,
    Չափից շատ պորտվե՜յն,
    Կամ հաբե՜ր տարբեր,
    Մեկ է, չե´ս փախչի...
    Ծակոտկեներիդ փշաքաղոցքն եմ ես:


    ԵՍ  ԱՐՄԱՏ,  ԴՈւ  ՏԵՐԵՎ

    Ես արմատ, դու տերև, ասել է`մի ծառ:
    Արմատից տերև տաս-տասնհինգ քայլ,
    Մեկ է, մի ծառ է…
    Ես քար, դու աստղ, ասել է` տիեզերք:
    Քարից մինչ աստղ տաս-տասնհինգ դար,
    Բայց մեկ հատ տիեզերք…


    ԳԱՐՆԱՆԱՅԻՆ

    Անխուսափելիորե՜ն,
    Աստիճանաբա՜ր,
    Գիշերս, իջած աշխարհի վրա,
    Լցվեց ճայթյունով...
    Հողի հևոցքը,
    Անթիվ ծիլերի ուժգին հրոցից,
    Խուժեց սենյակս:
    Սիրտս ձայնակցեց ու իր զարկերը
    Հավասար արեց բեռն ուսից հրող,
    Փոքրիկ, սրածայր ծլի զարկերին...
    Բողբոջը հղի,
    Երկնելու ճիչն էլ` սրված դնչիկին,
    Իմ լուսամուտի չոր ներկը քերող
    Տկլոր ճյուղերի չանգռոցն ահավոր,
    Փոխեց թմբուկի խլաձայն զարկի:
    Սիրտս անհանգիստ,
    Խենթացած մի պոմպ,
    Բացվող լույսի հետ շուրթերիս բերեց
    Հոգո՜ց, որ խառնվեց բողբոջը պատռած
    Ծաղկաթերթերի շրշյուն, թրթիռին...


    ՍԿԶԲՈւՄ   ԶԵՓՅՈւՌԸ

    Սկզբում` զեփյուռը փոխվում է քամու
    Քո խոսքերի մեջ,
    Ու ամենակուլ մրրիկ բարձրանում
    Քո աչքերի մեջ,
    Հետո` հորդում է արցունքդ այրող,
    Լավայի նման իր շուրջն ավերող…

    Ինձ մնում է լոկ, փլվել աթոռին,
    Այնինչ` փնտրում եմ,
    Փնտրում եմ մի գիրք,
    Ուր գնացքների չվացուցակն է…


    ԱՇՆԱՆ   ՄՈւՏՔԸ

    Աշնան շունչը
    Լիզեց ձորի զույգ շուրթերը,
    Քարափի հետ կոխից հոգնած`
    Գլորվեց ցած,
    Գալարվելով ծույլ ու անշտապ`
    Խուժեց անձավ,
    Ծերպ ու փչակ…
    Աշնան բոթը
    Սուրաց դեպի անշուք լուսին,
    Թաթով զարկեց կիտված ամպի
    Փքուն փորին, 
    Ասես մի հրեշ
    Խոր քուն մտած,
    Անհուն ցավի՞ց, թե` զայրույթից.
    Ամպը ոռնաց…
    Կայծակն ահեղ`
    Աշնան մուտքը հրավառեց:


    ՓՈՐՁՈւՄ    ԵՄ  ՎԱՆԵԼ

    Քո շաղակրատող աչքերն անլեզու`
    Ասես գիժ լինեին…
    Գիժ վարգի մեջ են ասես,
    Գիժ քամուն թամբած,
    Մազերդ բոցված…
     
    …Ո´չ, գիժը ես եմ,
    Որ քո աչքերի գրոհը հոգնած,
    Փորձում եմ վանել
    Մարդ – ամրոց դարձած…



    ԿԱՐՃ  Է  ՄԻ  ԿՅԱՆՔԸ

    Կարճ է մի կյանքը,
    Աչքերիդ խորքը հասնելու համար,
    Եվ ի՞նչ կա այնտեղ, որ խենթի նման,
    Ձգտում եմ հասնել, հասնել ու հասնել…

    Այնտեղ, խորքերում, աչքերիդ հողում,
    Վարդեր կա՞ն արդյոք, թե`փուշն է տիրում:

    Ու կույր մղումով սուզվում եմ կրկին,
    Աչքերիդ խորքի մե՜րկ լռության մեջ,
    Որ, եթե հանկարծ մի կյանք հերիքի`
    Հասնեմ ու շնչեմ բույրը վարդերի…

                           
    Ա Տ Ու Մ   Ե Մ

    Ատում եմ –
    Փափուկ բարեմասնությունը բազկաթոռի,
    Որ ժամածարավ, անհագուրդ գրկով,
    Անպտուղ լիզում է կողերը մարդու,
    Ու սարսափում եմ ամայի հոգուց,
    Երբ աչքը մարդու, կպչուն սպունգի պես,
    Ճախրում է անշունչ իրերի գլխին…


    Գ Ա Լ Դ   Ն Մ Ա Ն   Է

    Գալըդ նման է ափերը շոյող,
    Հոգեմաշ անող ալիքի խաղին,
    Աչքերիդ հուրը`գիշերը վառվող,
    Թիթեռի թևերն այրող լապտերին,
    Իսկ համբերությունս`կրծքիդ փարվելու
    Սիրտ ու թևերիս անզուսպ մղումին…

    Հին հոլովակի պես վարգդ դանդաղել,
    Ինչ որ աղետի անցքերը կրկնող`
    Կադրի պես լռվե´լ, տեղում է դոփում…

    Գալըդ ձգձգվել, նյարդի պես պրկվել,
    Գդալից ծորող մեղրաթել դարձել,
    Անհատակ թասիս գլխին է կախվել…



    Ե Ս   Ժ Ա Յ Ռ Ա Բ Ե Կ Ո Ր

    Ես ժայռաբեկոր, դու վրան արծիվ,
    Ճանկերդ խրած քարաքոսիս մեջ,
    Ես զոհասեղան, դու որս հոշոտող,
    Արնոտ կտուցդ ամենի սրտում...

    Անձրև ու քամուն ես խրված հողում`
    Դու թռիչքի մեջ, փոթորկի պահին,
    Արև, թե զեփյուռ ես հողին սեղմված`
    Արշավից դարձած, կտուցիդ ավար...

    Հավերժ հաստատուն ես հողին գամված,
    Նայում եմ փոշի ոսկոր, փետուրիդ,
    Որ հողմը առնում, քար ուսիս զարկում,
    Կտուց ու ճանկիդ վերքերն է բուժում...



    ԴԵՄՔՍ  ՄԱԶԵՐԻԴ  ՄԵՋ

    Դեմքս մազերիդ մեջ սուզած,
    Ու թիակներդ գրկած,
    Ծնկներդ ինչպես նավակ,
    Լողում եմ քո ջրերում:
    Դու շնչում ես համաչափ,
    Ինչպես քամի համընթաց,
    Օրորում ես նավակիդ մեջ,
    Խաղաղ մի ափ տանելով:

    Ափ չեմ ուզում, Աստծո սիրույն,
    Քո փոթորկվելն եմ ուզում:
    Համբուրիր քո ուղևորին,
    Նավակիդ մեջ գիրկդ առած…


    ԴՈւ  ՆՄԱՆ  ԵՍ

    Դու նման ես հեռվում թափող
    Ջրվեժների ջրափոշուն,
    Թաց, պսպղուն,
    Թափանցիկ ու անհանգիստ:
    Դու նման ես լուսադեմի
    Պաղ մշուշին գարնանային,
    Անշտապ սահող ու համբուրվող
    Խոտերի հետ ցողով շաղված:

    Դու նման ես…
    Վարդի փշին ու բուրմունքին,
    Բուրմունքդ գանձ, փուշդ պահակ:



    ՈւՐ  ԼԱՎ  ՆԱՄԱԿՆԵՐ

    Ուր ծաղկած հասկեր`
    Շուրջը մոլախոտ,
    Ուր նորածնի ճիչ`
    Երկունքի ցավեր,
    Ուր անհոգ փոքրիկ`
    Վերքոտված ծնկներ,
    Ուր լավ նամակներ`
    Վրան փոշու շերտ,
    Ուր մտքի թռիչք`
    Մարմնի ծանրություն…

    Ուր երաշտ արտեր`
    Տարերքից հետո -
    Մրջնաբներ ավեր…



    ՄԵԿԸ  ԵՎ  ՄՅՈւՍԸ

    Մեկը յուղոտվեց, մյուսը նվազեց,
    Մեկը «Համմերի», մյուսն էշի վրա,
    Մեկը մանանան իր փառքն համարեց,
    Մյուսն ավանակի գավակը պաշտեց…
    Մեկն ապրեց ան-ցավ,
    Մյուսը` ցավերում,
    Մեկն ասաց. - Էլի´…
    Մյուսն ասեց. - Գո՜նե…
    Մեկը կենտրոնու´մ,
    Մյուսը եզրերու´մ… 
    Մեկն էպիկենտրո´ն,
    Մյուսն ապակենտրոն…



    Բ Ա Ժ Ա Ն Ու Մ

    Հեռանում ես ու ինձ թողնում,
    Կաղապարված սին երազում:

    Ձեր տան կողմը թեքվելուն պես,
    Դու շրջվում ես, ձեռքով անում,
    Ու դրանով կարծես մեկնում`
    Անմեկնելին մեր բաժանման…

    Ու արևն է լուռ գունատվում,
    Ու ստվերներ են մարդիկ դառնում.
    Մի սին պատրանք`
    Ուր արևն է գորշ ու անլույս,
    Ուր մարդիկ են անդեմ, անհույս:
    Հեռանում ես…

    Պա՜րզ է դառնում.
    Երազներս պետք է զտվեն
    Գորշությունից…

    Վաղն առանց քեզ, օրը բարի,
    Արևն էլի նորից բորբոք,
    Ու ստվերներն ինչպես երբեք`
    Մարդ-աստվածներ կերևան ինձ…



    ԿՈւԶԵՄ  ԼԻՆԵԼ

    Կուզեմ լինել, անվերջ լինել,
    Ինչպես հողմը դաշտերի մեջ,
    Կուզեմ լինել, անվերջ լինել,
    Ինչպես ծիլը սև հողի մեջ…

    Կուզեմ լինել, անվերջ լինել,
    Ինչպես երեկ քո գրկի մեջ…


                         
    ՔԱՐՈԶՎԱԾ   ՍԻՐՏ

    Տե´ր, վերադարձնում եմ -
    Քարոզված մի սիրտ, լերդացած արյամբ,
    Որ լավ էր սերտել «Սիրիր»-ն ու «Ների»-ն:

    Այդ սրտի միջին, ասպետիկ մի խենթ,
    Սուր սուրը ձեռքին դու ՜րս, ելք է փնտրում:
    Կամ այդ խենթուկին, իր սրտի դիմաց,
    Տուր քա´ր սրտաչափ, ցավազերծ ապա´ր,
    Անարյուն ու պաղ, կամ` ի շրջանս յուր,
    Մոլորված խենթին հրիր հույժ ներկա…
    Կամ էլ`…անհայտի´, սև անցքի կենտրոն:


    ՓՈՔՐԻԿ  ՄԻ  ԱՄՊ

    Արևի բոցը լեզուն երկարել,
    Կյանքով է լցրել ձորակը լքված…
    Ես այնտեղ մրսած խոտի մի ծիլ եմ,
    Թաց հողին թեքված, քո տաքին կարոտ,
    Որ փափագում եմ շնչովդ եփվել
    Ու բուրե՜լ կանաչ…

    Թաքուն կրակը կոպերիդ գերված,
    Լույսով է պատել բիբերդ սևակ,
    Ա՜խ, փոքրիկ մի ամպ,
    Այծի պես համառ,
    Պոզերը խրած տաք շատրվանիդ`
    Ցուրտ հով է նետել իմ կանաչ ուսին:



    ԿԱՐԾՈւՄ  ԵՍ  ՀԵ՞ՇՏ  Է

    Ասում ես կե՞ղծ են աչքերս տենչում,
    Հապա ինչու՞ չես թողնում հեռանում,
    Ասում ես կե՞ղծ է սիրտս տրոփում,
    Հապա ինչու՞ ես քրտինքս սրբում…

    Կարծում ես հե՞շտ է արևի համար,
    Սառած ծովերի սառույցը հալել,
    Կարծում ես հե՞շտ է իմ սրտի համար,
    Սիրտս խորքերից քեզ ի տես հանել...


    ԵՐԿՈւ ԱՓ

    Իմ վշտերին մի մեծ վիշտ էլ ավելացավ,
    Քե´զ, սիրելիս, հանուն որի էժան, տկար
    Գոյությունս կյանք կկոչվի, հանուն որի,
    Կյանքս ու հոգիս չեմ խնայի`
    Ուզի ասել, թե պաշտում եմ,
    Ուզի գրկել, կրծքիս սեղմել,
    Ուզի կուչ գալ տաք շնչիդ տակ
    Ու լուսացնել...
    Սակայն ավա՜ղ, հոշոտեցի´:
    Քո մեծ վշտին, որ ինձ ունես,
    Մի մեծ վիշտ էլ ավելացրի.
    Հոշոտեցի ու աչքերս արնով լցված,
    Քո մշուշոտ, արցունքով լի,
    Աչքերի մեջ հառեցի...
    Օտա՜ր, մենակ ու մեղավոր ինձ զգացի:
    Ես հոգնեցի էությունս անիծելուց.
    -Ինչու՞ Աստված,
    Ինձ ստեղծել ես երկու ափով,
    Մի ափը սիրտ, մյուսը լեզու,
    Մեկում ծաղիկ, մյուսում չոր փուշ...
    Է՜հ, սիրելիս,
    Հոշոտվիր սոսկ ականջներով,
    Քանզի ես ափ եմ երկու,
    Մեկը մացառ չոր փշերի,
    Մյուսը հովիտ ծաղիկների...



    ԽԱՎԱՐԻ  ԲԿՈւՄ

    Սե´ր, երի՜ցս սե´ր,
    Բայց նաև ցասու´մ,
    Եվ ըմբոստ սրտե՜ր նողկանքո´վ լեցուն,
    Խավարի բկու´մ, հիմնավո´ր, լռվա´ծ,
    Ոսկորի՜ նման...


    Ա Ն Ա Ռ Ի Կ   Հ Ո Գ Ի Ն Ե Ր Ի Ն

    Մինչև գնացքիս ժամանելը թիկունքով ծածկցի մի թզանոց ծուռ տառերով Armenia
    խազվածքն ու հարթեցնելով դատարկ ծխախոտատուփս` վրան խզմզեցի ..

    Խժռել է նյութը մարդու շիտակ հոգին,
    Տիրել նրա սիրտ ու մտքին…
    Ալմազն իր մեջ ոչ թե ամպիկ,
    Այլ ամպամած ճաք է տվել…
    Միջնադարի կեռմաններում`
    Քթոսկրի բուրգը աճել,
    Լայն ճակատն է նեղացրել,
    Հազարամյա արյան հոսքին,
    Լեղի խառնել`
    Շինծու ժպիտ, խոսք ձեռք բերել.
    Խնդա՞ս, թե` լաս…
    Մեղրագործը պատվին խառնել`
    Մեղրի միջին շաքար դրել,
    Ծննդկանը անսեր ծնել`
    Հանուն կաթի, գեղձերի մեջ,
    Թեյ է բթել…
    Ու հացթուխը, թթխմորում
    Հոգին թաղել` կշեռք դրել.
    Խնդա՞ս, թե` լաս…


    ՍԿԶԲՈ՞ւՆՔԸ,   ԹԵ   ԿՅԱՆՔԸ

    Այրվել բոցի մեջ, պեծին տալ օդու՞մ,
    Թե դեմք ու թիկունք, ասբեստի նման,
    Պաղ ու անտարբեր բազմել օթյակում:
    Լինել բոցերու՞մ, թե` ասբեստ մնալ…
    Սկզբու՞նքն է թանկը, թե կյանքը միակ,
    Ա´յս է խնդիրը… 
    Մեկը հերոսինն է, մյուսն`ապրողներինս:

               
    ԱԴԱՄՆԵՐՆ   ու   ԵՎԱՆԵՐԸ

    Թափոր սևազգեստ խուլ ու համրերի,
    Նեռին խոնարհվող ծոռներ Կայենի,
    Հուդաներով լի անկատար աշխարհ,
    Ու այր մի Բարաբբա, զերծ պատրանքներից,
    Կոկորդ է պատռում.
    -Ադամներն ու Եվաները ինձ հետ կապ չունեն,
    Թող նրանք իրենց խնձորը ուտեն…
    Ցոփացած բարքե՜ր, աշխարհի տերե՜ր,
    Ճոխության սրահ դարձրած տաճարնե՜ր,
    Մեղքերդ քավող` մեղքերի տոպրակ,
    Խորանում բազմած խոստովանահա՜յր,
    Որն իր աղոթքում, հղած առ Աստված`
    Խո՜րը պահ տված,
    Կաշառքի մուրհա´կ ունի թաքցրած…
    -Ադամներն ու Եվաները ինձ հետ կապ չունեն,
    Ոչ էլ նավաշինարար Նոյն է իմ նախնին,
    Ո՞վ, ու՞ր, որտեղի՞ց… ինձ չի զբաղեցնում,
    Հիսուսին խաչող ամբոխինն է դա…
    Ինձ խաչի վրա մեխով չեն գամել,
    Բայց մեխերն ասես իմ միտքն են խրել
    Ու ես` պարզապես խելառ եմ դարձել:


    ԴՈւ  ՊԱՐՈւՄ  ԷԻՐ

    Դու պարում էիր ինքնամոռաց,
    Ու նայում ինձ սարսափած,
    Հեծկլտում էիր ցածրաձայն,
    Ասես երգն այդ, ցավում թրծված,
    Անչափ շատ էր ձգձգված…

    Դու լալիս էիր խելագարված,
    Ասես ես չէի կողքիդ կանգնած,
    Այլ քո սերը վաղուց անցած…



    ԱՆԿԱՄՈւԹՅՈւՆ

    Փլատակներին ցցեր եմ տնկել,
    Ջղերս կծկել, պարան եմ հյուսել,
    Սնից-սյուն կապել, հուշեր եմ կախել,
    Հատակին փռվել, մտքի մեջ ընկել…

    Հավատս բարակ, հատվելու վիճակ,
    Սիրտս բախում է, ահա´ քեզ հրաշք,
    Օղին պարպում եմ հավատքի դիմաց,
    Օրերս վատնում, մեղքերի քանակ…
     
    Փորձեցի Աստծուն յուրային դառնալ,
    Հոգու միջանցքով թաքուն մոտենալ,
    Նրա սիրաբույր հետքերին խնկալ,
    Քանի մոտեցա`, հույժ մոլորվեցա…

    Երբեմն օղու հատվելու պահին,
    Ուզում եմ վաղը քնից արթնանալ,
    Խաբվել եմ ուզում, որ քնիս միջին,
    Հաջողվեց դիպչել Տիրոջ հետքերին…


    ՄՈՌԱՑՈւՄ

    Մոռացումիդ մեջ մարմինս տձև,
    Մսագունդ եմ հեղհեղուկ…
    Հոգիս անկտուր, պատերից զրկված,
    Միսս նեխում է…
    Ճանճը ձվադրում…
    Որդերը խորքում տռփանք են ապրում…
    Ճանճի դեմ անզոր, տզզոց եմ լսում…

    Թե Տերն ինձ հիշե՜ր…
    - Տե´ր իմ,
    Հայացքիդ բոցերի միջին,
    Մի պահ ինձ այրի´ր,
    Հետո`… մոռացի´ր:


    Կ Ո Մ Ա

    …Վիրահատարան և ուսյալ բժիշկ…
    Նշտարը ձեռքին, լու՜րջ, գիտակ հերձող,
    Չափազանց ուշիմ ու ոսկեձեռիկ…

    …Եվ ուղեղիկս լայնակի կտրող,
    Ու սրվակներում դարս-դարս հավաքող,
    Այս ակնոցակիր, ուշիմ գիտակի
    Աղոտ հայացքում`
    Իսկի աչքեիր բիբն էլ չի շարժվում,
    Երբ իր նշտարով, որտեղից-որտեղ,
    Կոշտի է դիպչում…
    Ու մազանոթներիս խցանի պատճառ
    Մի փոշեհատիկ,
    Խորդ ու բորդերի անկանոն ձևով`,
    Մանրադիտակի թիրախ է դառնում…
    …Եվ հենց նա ուզի իր նշտարիկով,
    Մեջտեղից կիսել փոշեհատիկը,
    Կգոռամ. – Կա´նգ առ, այդտեղ`
    Դաջված է իմ ճակատագիրը…


    ԻՄՆ  ԵՆ  ԼԻՆԵԼՈւ
                                                               
    Օ՜, որքան եմ ես քո մատների,
    Հետքերը կրող գրքի էջերը,
    Համբուրել սիրով…

    Ու ես ժպտացել,
    Հույս եմ փայփայել.
    Ի´մն են լինելու,
    Քնքուշ մատներդ,
    Շիկնած այտերդ,
    Ու սիրող հոգիդ…


    Մ Ե Ն Ու Թ Յ Ու Ն

    Ափը կորցրած գետի նման,
    Լռությունը հոսեց տունս,
    Խորթ մենության ծանր գունդը
    Դանդաղ իջավ ուսերիս,
    Լուսինն, ինչպես թանաքաձուկ,
    Տարրալուծվեց երկնքում,
    Ու աչքերս լույսի սովոր,
    Մխրճվեցին խավարում…

    Խո՜րթ լռություն մուրճանման,
    Սիրտս էլ` զնդան ակամայից.
    Ժամը 03- ից,
    Մինչ երկնելը արևի,
    Խենթ զարկերին անկոչ հյուրի,
    Սի´րտ իմ, քի՜չ էլ դիմացի…


    Ց Ա Վ

    Երբ ցավը դառնում է խաչ-բեռ,
    Ուսերս տկար, կամքս ամուր է,
    Մարմինս տենչում է դադար,
    Երկինքը լուռ, համբերատար է…

    Երբ ցավը տրիող-տևական է,
    Դիմադրելն արդեն սովորույթ է,
    Թե մահն ընկալվում է նոր սկիզբ,
    Հակաստվածն արդեն անզոր է…

    Երբ ցավը համառ-տևական է,
    Հայացքս այնտեղ, երկնքում է…
    Աղոթք հիշելու զուր փորձ եմ անում,
    Սիրտս` պարզամիտ,
    Աստծուն է փնտրում…


    ԱՎԵԼՈՐԴ    ՊԱՏՎԻՐԱՆԸ

    Սերը կրքին խառնվել, ծանր թնջուկ է դարձել,
    Վերածվել է քաղցր ստի, ականջ մաշող ասելիքի,
    Առանց արև թերհաս մրգի, խոշոր ու խակ մի ցոգոլի:

    Թե մարդ սիրեր ըստ պատշաճի,
    Ու սիրողն էլ չկարմրեր սեր ծորալուց`
    Դու´րս կմղեր «Սեր»-ն իր խոսքից,
    Այն խրատը պատվիրանից,
    Որ բխում է «Սեր» արմատից ու կմնար`
    …Բա՜ն չէր մնա:
    Գուցե միայն, մարդ սիրածին,
    Համատարած սիրածներից տարբերակող`
    Բա՜ռ հորիներ.
    - «Հարազատս, ատու՜մ եմ քեզ»  նուրբ շշնջար
    Ու պատասխան ատելության`
    Խոստովանանք ակնկալեր…


    Զ Տ Ու Մ

    Աստված դրել` մեծ անցքերով մաղով մաղում,
    Մաղի մաշված, բացված անցքն էլ չի նորոգում:
    Ցավից կքված, փառքից փքված, կուշտ ու սոված,
    Ահել, ջահել, բախտ ու անբախտ վեր-վեր նետում,
    Թափահարում, դափին խփում` ծափ է տալիս…
    Երկրագունդն էլ`- դափ երիզված, բանտ մի կլոր,
    Մաղ է դարձել Նրա ձեռքին մեծ անցքերով…
    Ա ՜խ, գեթ մեկ մարդ մնար մաղի խոշոր անցքին:


    Ու  ԽԵՆԹԱՑԱ

    Ինչպես մեղքի այս ծովում, ապականված իմ մարմնում,
    Ուր ցավ, մրմուռն է տիրում, - այնտեղ, եթեր վիճակում,
    Վարագույրի ետևում, - մի՞թե նույն սիրտն է տրված,
    Ու տառապանք կա դրված, մի՞թե նույն բախտն է նետված,
    Ու տարաբախտ կա հոգնած, արդյո՞ք նյարդեր կան մաշված,
    Կամ մատաղ կյանք խորտակված:
     
    Ունայն ու սին աշխարհի, հյուսած ցանց ու կապանքից,
    Ազատվելը փրկությու՞ն է, խենթանալը միակ ե՞լքն է:
    Ու` խենթացա´…
    Խորտակելով սրտիս ուզած բանն անելու արգելքները,
    Շրջանցելով մարդու կարգած, ինձ խանգարող կանոնները,
    Անտեսելով համբերելու հորդորները…

    Ու ցնորքի մեջ, պատրանքում, մարմնիցս դուրս տարերքում,
    Այս ներդաշնակ եթերում, ուր հիմա միտքս է ճեմում`
    Հոգիս հարցախեղդ է լինում. -
    Մե՞ղք էի գործել նախկինում, որ հայտնվել էի այն մարմնում,
    Ուր փորձության էի ենթարկվում… Պատժվել ու հեռացվե՞լ էի,
    Որ ծնվել էի տիրույթում, ուր տրոհումն էր իշխում…

    Առաջ` նախքան խենթանալս, համբերող ու հանճարեղ էի,
    Երազի տեր ու անմեղ էի, հակադրության լուռ կրողն էի…
    Թվում էր, թե` խոսքը բավ է, որ գունագեղ շարադրանքով,
    Կյանք պատմվի թեթև ճիգով, մրրիկ հանվի վրձնի խաղով,
    Հոգի դյութվի չքնաղ ձայնով…
    Լոկ խենթացա, նոր հասկացա. - խոսքը բա´վ չէ,
    Վրձնախաղն ու ներկը քի´չ են, մեղեդին ու նոտան ա´յն չեն,
    Այս եռյակի շաղախն է պետք, առանց որի, քանի խենթ չէի`
    Խզված սրտով գլխիկոր էի, ընկճված հոգով թևաթափ էի,
    Պարզամիտ ու կողոպտված էի, ուզեի-չուզեի`փորձադաշտ էի:

    Վարագույրի ետևում, դեռ նույն հարցերն են խեղդում,
    Պատժվե՞լ էի, հեռացվե՞լ էի, որ ծնվել էի տիրույթում,
    Ուր տրոհումն էր տիրում…
    Դեռ ճեմում եմ ցնորքում, մարմնիցս դուրս տարերքում,
    Այստեղ եռյակ դաշինք է ու ներդաշնակն է իշխում…


    ԹԵ  ՃՐԱԳ  ՎԱՌՎԻ

    Լույսի դեմ հազար խավար էլ չռվի,
    Մինչև իր ժամին տեղը չզիջի`
    Մութը չի´ տիրի...

    Խավարի սրտում, թե ճրագ վառվի,
    Տիեզերքից դուրս աչքն էլ կտեսնի…

                             
     ԽԵԼԱՌ ՊԱՐՍԸ

    Կոկոնները տռզել են,
    Փեթակները բացվել են,
    Հենց ծաղիկը երևա`
    Մեղուն վրան կդողա,
    Բույրից խելքը կգնա,
    Խելառ պարսը կզնգա…

             
    ԾՈՑԴ ԼՑՐԵՑԻ

    Ձեռքս երկարի, աստղ բռնեցի,
    Դեմքիդ մոտեցրի, քեզ սեր ծորացի,
    Խարույկ վառեցի, կասկածդ ցրի,
    Թիկնոցս հանի, ուսերիդ գցի,
    Հեքիաթս պատմի, քունդ հսկեցի...

    Մինչև լուսացավ` երկինքը սրբի,
    Աստղերը հավքի, ծոցդ լցրեցի...


    ՈՐ ԱՂԲԱՄԱՆ ԾԱՌԱՅԻ

    Միտքս վրձին սարքեցի,
    Ծիր Կաթինում թաթխեցի,
    Շերեփի պես խառնեցի,
    Հարդագողը նշեցի,
    Տեղ-տեղ անցքեր բացեցի,
    Սև խոռոչներ թողեցի,
    Որ աղբաման ծառայի,
    Հոգուն մերժած չոր նյութի...


    ԱԶԱՏՈւԹՅԱՆ  ԳԻՆԸ

    Սոսկ աղվեսն է թաթը կրծում,
    Երբ թակարդում է հայտնվում.
    Ազատություն կամ երեք թաթ,
    Սա´ է վճռում, երբ ոսկորն է
    Յուր երախում ղրթղրթացնում...

    Մի թաթ թողած նենգ թակարդում
    Ու երեքթաթ հեռանալով`
    Չի´ ափսոսում չորորդ թաթը,
    Ազատության իր գրա´վը...


    Ե՞ՐԲ...

    Ինչպես սառույց, ջուր, գոլորշի,
    Տարրը ունի երեք վիճակ,
    Այդպես ոգին մեր անցյալի,
    Ամպ է եթեր մեր գլխից վեր...

    Մի օր, որպես ծանր կաթիլ,
    Անձրևի պես, ե՞րբ կթափվի,
    Որ հալեցնի հետնորդներիս,
    Սառույցի պես պաղած սրտեր:


    ԿԵՍՍ  ԳԺՎԵԼ  Է                      

    Արարիչ խռով, ապավեն կորսված,
    Մարմինս բերված զոհաբերության`
    Լեռ եմ բարձրացել, հաշտության եկած.
    -Հերի´ք հալածեն չարքերը կատղած,
    Թևերս կոտրին, մեջքս է կորված…
    Ու կեսս գժված`
    Անդունդի գլխին վերջին շունչ քաշեմ,
    Բացված վերքերս երախում թաթխեմ,
    Ձնհալքից բխող աղբյուրը ներկեմ,
    Ջրերին խառնված, դաշտերը հոսեմ,
    Այրվելու պատրաստ մի կակաչ գտնեմ,
    Ցողունով ելնեմ, կոկոնին հասնեմ.
    Կոկոնի ճեղքից արևին նայեմ,
    Պլշած աչքերիս բբերը այրեմ…
    Գժվե´լ եմ… Գիտե´մ…
    -Դեռ խռովա՞ծ ես, Արարիչ զորեղ,
    Էլի ի՞նչ անեմ:


    ԶԱՐԹՆԻՐ  ԱՐՈՐԴԻՔ

    Հալոցքից առաջ փետրվար է գորշ,
    Տարիներ տևած արջաքունն անցավ,
    Հույսեր կան նորոգ...
    Ետևում վի՜շտ կա, դաս տված խարան,
    Առջևում դարն է զարթնող հայության:

    Ու՞ր ես, արթնացու´մ, թմբիրդ անցավ,
    Գոց չեն աչքերդ, գործում է միտքդ,
    Հոգիս տենչում է. -  արթնացում ու՞ր ես:


    ՁԿՆՈՐՍՆ  ու  ՓԻԼԻՍՈՓԱՆ

    Թրթռացող լապտերներ ու մակույկներ.
    Ափը լի է ողջ երկայնքով,
    Ծովագյուղցի ձկնորսներով…
    Երեկոյան աղջամուղջում,
    Ողջ Սևանը –
    Մարգարիտ է ուլունքաշար ուռկաններում:

    Տաք ավազին ցփնված են,
     Տապից փախած քեֆչիների վրանները…
    Դատարկ շշեր, հարբեցողներ, սիրահարներ:

    Հեռվում նստած ծովագյուղցի մի պատանի,
    Սփռոցին աղ, հաց ու օղի,
    Նրբահամ ձուկ է շամփուրից պոկում…
    Ու մակույկի պես, ափում պարուրած,
    Հավեսով փչում, ասես`
    Համընթաց քամուն է հանձնում…
    Ու ճակատագրի դեմքին խնդալով,
    Իշխանաձկից պատառ է կծում…

    Ձկան աչքերը, եփված, խորովված,
    Ասես ժպտում են ի խորոց սրտի…
    Շուրթերն էլ, ասես համբույր են տենչում,
    Ծովում զույգի հետ խայտալու պահին…

    Հեռվում մեկն էլ կա, միայնակ նստած.
    Գարեջուր գրկած փիլիսոփա է…
    Կոնծում է, կոնծում թախծոտ, լալագին,
    Քիթը վեր տնկած, դեպի աստղերին,
    Ու մեղադրում է անհուն երկնքին.
    -Ինչու՞ չէր սերն իրեն հավատարիմ...


    ՕՆ  ՀԱՌԱ´Ջ

    Իղձդ լուսատու ուղենիշ մթնում,
    Թող լինի անսանձ, նժու՜յգ մի վայրի,
    Թե կամքդ մաշվի, հատելու վիճակ,
    Հետևիր գժված մի մեղվի անդուլ,
    Ու համառությամբ, մթագնած ցլի`
    Օրներս բարի, հառա´ջ աննահանջ,
    Դեպ լուսատու իղձդ աստղացած...


    ԼՈւՅՍ ԿԿԱԹԱ

    Մեկ հառնում ես բանաձևված,
    Հույսով լցված, համախմբված,
    Մեկ կոտորվում կոտորակված,
    Ինքդ քո մեջ - երկպառակտված...
    Հայ լինելուն դատապարտված`
    Երազ ունես խոր պահ տված,
    Թե արմատիդ մնաս կառչած,
    Լույս կկաթա ճամփիդ խամրած...

                   
    ԵՓԱԾ ԱՐԵՎՆԵՐ

    Բակում ծորակ բացեցի,
    Թողի, որ գոգը լցվի...
    Մի փեշ շլոր քաղեցի,
    Սառը ջրում շրջեցի,
    Հենց պռունկին նստեցի,
    Ոտքերս ջուրն իջեցրի...
    Շլորները բռնացրի,
    Հերթով բերանս նետի,
    Պաղ կեղևը ծակեցի,
    Տաք միջուկը պայթեցրի,
    Արև-արև կուլ տվի…


    ԴՈւ  ԲՈՑ  Ու  ՀՈւՐԻԿ

    Մտքերս քո շուրջ, դու կոկոն վարդիկ,
    Թերթերիդ շաղված` ես կաթիլ, ցողիկ...
    Ծովակում սրտիս, դու իշխան ձկնիկ,
    Իրանիդ վրա` ես խալ ու պուտիկ...
    Էրվող իմ հոգում դու բոց ու հուրիկ,
    Թոնրիդ շուրթերին`ես էփվող հացիկ...


    ՈՐՁԱԿ ՂՈւՇՍ ԽԵԼՌԵԼ Է

    Մասրենու պես ծաղկել ես,
    Քիթ մոտեցնեմ`զուտ փուշ ես,
    Փշատի պես համովն ես,
    Քիմքս տանեմ`խեղդում ես…

    Որձակ ղուշս խելռել է,
    Աղունիկս գեժռել է…

    Մարգս ջրիդ կարոտ է,
    Հերըդ աղբրին պահակ է,
    Ջուր եմ ուզում`բշտու´մ է,
    Դեռ ասում են.
    - «Լա ՜վ մարդ է»:

    Հորըդ թույլ տեղ գիտցողը`
    Ինձ հավանող մերըդ է.
     -Կսեմ`խոխեն վատը չի,
    Տե´ս, աղջկադ չփախցնի,
    Քարը փեշիցդ թափի´,
    Բշտելու տեղ`բարըշի…

    ԾԱՐԱՎ

    Ես գինու կարաս,
    Դու միջին մաճառ,
    Բայց հոգիս պապակ,
    Ու սիրտս ծարավ,
    Հանց նավաբեկյալ,
    Ծով ջրի վրա...

    Ե՞րբ է փրփուրդ,
    Իրեն հատելու,
    Ե՞րբ է մաճառդ,
    Գինի դառնալու...

    ՈւՂԵԿՑԵԼՈւ  ԵՍ  ԻՆՁ

    Այսօր հագիր ամենաթեթև շրջազգեստդ,
    Ժպիտդ փորձիր հայելու առջև,
    Ծնողներիդ ասա, որ շատ կուշանաս,
    Որ ուղեկցելու ես ինձ, դեպի հեռուներ,
    Որ արծվի թևերով երկինք պիտ գնանք,
    Դոշներս քսած աշխարհի մեջքին,
    Հանդարտ պիտ սահենք վեհի տիրույթում,
    Հետո սիրահար կետաձուկ դարձած,
    Օվկիանի ջուրն ենք լողով չափելու,
    Տափաստաններում սալքարի բազմած,
    Որպես տիրակալ, երկու առյուծներ,
    Այրվող հորիզոններն ենք վայելելու...

    ԴՈւ  ԽՆԴԱ

    Ես թթենի, դու չարսաբ,
    Բարըս` քեզ անու՜շ լինի,
    Շիրես շուրթիցդ ծորա,
    Դու ժպտերես, գոհ խնդա…
    Սաղարթներիս ինչ մնա`
    Քամին կտուրի´դ թափ տա,
    Արևն արդար չորացնի`
    Մառանըդ չրո՜վս լցվի…

    Գարուն տակը ինչ մնա`
    Օղի թորելն ի´նձ վրա…


    ՍՐԲԱՑԵԼ Է ՄԱՅՐՍ

    Տարիքը առել,
    Մայրս սրբացել,
    Կողքիս է նստել...
    Բերանս դեռ փակ,
    Մտքով էլ ուզեմ`
    Կորված կկանգնի,
    Ծառաս է մնացել...

    Գլուխս նրա ծնկին եմ դնում,
    Թե ծունկն էլ ցավի,
    Մեկ է, հոգատար -
    Քունքս կշոյի:
                                07.03.2013թ.

    ԵՍ  ՏԵՍՔԻԴ   ԳԵՐԻ

    Իրանդ ճկույթ, դու սոճու նման,
    Բնախույզս ապշած քո տեսքի առաջ,
    Դու ճերմակ մի թուղթ, չգրված պոեմ,
    Մաքրությանդ դեմ ես պոետ շիվար,
    Սլացքդ անսանձ, դու մուստանգ վայրի,
    Մտրակս անզոր, ես տեսքիդ գերի...

     ՔԱՐ  ՈԻՍԻՍ

    Ծո՜վ քարախեղդոց...
    Քարակուտակի կենտրոնում ընկած,
    Մեջքս հողմահար, քարաքոսապատ,
    Թեքված եմ կողի...

    Ոչ ոք չի դիպչել քարե իրանիս,
    Ոչ մի նախամարդ կամ մոլոր ճամփորդ,
    Ոչ մի ոտնահետք կամ հոգնած հետույք,
    Ոչ ոք չի´ դիպչել քարե իրանիս...

    Լոկ բազեներն են թառել քար ուսիս
    Ու մեջքս չանկռել ճախրելուց առաջ:


    ՀԱԼՎԻ´Ր   ՎԵՐՋԱՊԵՍ

    Անդունդի վրա դու ձգված ճոպան,
    Ես լարախաղաց, մի գիժ փահլեվան.
    -Ճոճես`կվիժեմ, պահես`դեռ կապրեմ...
    Դու անվերջ փախնող, ծիկրակող այծյամ,
    Որսորդս համառ, հետքերիդ ծնկած.
    -Ա՜խ, թող մոտենամ...
    Անհաղորդ այսբերգ, դու սառցե մի լեռ,
    Ես արևի շիթ, պաղ սրտեր խտտող.
    -Հալվի´ր վերջապես...


    ԱՎԱՂ

    Լապտերին խաչված թիթեռի նման,
    Ինքնասպան, անկամ փարվել եմ կրծքիդ:

    Արցունքդ հրշեջ, էլ մեզ չի փրկի,
    Թևերս մոխիր, էլ չեն նորոգվի...

    Մեր բախտը ավաղ, իրար չխաչվեց,
    Դու այս աշխարհից, պերճանքի գերի,
    Ես աստղից իջած, միշտ հյուր մնացի...


    ՆԵՆԳ   ԴԱՇԻՆՔ

    Մոլորակների հանդեպ դիրքս փոխեցի,
    Ճակատագրին խաբել փորձեցի.
    Լեզուն կախ գցած, փրփուրը բերնին,
    Ետևս ընկած, նորից ինձ գտավ...

    Փորձեցի փակել ճամփեքը ցավի.
    Պարիսպ շարեցի ու ամրոց մտա,
    Ալիքը եկավ, ծառացավ սրտիս...

    Հիմա`հաշտված ու դաշինք կնքած,
    Ցավի մրմուռը, ինձ նետված բախտը,
    Օրս ավետում, ծոցս է քնում...


    ՎԱՏՆԵՑԻՆՔ...

    Անձկության ափին, տաղտուկ ու տարտամ,
    Սպասումով անցավ կյանքներս խաթար,
    Տենչալով իրար, ապրեցինք զատ-զատ,
    Ես մի ցուլ համառ,
    Դու այծ կամակոր,
    Ես իմ տիրույթում,
    Դու քո ծերպերում:


    ՏԱԳՆԱՊ

    Ջրվեժի նման աղմուկով`
    Մազերդ թափվում են դեմքիս,
    Քարերին զարկվող ջրերի նման`
    Խոսքերդ արձագանքում են մեջս:
    Գնդված մի տագնապ`
    Հովազի նման, 
    Ամուր կառչել է բբիդ փեշերից,
    Աշնան տռուզ ամպի նման`
    Հարց է ծանրացել շուրթերիդ վրա…
    Ի՞նչ պատասխանեմ,
    «Ինչ եղավ» հարցիդ,
    Ի՜նքս էլ չգիտեմ, ի՞նչ եղավ, ինչու՞…
    Լուռ եմ ու մոլոր:
    Բառեր եմ պեղում,
    Տագնապդ վանող խոսքեր եմ փնտրում,
    Լոկ մատներս են աննկատ դողում,
    Թաղված ջրերում ջրվեժ մազերիդ:


    Ո՞ՆՑ  ԱՆԵՄ

    Ջահելների մրցույթում`
    Տաղ ասելիս - պարտվեցի,
    Կոխ կպնելիս - հաղթեցի,
    Պարտվելուցս - խնդացիր,
    Հաղթելուցս - շրջվեցիր,
    Սերդ ծածուկ պահեցիր...

    Քեզ հետ ինչպե՞ս ես վարվեմ.
    Ելնեմ` սարերում երգեմ,
    Արջ պատահի - կոխ բռնեմ,
    Կուրծքս պատռած ետ դառնամ,
    Գուցե` - վերքս համբուրես,
    Ու արտասվելդ տեսնեմ...


    ՊԱՏՐԱՆՔ

    Մտքի ծալքերում մեր ուղեղների,
    Մենք ենք շարադրել կարգը աշխարհի.
    Մեզանից բացի, ուրիշներ չկան,
    Ուրիշի գլխում տեսիլքներ չկան,
    Արև ու լեռներ, մլակներ, ծովեր,
    Անցյալ ու ներկա, և մահը պսակ,
    Պատրանքն այս նրբին մենք ենք հորինել,
    Մենք ենք լույս տվել ուրիշի աչքին,
    Ներշնչել հավատք հեքիաթի մասին,
    Իբր`հաղթում է բարին նենգ չարին,
    Ու տառապանքը վարձք է մեղքերին...
    Մեզանից բացի, թե ուրիշդ կաս`
    Շարադրիր նոր կարգ ուղեղիդ ծալքում:

    ԼԱ՞Վ  է,  ԹԵ` ՎԱՏ  Է

    Արտը ծարավ է, երկինքն ամպել է,
    Կոկոնը պայթել, կակաչ բացվել է,
    Նախիրը հոգնել, լանջին գամել է,
    Զատիկը պրկվել, մեջքն արևինն է,
    Մրջյունքը շարվել, ժիր հոսքի մեջ է,
    Հայացքս սառել, միտքս հեռվում է,
    Գարունը եռում, սիրտս դեռ խուփ է,
    Լա՞վ է, թե` վատ է...


    ՄԱՐԴՈւ   ՏԵՍԱԿՆԵՐ

    Լավ գինին մի օր քացախ է դառնում,
    Էլի սեղանիդ ծառա է մնում,
    Բայց քացախն ինչքան ջանք էլ որ թափի,
    Երբե´ք պիտանի գինու չի փոխվի...


    ԱՆԽԻՂՃԴ

    Ջրվեժի շիթը ուսերս կոտրեց,
    Փշուր մարմինս ջրերին խառնեց,
    Մշուրս գնաց, հողում ներծծվեց,
    Տնքոցս խորքում սերմիկի փոխվեց,
    Բեռը թոթափեց, արևին ձգվեց,
    Վարդիկս բացվեց ու անուշ բուրեց…

    Անխիղճդ պոկեց, ծաղկաման դրեց,
    Երեք օր հետո – աղբաման նետեց…


    ՄԻ  ՃԻԳ

    Ի՜նչ խաղաղ էր աշխարհը մարում,
    Արնոտ երախում քաղցած հովազի.
    Մի վերջին բառաչ ու աչքեր հաշտված,
    Նահանջի մեջ էր երկինքն ամպամած:

    Քարայծին հեռվից զույգն էր հետևում,
    Ակամա բերնի խոտը որոճում…

    Հուսահատ մի ճիգ, սմբակով տրճիկ,
    Հարվածից շշմած հովազն ընկրկեց.
    Թեթև կաղալով քարայծը ոստնեց,
    Աշխարհը նորից գույներով լցվեց…


    ՊԱՀՄՏՈՑԻ

    Իմաստը սկզբում ձայնազուրկ արվեց,
    Հետո նոր`մարդուն ականջներ տրվեց,
    Երբ հերթը հասավ տեսնող աչքերին,
    Իմաստը դրվեց ֆոկուսից անդին…

    Երբ գոռոզ միտքը ոտք դրեց լուսնին,
    Խուճապի մատնված իմաստը փույթով`
    Թաղվեց մարդու մեջ, մութ կեսում նրա:


    ՆՌԵՆԻՍ

    Այգիս զարթնել է, ծառերն են պրկվել,
    Սակայն նռենիս դեռ քուն է մտած,
    Տեսնես ձմեռը ո՞նց է անցկացրել…

    Չորուկի կույտը մոտիկ եմ բերում,
    Ու լուցկու բոցը հույսով մոտեցնում,
    Կծվահամ ծուխը նուռս պարուրում,
    Օգտակար ջերմով կյանքի է կոչում:

    Քաղցրահամ բերքը աշունը քաղեմ,
    Նռան գինիով կենացդ խմեմ…


    ՍԱՐՍՈւՌ

    Ո՜նց եմ սարսռում -
    Լքված մայրերի տրտում աչքերից,
    Քաղցած մանուկի անվերջ նվվոցից…

    Ո՜նց եմ հասկանում -
    Ճգնավոր դարձած անապատականներին,
    Պայքարից հոգնած, թևաթափ եղած,
    Իր զորքից լքված զորավարներին,
    Այլ աշխարհ կերտած,
    Այնտեղ պարփակված,
    Բոլորից մերժված խելագարներին…


    ԽԻԶԱԽԻՐ

    Ներսդ պառակտող,
    Մութ ուժի աղբյուր,
    Քեզ հլու պահող հրեշի մռթին`
    Մի օր խիզախիր ապտակել ուժգին…

    Կապանքը քանդիր թռիչքդ սաստող,
    Գլխիցդ բարձր, քեզնից վե՜ր թռիր,
    Ելի´ր, միացիր կործանիչ ժաժքին,
    Երկնքի ցասում, որոտը դարձիր,
    Շանթ ու կայծակի մտրակը դարձիր,
    Զայրույթդ խառնիր ալեկոծ ծովին,
    Զարկիր ափամերձ բիրտ ժայռի դեմքին,
    Պտույտը դարձիր խենթ մրրիկների,
    Ախոռն այդ հրեշի - ավլի´ր ու ջնջի´ր…


    ԱՆԴՈւԼ   ՇԱՐԺՈւՄ

    Տերևաթափի գորգը գունատվել,
    Անշուք ծածկույթի է վերածվել,
    Նախաճաշով են բոլորը տարված.
    Մրջեմն ու որդը անդուլ ջանացել,
    Գորգը ծվատել, հողին են խառնել...

    Սրված ունկերս շրշյուն են որսում.
    Տերևաշերտի տակ օձ է սողոսկում…
    Մինչ դաշտամուկը որդ է խփշտրում,
    Դժնդակ օձն է նրան կլանում…
    Քիչ հեռվում, հապճեպ`
    Աղվեսն էլ օձի ձվերն է խժռում…


    ԴԱՏԱՓԵՏՈւՄ

    Բեկված, կախգլուխ, ծնկած խոկումի,
    Թափառող մտքով - սրտիցս երկինք,
    Ներհայեցողության թիրախ իմ հոգում,
    Իմաստներ մեկնող խորհուրդ եմ փնտրում.
    Ինչու՞ մրսածին արևը փրկում,
    Բայց կործանում է ծարավ ճամփորդին,
    Ինչու՞ հիվանդս հույսով տոգորվի,
    Թե կյանքը մահով պիտի ավարտվի,
    Ինչու՞ կենդանին, որպիսին մարդն է,
    Սիրտ ունի կակուղ, այլ ոչ թե բյուրեղ...
    Խորախորհուրդ խոկու՜մ…
    Իմաստնե՜ր գաղտնի…
    Վե´ր կաց, վե´ր, մի´ դատափետվիր,
    Գնա´,  քո բաժին կյանքը վայելիր:


    ԽՈՐՈՎՈւՄ

    Մոխիրս քո մեջ, բոցդ իմ սրտում,
    Խորովվող սիրտս անդուլ ցավերում…
    Քո ջերմությունից ես ձնհալքի մեջ,
    Դու հալոցքիս մեջ ծիկրակող ծաղիկ,
    Խուփ խեցիս ընկած ծովի հատակում,
    Դու մի մարգարիտ, պարփակված խեցում,
    Ես բնախույզի փափագած բլրակ,
    Դու ոսկու երակ, մեջս պահ մտած,
    Ես պարզկա երկինք, մի անհուն կտավ,
    Դու բույլ աստղերի, դեմքիս շաղ տրված…


    ՄԱՐՄԻՆՍ

    Երբ տիեզերքն եմ մտովի սեղմում,
    Բերում, հասցնում մարմնիս չափսերին`
    Աստղերը համակ, իմ երիկամում`
    Ավա՜զ են դառնում…

    Իսկ, երբ մարմինս եմ ընդարձակում,
    Տիեզերական անհունին հասցնում`
    Երկու կեսերս են դեմ առ դեմ հառնում,
    Լույսն ու խավարն են առճակատվում…


    ԹՈՂ  ՈՐ…

    Երբ խնձորենիս շիկնած խոնարհվի,
    Թոնրածուխը թող երկինքը պատի,
    Հարսս տղայիս գրկումը հալվի,
    Քոքս հաստացնի, ինձ թոռ պարգևի…

    Երբ թոռս ծնվի, էլ կռիվ չէղնի,
    Թող որ թշնամուս սիրտն էլ կակըղի,
    Հաշտության գոտի, ծիածան կապվի,
    Թող նրա տանն էլ հարսանիք էղնի…


    ՀԻՇՈՂՈւԹՅԱՆ   ՄԱՌԱՆՆԵՐԸ

    Գուրգուրեցինք երազանքը, թագադրեցինք,
    Հետո սուզված հոգսերի մեջ մարմնավորի,
    Նրան թաղինք մշուշներում հիշողության մառանների…

    Փոշու շերտը ժամանակի, դարը  դարին`
    Բայց սրտերում, դեռ շարունակ արյան գերի,
    Պաշարել ենք մշուշապատ մառանները մեր հուշերի…



    ԿԱՊԿԱՅԻՆ   ՈւՂԵՂ

    Երբ տիեզերական ճամփորդը մեծգանգ,
    Կլոնավորեց նեանդերթալցուն,
    Մազաթափ եղած կապիկը նրան`
    Աստված անվանեց…

    Կիսաստված դարձած կիսավայրենուն`
    Այլ բան չմնաց,
    Քան մոգոնելը խնդալու վարկած.
    Կավից կերտվելը…
    Նոյի տապանով սարին թառելը…
    Արարիչ տանջել, խաչին գամելը…

    Սփոփանք… մեր միջի փրչոտ կապիկին,
    Ի փառս` նրա պարզամիտ կեսին:
    Կապկայի՜ն ուղեղ…


    ԶՈՀԱԲԵՐՈւԹՅՈւՆ

    Մեծ նպատակի իրագործումը,
    Ափսոս ու ցավոք,
    Կյանքից երկար է,
    Նվիրումն անշուշտ,
    Զոհաբերում է:

    Երկար ու անհոգ դիտորդն է ապրում,
    Հիմարն է միայն ինքնագոհ ժպտում…

    Ու զոհաբերվու՜մ ենք,
    Հանուն այդ հիմար, անհոգ դիտորդի,
    Մեկս քսակով,
    Մյուսս իր կյանքով…


    ՀՈԳՍԵՐԻ   ԾՈՎՈւՄ

    Սուրճդ խմեցի՞ր…
    Դե վերջույթներիցդ անցյալը կախած`
    Առօրյա հոգսի ծովը քեզ նետիր:

    Առաջանալիս դեմդ խութեր են,
    Գայթակղիչը խաբում,
    Ծածուկ գործում է.
    Առջևի ափին փայլք ու փրկություն է,
    Խեղդվածի ճիչը օդում կախված է,
    Սուզվելուդ ահը հետաձգված է…

    Թիկունքում անթիվ սայթաքումներ են,
    Հիշողությանդ մեջ չարքաշի փորձն է,
    Աջդ կոշտուկից դեռ մրմռում է…
    Ձեռքբերածդ` սոսկ, համբերությունն է:

         
    ԵՐԿՄՏԱՆՔ

    Լճի երեսին,
    Երկմտանքի մեջ,
    Արտացոլվելով,
    Լուսինը կոտրած,
    Հազարկես եղած,
    Ճողփյունին տրված,
    Տարուբերվում էր…

    Երբ ես ինձ տեսա,
    Արցունքներիդ մեջ,
    Արտացոլվելով,
    Կոտրած լուսնի պես,
    Հազարկես եղա…


    ԵՐԱԶԱՆՔՆԵՐ

    Մի փոքրիկ վրան,
    Ծափ տվող կրակ,
    Քաղցած զրույցներ:

    Եփվող ձկների
    Կտրած գլուխներ,
    Բներից թռած,
    Դուրս ընկած աչքեր,
    Ժպիտներ սառած…

    Խելահեղ համբույր,
    Հոշոտվող շուրթեր,
    Հագեցում անհագ,
    Լեզուներ դաղված,
    Ու`… երազանքներ:


    ԱԲՍՈւՐԴ

    Ինչպե՜ս խաղաղվել նյութի ճիրանում,
    Ցանկությունների մսե զնդանում,
    Երբ հոգին պոկվել, թռիչք է ուզում,
    Իսկ վերծանումը բոլոր հարցերի`
    Եթերում անկախ, ազատ է ճեմում…

    Ինչպե՞ս ենթարկել մարմինը հոգուն,
    Երբ խլացնելով հարակից հղում`
    Դռնապահ շան պես մշտարթուն,
    Ստամոքսն է անդուլ, քաղցած գռմռում…

    Ու շարունակու՜մ ենք ողջ հոգով տենչալ.
    Ամեն օր յուղոտ աշխարհը շալկել,
    Բերել, խնամքով սառնարան խցկել…


    ՆԵՐՔԻՆ    ԺԱՄԱՑՈւՅՑ

    Հաջորդ ալիքից ես կխուսափեմ,
    Զարթուցիչս ինձ քնից կարթնացնի,
    Երազում խեղդվելս կիսատ կթողնի.
    Հայելու դիմաց փողկապ կկապեմ,
    Սուրճից կում կանեմ, ու…
    Աչքի պոչով նասկիս կփնտրեմ:

    Բայց զարթուցիչս լրիվ խլացել,
    Մեռած մարտկոցով անպետք է դարձել,
    Ծովն ահա փքվել, ալիք է դարձել,
    Հարցականի պես գլխիս է կախվել.
    -Ինքդ կարթնանա՞ս, թե`ցնցուղ է պետք,
    Կյանքդ ապրելու՞, թե`կործանեմ քեզ…


    ՊԱՏՄԱԿԱՆ   ԷՔՍԿՈւՐՍ

    Երբ խաչի վրա, ճամփաբաժնում,
    Չորս դին ցույց տվող խաչմերուկում,
    Պարզամիտս հույժ մոլորվեցավ`
    Ստվերս,
    Փոխանակ ինձ հետևելու`
    Քթիցս բռնած դարձավ առաջնորդ…
    Մինչդեռ թիկունքից կուրացնող լույսը,
    Արեվի գունդը,
    Մեջքիցս հրում, ստվերս ձգում`
    Ավա՜ղ,
    Հիշողությունս է քիթս մտցնում…


    ՀՈԳՆԱԾ    ԻՂՁԵՐԻՆ…

    Երամակ խրտնած, վրնջյուն վայրի,
    Փրփուր կուտակած երախներ ճերմակ…
    Արևի գունդը ամոթից շիկնել,
    Շարունակում է նժույգներ շամփրել…
    Ոլորանի վրա,
    Հոգնած իղձերին փաղաքշել է պետք,
    Թիկունքով շրջվել,
    Երկնքին նայել ու նոր`
    Գնդակահարել…


    ԱՐԴԵՆ…

    Մեկն արդեն ապրել,
    Պեգասը սանձել,
    Չափածո տողի ողջ բնամթերքը
    Բառարաններից պեղել ու գտել,
    Շեշտակի խոսքի իր արբալետով
    Աշխարհի բոլոր հավքերին զարկել,
    Պարսատիկավոր տողերի առաջ
    Տաղաչափության ձողափայտ տնկել`
    Պառնասում բազմել ու…
    Բառախաղի դատավոր է դարձել:


    ՀԱՐԲԱԾ   ԽՈՀԵՐ

    Լռության հարթակ…
    Փաստաբան ծախու…
    Ճշմարիտ վկան`մարդկության խի՜ղճն է:

    Անցավ սիրտ չկա,
    Այլևս ճերմակ, մաքուր ձյուն չկա…

    Պաշտելի կուռքը անապատներում`
    Երկար ստվերներն են աղջամուղջներում:

    Արյունով փաստված,
    Թանաքով գծված թռիչքի ծիրը,
    Իմաստուն միտքն է թղթե թևերով…

    Շիրիմ դեպ Երկինք մաքսակետերում`
    Նույնիսկ «օղորմին» սահման չի հատում:


    ԱՆԱՎԱՐՏ    ՀԵՔԻԱԹ

    Ժուկով, ժամանակով`
    Քաոսի ու խավարի ծոցում.
    Ցա´վն էր ի սկզբանե...
    Ու ցավը հոգու մեջ ճեղքված ատոմն էր,
    Տքնող բաղադրիչը գեներատորում...
    Ու անխափան էր լույսն արտադրվում...
    Ու քանի դեռ ցավազրկիչ հիմարությունը
    Չէր հոսանքազրկում շղթայի լարվածությունը`
    Գոյը ցավում էր,
    Մահը տանում էր,
    Ու կյանքը տևում էր...


    ԿԱՆՉ

    Հող ու քար անխառն…
    Մինչ` հորջորջվելդ հանքանյութ…
    Երկնաքերի իմ բնակարանից,
    Թռնել եմ ուզում քո պաղ երեսին,
    Շնչելու համար այտերդ բուսնած,
    Որպեսզի ձուլվեմ հողե տարերքիդ
    Ու մեջքդ… հոգիս…
    Որ հեռու լինենք չանկռող ճանկերից,
    Քաղաքակրթության թելադրող կարգից:


    ՀԱՅՈւՀԻՆԵՐԻ   ԱՉՔԵՐԸ

    Երբ թվում է, թե հույսը բարակել,
    Կառամատույցիդ ճոպանը հատել
    Ու քո խարխլկված նավակը պոկվել,
    Մահաբեր ծովի երախն ես քշվել`
    Որ չկործանվես, որպեսզի ապրես,
    Հայուհիների աչքերը հիշիր:


    ԵՐԲ  ԵՍ  ՏԵՂ  ՀԱՍԱ

    Ցավերս արժեի՞ն անցածս ուղուն,
    Խաբվելս արժե՞ր կեղծ հուսադրումին…
    Երբ ես տեղ հասա`
    Ապակիները հին կայարանի,
    Բոլորն էին կոտրած,
    Լոկ փայտե դուռն էր սղնուց կախ ճռռում,
    Տրված սառնաշունչ քամու քմայքին…
    Խաբվելս արժե՞ր կեղծ հուսադրումին,
    Երբ նստարանները սպասասրահի,
    Բոլո´րն, անխտի´ր,
    Ճերմակ էին փոշուց…


    ԺԱՄԱՆԱԿ

    Երբ օրը բացվում, կեսօր է դառնում,
    Մատուռի ճակտին սլաքն է ձգվում,
    Տիեզերական ժամացույցներում`
    Ավազն է դողում,
    Անհայտում անցնել, կորչելու համար`
    Կաթալու հերթին աստղերն են շարվում…

    Մտահան լինող հուշերիս միջով,
    Երկինքը հատող ասուպի նման,
    Քեզանից մի վերջին աստղ է ծորում…


    ՄԱՆԿՈւԹՅՈւՆ

    Թևեր ու երկինք, ճախրել չեմ ուզում:
    Բոբիկ ոտքերով,
     Գետաքարերին գայթել եմ ուզում…
    Թրջված շորերով, կոճս ցավեցրած,
    Ծունկս վերքոտած,
    Հորս հայացքից մի կերպ խույս տված`
    Մորս առաջին գլխիկոր կանգնած,
    Մանկությանս ժիր,
    Իմ հանապազորյա՜,
    Պատիժն եմ ուզում:               02.05.13թ.


    ԱՐԵԳ  և  ԼՈւՍՆՅԱԿ

    Երբ հանդիպեցին`
    Լուսնյակն աղջնակ էր, Արեգը տղեկ.
    Արևը գրկեց իր լիալուսնուն
    Ու ամպե վերմակ քաշեց ուսերին,
    Տաքու՜կ… Ջերմագի՜ն…

    Ավա՜ղ,
    Չար խանդը տիրեց Լուսնյակին,
    Նա դավը պաշտեց,
    Ծիրում միանձնյա իշխելու համար`
    Գահընկեցության ի՜ղձը գուրգուրեց.
    Նենգն իր Արեգին`գայթեցնել փորձեց…

    Արեգակն արդար,
    Խիստ վիրավորվեց,
    Լուսնին երկնքից վանեց, հեռացրեց,
    Պոկեց իր ստվերից,
    Խավար գիշերվա զնդանում գոցեց,
    Որ օրը բացվի առանց մահիկի,
    Որ յաթաղանը դավաճան լուսնի,
    Թանաքաձկան պես տարրալուծվելով,
    Ամեն օր,
    Մթնում,
    Հավիտյան,
    Պարտվի…


    ԴԻԼԵՄԱ

    Ամենքս մարտիկ, նախճիրի դիմաց,
    Շիվար ենք վերջին փամփուշտը բռնած.
    Սատանի զորքից մի գազա՞ն գյուլլենք,
    Թե`գերությունից խույս տալու համար,
    Վերջին գնդակը մեր ճակտին ուղղենք…            05.05.13.


    ԿԱՐՈՏ

    Ամենադժվարը գլուխ բարձրացնելն է,
    Հայացքով երկնքում աստղ փնտրելն է.
    Դա երազների իջևանատեղն է…
    Թիրախը հայտնի է,
    Միտքդ նժույգ է,
    Ճիպոտը ձեռքիդ մկրատաձայն է.
    Ցավոտն առաջինն է…
    Ճիպտելուց հետո`ընթացքը կյանքն է.
    Մնացյալն - անիվը սղնու հետ կանի:
    Կարոտ մորթելու սուրն է գրիչը,
    Իսկ զոհասեղանը`
    Առաջդ ընկած թղթի կտորն է…

    Ու՞Ր  ԷՐ,   ԹԵ…

    Թե կշտանալուց աչքը լիանար,
    Անկուշտը երբեք կայսր չէր դառնա,
    Թե Կլեոպատրան ծուռ քիթ ունենար,
    Հռոմը գուցե, դեռ կանգուն մնար,
    Թե ընչաքաղցի աչքը քոռանար,
    Աշխարհում գուցե, պարիսպ չմնար:


    ՇԵԿ   ԽԱԼՈՎԸ

    Մի օր ճամփին`
    Մեքենայիս ջուրը եռաց
    Ու դուռ թակի պատահական,
    Բայց տան տիկնոջ աղաղակին`
    Նրանց գոմը մտա մթին.
    Գա՜ղջ, գարշահո՜տ, կիսախավար,
    Կնոջ մարդը հանդ ու սարում`,
    Սրանց կովն էր հորթուկ ծնում…
    Էլ ճար չունեի, պիտի օգնեի,
    Ոտքից բռնած դուրս քաշեցի
    Շեկ խալ ճակտով նորելուկին,
    Նրան գրկի ու չթողի զարկվի սալին.
    Ակամայից`անասնաբույժ ինձ կարծեցի:

    Այդ օջախին մտերմացա,
    Շուկա տանող ճամփեն մոռցա...

    Ի՜նչ իմանայի, որ մյուս տարի,
    Նույնը նորից պիտ կկրկնվ,
    Շեկ խալովը ազատվում էր,
    Օգնությունս պարտադիր էր,
    Ազատեցի…
    Մինչ քարաղը մոտ հրեցի,
    Շեկ խալովը տաք բռռալով`
    Վիզս լիզեց իր թաց լեզվով…


    ՇՈւՏՈՎ

    Վաղը - համր, ձայնազուրկ,
    Ձկան նշանից`
    Երես ենք թեքում…
    Շուտով - նոր աստղի տակ,
    Իմաստուն աղբյուր,
    Ջրի սափորից`
    Մենք պիտի հառնենք…

    ԴՈւ   ԱՄԵՆՈւՐԵՔ

    Ես կռվի դաշտում, անձս ուրացած,
    Դու սրտիս միջին, հանց սուր ու պատյան,
    Ես տիեզերքում, սև անցքի խորշում,
    Դու մտքիս ծիրում, խոհիս քուրայում,
    Ես թղթի առջև, հուշերի ծովում,
    Դու գրչիս ծայրին, լուծված թանաքում:
    Դու ՜…
    Զզվեցնելու չափ, ամենու՜ր ներկա,
    Բայց անվանակոչին, դավթարս վկա.
    Ավա ՜ղ, բացակա´…

    ԽԱՂՈՂԻՍ  ԹԱՌՄԵՆ
      
    Էտիչն առած փրթեցի,
    Թառմես չորուկից մաքրի,
    Իջա, չիբուխս վառի,
    Տակից վերև նայեցի.
    Բողոք-բողոք կաթելով`
    Թառմես համր կլացեր…

    Վերջին մուխը քաշեցի
    Ու կես բերան նետեցի.
    -Քեզ համար էր, դիմացի´:


    ԽԱՂԻԿ

    Գարուն գացինք մանդակի`
    Հանդիպեցինք սիբեխի.
    Ավելուկի հետ հավքինք,
    Մի փեշ լիքը ժողվեցինք…

    Ձմեռ`թոռանս գրկի,
    Հարևանիս կանչեցի,
    Տնով նստանք ընթրիքի.
    Սխտոր, քացախ խառնեցինք`
    Եփուկն անուշ արեցինք…

    ԿԻՐԱԿՆՕՐՅԱ  ԶԱՆՑԱՆՔՍ

    Ժամում մոմս վառել էի,
    Պատարագը լսել էի,
    Ողջ շաբաթը բեզարել`
    Կիրակիս վաստակել էի…

    Տուն դառնալիս, երբ տեսա,
    Բոստանիս քով, աղբրով,
    Ջուրն անտեր է ու կերթա՜,
    Գլխիս խուփը վեր ելավ,
    Մոռցած առակ ու հանգիստ`
    Ջրի ճամփեն շեղեցի,
    Ծարավ բոստանս կոխի…

    ՀԱՎԵՐԺՈւԹՅՈւՆ

    Նախքան աքլորդ կանչէ,
    Մինչև լույսը կբացվէ`
    Կնոջդ մազեր խառնշտէ...

    Պաղ ջուրն էրեսիդ զարկէ,
    Նոր`…կաթնովդ վայելէ:

    Մինչ եղանով խոտ բերես,
    Փորով կովի դեմ դնես`
    Աչքդ գցիր Արային.
    Իբր`. « Թիկնոցս շալկե՞մ»,
    Լեռն իմաստուն չի ստում,
    Եղանակի հարցումին...

    Մինչ նախիրը դուրս կանես,
    Ոտքդ մի պահ կախ գցէ,
    Տես տիկինդ ի՜նչ կըսէ.
    -Մեր գառ մեղր կպաշտէ,
    Լավաշ, կարագով կուտէ,
    Առ էս ձվի կապոցը,
    Սարում`մեղրով փոխէ…


    ԱՐԵՎՆ   ԱԿՆԻԿ

    Սև ծովի ափին,
    Առաջին անգամն էր, որ խելագարվեցի:

    Արեգակին  իր մեջ արտացոլելով`
    Հրկիզվել էր ողջ երեսը ծովի.
    Երկինքը - բոցին դրած թավա էր,
    Արևը - թավում կոտրած ակնիկ էր,
    Հորիզոնն այդժամ իմ թշնամին էր.
    Քաղցած երախով - ձվածեղս կուտեր…

    Հոգնած ննջում էի շեզլոնգի վրա.
    Ես մայրամուտի կարոտ հիվանդ էի
    Հորիզոնին ցցված`… հոգեբույժս էր:

    ԹԵՎԵՐ… ԹԵՎԵՐ…

    Ի վերև, հայացքի ներքո բացված երախի,
    Անդունդի գլխին, ծեր բազեն մեռնող,
    Վերջին ճախրանքն էր նվիրաբերում,
    Իր անչափ շռայլ, Արարչին անհայտ:
    Ամեն ինչ ճիշտ էր, ինքը չէր զղջում.
    Աչքերն էին մարում, թևերն էին ծալվում,
    Ու գահավիժում էր - սոսկ իրեն վայել…

    Այդ պահին մի ճանճ, թարմ ծերտը գտել,
    Կախարդված մտքով շուրջպար էր  բռնել:

    ԿՈւՅՐ   ՖԵՄԻԴԱ

    Արդարությունը թերսնված մանկիկ,
    Այդպես էլ մնաց ժուժկալից կախված,
    Մուրացի՜կ մերժված…
    Ֆեմիդայի աչքերը մնացին կապված,
    Ձախում կշեռքը - շեղված լծակով,
    Աջում - իր քաշից զրկված սուսերը,
    Որ փետուրի պես անզոր էլ մնաց…

    Թողություն տվող խոստովանահոր,
    Պադրեի խցից`…
    Մեղքը բաժանվեց մեկ ժամվա ճամփով:
      
    ԼՃԱՓԻՆ

    Չափազանց արագ, ցանկացած ձկնորս,
    Լճափին ընտրած իր որսատեղը`
    Սակավաձուկ է շուտով որակում…

    Եղեգնուտի մեջ,
    Դուրս ու ներս անող բադերը բոլոր`
    Նույնիսկ սրանք են դժգոհ ու մոլոր…

    Լոկ նկարիչն այն, կուլմանով տարված,
    Ձախում գինու շիշ, աջում թաց վրձին,
    Լոկ նա է ափին իր ընտրած վայրը`
    Գույների տարափ, հրաշք համարում…

    ԳԵՂՋԿՈւՀԻ   ԱՍՏՎԱԾ

    Սիրելի կանանց դասի մեջ տեսակ,
    Որին պաշտում եմ`
    Թխսամոր նման պահապան հրեշտակ,
    Գլուխը մարգին, քամակն արևին,
    Այն գեղջկուհին է, դեմքը հողմահար,
    Որի մտքի մեջ տիեզերքը բեկվել`
    Թոռներն են հատ-հատ սիրտը բոլորել:

    ԱՅՍՈւՀԵՏ  ԻՄՆ  ԵՍ

    Քո սիրտը տանող ճամփա եմ գտել,
    Փուշդ շրջանցող արահետ բացել…
    Սիրածդ միրգ ու ծաղիկը բերել,
    Աչքերիդ շուրջ ժպիտ եմ քաղել…
    Այտերդ շիկնել, չիր-չամիչ դարձել,
    Ծնոտս թուլցել ու կախ է ընկել…

    Այսուհետ դառն է կյանքս առանց քեզ,
    Ի´մն ես լինելու, թեկուզ քո խաթեր`
    Այս պահից ևեթ, դառնամ դառնակեր…
      
    ԺՊՏԱ

    Էն խեղճ Քենեդուն ինչու սպանեցին…
    Ասում են ոհմակն իր առաջնորդին,
    Համառ հայացքով գայլի է կարգում…
    Տեսություն էլ կա, ըստ որի Բուրգը,
    Քրմերը մտքի կամոք են շինել…
    Եվ`.
    Ասում են չարին, ժպիտն է ապտակ…

    Թե հովանոցդ կոտրել է քամիս`
    Պարանոցիդ կոճակն արձակիր,
    Որ կաթիլներս դիպչեն սրտիկիդ,
    Եվ եղանակի տեսությամբ թերթը,
    (Արդեն անպիտան), նետիր ասֆալտին.
    Թևերդ պարզիր աշխարհի մեջքին,
    Նայիր ցնցուղող երկնքիս դեմքին…

    ՈՐ  ԺՊԻՏ   ԼԻՆԻ

    Որ երջանկություն ու ժպիտ լինի,
    Վերջին քաղցածը պիտի կուշտ քնի,
    Նոր պալատներում ճրագը մարի…
    Որ արդարություն, վերընթաց լինի,
    Հարուստը նույնպես պիտի քրտնի
    Եվ աղքատներին եղբայր համարի…

    Չէ՜… երևի թե, որ քարը քաշվի,
    Որ ջուր բխելու անցքը ազատվի`
    Մեկ, երկու առյուծ պիտի սատակի…

    ՕԼԻԳԱՐԽՆԵՐ

    Սրանց տեսակը գգվանք չի տեսել,
    Օրորոցային`մայրը չի երգել,
    Հայրն օղի գնել, նոր կաթն է հիշել…

    Սրանց տան դուռը թակող չի եղել,
    Տատուց ու պապուց օրինակ վերցնել,
    Հյուր ու հարևան պատվել չի եղել…

    Հիմա մեծացել, օլիգարխ դարձել,
    Մանկության ոխը սրտում կուտակել,
    Անկուշտ ու պարարտ մսագունդ դարձել,
    Պարիսպներ քաշել, ճոխ սեղան նստել,
    Քաղցած մանուկներ մտահան արել,
    Ազգ ու երկրի քոթուկ են դարձել…

    ՍՈւՐԲ   ԿՈւՅՍ   ՎԱՐՎԱՌԱ

    Արայի գրկում, վիմափոր այրում,
    Դեռ կաթկթում է արցունքը աղի,
    Կույս Վարվառայի…
    -Է, հե՜յ… - գոչում եմ վայրի,
    Ու ձայնս թռչում, արձագանքում է,
    Դհոլին տրված գոռ ապտակի պես:

    C'est la vie...

    Քիչ մնաց, քի՜չ էլ, մի քիչ էլ փախիր,
    Ու… տե՜ղ կհասնենք:
    Դու խուսանավող մակույկ էիր ծովում,
    Ես ծառս եղած ամեհի ալիք…
    Դու անվերջ փախնող եղնիկ էիր վայրի,
    Ես ուժը հատած քերծե՜ քո հետքին…

     ԱՍՈւՄ  ԵՆ

    Փղերի մահը տեսնող չի եղել…
    Ասում են հսկան ընտանիք լքում`
    Բոլորի աչքից հեռու է գնում,
    Քույր ու եղբորը այնքան է սիրում,
    Որ իր ցավերը խեղդած է պահում:

    Միայնության մեջ կնճիթը պարզում,
    Արևի գունդը մեղմորեն շոյում,
    Տրտում հուշերով մանկություն հիշում,
    Հետո թաց աչոք` ծնկի է իջնում…

    ԴՌՆԵՐԸ   ԲՈԼՈՐ

    Թե ցուրտ է, ձմեռ`վերարկու հագիր…
    Թե պատերազմ է`պատրոնդաշ կապիր:
    Թե արդարությունը բզի ծայրին է,
    Դմբուզդ մի կողմ, պինդ քարով զարկիր:
    Թե դուռ բացելուն ճակատդ թույլ է,
    «Սեզամ բացվիր» - ը դատարկ հնչյուն է,
    Եվ աղոթքն անգամ, փետուր չի շարժում`
    Նռնակ նետելով դուռն այդ կործանիր,
    Թող  դողը պատի դռներին բոլոր…

    ԱՅՍ  ԳԵՏՆ  ԷԼ  ԿԱՆՑՆԵՆՔ

    Մեր անձերից վեր պիտի քեզ սիրեինք,
    Մեր տրտունջ մոռցած վերքերդ լիզեինք,
    Առօրյա հոգսը անտեսա´ծ, մոռցա´ծ,
    Քեզ մատաղացու զավակներ ծնեինք…

    Միայն թե սրանց, սրբություն մոռցած,
    Մեր գլխին կարգված մամլուքի դասին`
    Չը´-հան-դուր-ժե-ինք…

    …Բաղրամյան 26, հայի քիթ - աչքով,
    Ազգայի՜ն հերոս. դե դու´ էլ խոսիր…
    - Մի՞թե եղբայրքդ կտտելու կոչված`
    Գլոբալ բոցերում Հայաստան աշխարհ,
    Կործանման եկար…

     ՀԱՌՆԵԼՈւ  ԵՆՔ  ՎԵՐ

    Թևերս ուժեղ, մեջքս ամուր է,
    Դու մի´ վախեցիր…
    Երբ օդ բարձրանանք, ներքև չնայես,
    Բերանդ փակիր, քթով կշնչես.
    Հառնելու ենք վե՜ր…

    Քեզ հյուր եմ տանում, է՜ն սարի ծերին,
    Ջոկած չոր ճյողով հյուսածս բունը.
    Այնտեղ է, ուր ձյունը հալոցքով,
    Փրփրադեզ գետին երակ է դառնում,
    Այնտեղ է, որ չարքն ու բորենին,
    Չեն համարձակվել սմբակով պղծել,
    Լոկ մուֆլոններն են հպարտ արածում:

    Է՜ն սարի ծերին, շինածս բնից,
    Երբ սիրտդ ուզի ու ձեռքդ պարզես,
    Աստղեր հավքելով հուլունք կշարես…

     ԿՈՉՆԱԿ

    Զանգում եմ գժված,
    Պարապ կոչնակի լեզվակը դարձած,
    Կոչում ապրողաց,
    Ի փառս նախնյաց.
    Հանուն ներկայիս մամիկ-պապիկի,
    Հայ մանչուկների զիլ ապագայի…
    Կանչում եմ խենթեր, հայոց հսկաներ,
    Ավգյան ախոռներ մաքրող տիտաններ,
    Օ՜, մեծն Մհեր, նժույգդ հեծնած,
    Դու էլ հայտնվիր…
    Վերածնվելու կոչն եմ կոչնակում,
    Աղբյուրի վրա հսկող առյուծի,
    Բերանը պատռող Արևամանուկի…

    ՔԻՉ   ՄՆԱՑ

    Ինչպես կրկեսում գազաններ սաստող,
    Մոլորակներից պարեգոտ սարքող,
    Մեր Արամազդը մի օր գալու է…

    Բարդ համակցությամբ աստեղաբույլը,
    Աստեղային ժամ հասունացնողը,
    Մեր Էությունը պարզաբանողը,
    Սեփական  «Ես» - ի լուսաբանողը,
    Մեր արյան միջի բաղադրությունը,
    Մեր տեղն առ աշխարհ մատնացուցողը,
    Հույսի դռներ ու սրտեր բացողը,
    Քիչ մնաց.  շուտով գալու է…

    ՇԱՔԵ…

    Ի՜մ պաշտելի,
    Երկարավա՜րս, թու՜խ, սևաչյա՜,
    Լենկ-Թեմուրին ապտակ տված,
    Նրա ձեռքից դուրս ճողոպրած,
    Մահ նախընտրած,
    Որոտանի կիրճը նետված,
    Չքնա՜ղ Շաքե,
    Դու՜… հայուհի´:

    Ընդհուպ մոտեցել ու դողդղալով`
    Վարսերդ եմ շոյում, քո գովքը անում:
    Ջրափոշիդ պա՜ղ, սակայն այրում է.
    Ինձ հիշեցնում է, որ մեղավոր եմ…
    Թաց հյուլեներդ, գնդասեղների պես,
    Դաղում են միտքս, աչքերս գոցված…

     ԸՆԿԱԾ,   ԲԱՅՑ   ԱՐՔԱ

    Լինեի արծվանիստ, քար պատկառազդու,
    Մնայի նույն տեղում, ընկած, բայց արքա,
    Գունեղ մամուռը պատմուճան վրաս,
    Մեջքս թող լիներ քարաքոսածածկ…
    Թող արծիվները կողերս չանգռեին,
    Կտուց ու մագիլ ուսերիս սրեին,
    Օրվա ավարով վրաս իջնեին,
    Խեղճ զոհի սիրտը, բռիս մեջ պատռեին…

    Լինեի արծվանիստ, քար պատկառազդու,
    Մնայի նույն տեղում, ընկած, բայց արքա:

     ՓՈՐՁՈւԹՅՈւՆ

    Ա՜խ, չապստամբեր էն նզովյալը,
    Որ առաջ չգար մեղքն ու պատիժը,
    Օձը չդրվեր դրախտի սրտում,
    Արդարությունը տիրեր աշխարհում:

    Ցավով չըերկներ սիրասուն մայրը,
    Ճիչով չծնվեր անմեղ մանուկը,
    Ծաղկած ծառերին կարկուտ չխփեր,
    Գյուղացու սեղան միշտ առատ լիներ:

    Ոչ մի կենդանի, սնվելու համար,
    Չսպաներ թույլին, իրենից անճար,
    Աչքը բավ լիներ գոհության համար,
    Լեզուն չլիներ խորտակիչ ու չար…

    Դե ինչ, փորձության եկած բարեկամ,
    Մա՜րդ մնանք, գոնե`… բարյացակամ:

     ՀԱՎԻՏԵՆՈւԹՅՈւՆ

    Գրկաչափ ամպը գարնան երկնքում,
    Եղած-չեղածը մաշվելով պարպում,
    Ճաքճքած հողին հուսախաբ անում,
    Միայն երեսն էր թրջում, ցեխոտում…

    Մինչ թաց թևերով թիթեռն էր չորնում,
    Ցեխաջրի մեջ ուղեղն անջատած,
    Մի գորտ էր կռռում.
    Նրա շուրջ գալիք սերունդն էր ծփում,
    Շերեփուկների վտառն էր վխտում…

    Խաշված, թաց խոտի բույրը թանձրանում,
    Փորձառու հովվի «Հե՜յ, հե՜յ…»-ին կպչում,
    Ապրած ու չապրած օրերի թվին,
    Ինքնակամ զինվոր, մահապարտ գրվում,
    Ու հավերժության փորձաշղթայում`
    Ամուր ճարմանդի իր դերն էր փաստում…


    ՀԱՐԴԱԳԼՈւԽՆԵՐ…

    Հիպոթալամուսն ուղեղից հանած,
    Տեղը հարդ լցրած հիպոմարդուկներ,
    Յուրայիններին թիկունքով շրջված,
    Ղեկին հայտնված հիպոիշխաններ.
    Աթոռը փայտ է գերանից տաշած…
    Մի օր աշխարհը, ի շրջանս յուր`
    Ձեր գահը կրկին - գերան կդառնա:


    ԳԼՈւԽ   ԽՈՆԱՐՀԻՐ

    Երբ ցեղախմբիդ վերջին փամփուշտը,
    Մեծ որսից առաջ, վստահում են քեզ,
    Ճպուռն աչքերիդ, ջանադիր լվա…

    Երբ քեզնից հմուտ, էլ որսորդ չկա,
    Ձեռքերիդ դողը հանձնիր քաղցածին,
    Թող հաջողակ որս, քեզ բարեմաղթի…

    Երբ պահը սուղ է, վարկյանը պախրա,
    Դիպուկ կրակոցով ձգանը քաշիր,
    Հետո գլուխդ – զոհին խոնարհիր…

    ՍԼԱՑՔԴ   ՎԱՅՐԻ

    Դու մոլորակ ես ուղեծրից շեղված,
    Սլացքդ վայրի, վստահ, մուստանգի,
    Արևի նման - շուրջդ ջերմացնող,
    Թևաթափ անող, քո մեղմ ժպիտով…

    Պտտահողմի պես սրտեր ժողովող,
    Քեզանից հետո սոսկ ավեր թողնող,
    Դու մագնիսական արտանետում ես:

    Գրո՜ղը տանի վախվորած խենթիս.
    Քեզ մոտենալիս լեզուս կապվում է,
    Բոցերիդ կողքին – ճրագս ի՜նչ է…


    ՄԱՔԱՌՈՂ   ՊԱՊՍ

    Ամպն Արագածի կտուցից կառչել,
    Տեղատարափով հոնքերը կիտել,
    Հանդ ու բաղերի սարսափն է դարձել…

    Մաքառող պապս կտուրը մեխել,
    Հողին պահ տված հույսերը ցանել,
    Ծառերին հատ-հատ ցոգոլը հաշվել,
    Թզբեհը առել, թախտին է թիկնել,
    Արու թոռանը իր քովը քաշել,
    Մի աչքը ամպին, մյուսը բաց գրքին`
    Պատմած հեքիաթի հերոսն է դարձել…

    ԱՆՀԱԳՈւՐԴՆԵՐԻՆ

    Մենք անմեղ սնունդ միշտ էլ կճարենք,
    Պապակին փեշքեշ, երակներ ունենք…

    Այդ դու՜ք մտածեք.
    Ինքներդ ձեզնից ահեղ երկյուղեք,
    Գահավեժ եղած, քաղցից գազազած,
    Մեկմեկու կոկո՜րդ պիտի հոշոտեք…


    ՎԵՐԱԾՆՈւՆԴ

    Այնտեղ, ուր աղիողորմ ճիչը մենության,
    Թևածում է մերկ, գոյության համար
    Նախասահմանված եզերքի վրա`
    Մենավոր գայլի կաղկանձի նման,
    Ականջ էլ չկա, որ այն սղոցվի…
    Եվ կռճտում են ակռաներն անզոր,
    Զորավիգ կանգնած կոկորդի ջանքին,
    Փորձելով սաստել ջայթքը ոռնոցի,
    Որ խորտակելով խզումը ներքին,
    Ճամփա է հարթում համր եթերում…

    Սեփական ձեռքով կողոսկր պոկում,
    Ոտքերիս տակից ազնիվ կավ վերցնում,
    Երկու թևերս երկնքին պարզում,
    Վերածնունդի կոչն եմ շեփորում…


    ՀԱՏՈւՑՄԱՆ   ՊԱՀԻՆ

    Երբ կիսալուսինը յաթաղան դարձավ
    Եվ հղի կնոջ որովայն պատռեց`
    Թուրքը հռհռաց վայրի խրխինջով…
    Դեռ պորտալարով մորից չանջատված,
    Մի մանուկ նետվեց մահիկին ընծա…
    Մինչ ձյունը ներկվեց անմեղ արյունով`
    Մոր պտուկները, քերթված դաշույնով,
    Հագան թուրքաբար շարված վզնոցին:
    Հատուցման պահին, հայ գենը վկա.
    Նույն կերպ չենք վարվի, բայց`…
    Ամեն թուրքի - փամփուշտս պաքնի:

    ԻՆՉ   ՓՈւՅԹ

    Ինչու՞ է լույսը միայն ծովակում հավասար բեկվում,
    Արդար բաժինքով ամեն կոհակի երեսին ծփում…
    Ինչու՞ են տարբեր կշռաքարերը,
    Ինչու՞ լծակը ցավի նժարին,
    Տանելի բեռը բաշխում է չարին…

    Ի՜նչ փույթ, բարեկամ, լեզուն մեզ սատար,
    Կարեկից խոսքով – մեկմեկու պատվար…


    ՄԵՌՈՆ  ու  ՆՌՆԱԿ

    Նույն նռան միջին,
    Բուն Էությունում,
    Նույն կեղևի տակ,
    Երկու կիսագունդ,
    Ոնց զսպված նռնակ,
    Բոլորս հատիկ,
    Սրտներս սերմիկ:

    Երբ հասունանանք,
    Մի օր կպայթենք.
    Ինքներս օծված,
    Մեր շիրեն մեռոն,
    Որպես բալասան,
    Աջ ու ձախ խոպան,
    Ցամաքից ճաքած,
    Աշխարհի բերնին`
    Կկաթանք կրկին…



    Ի  ԽՈՐՈՑ  ՍՐՏԻ

    Մեր մեծ ու փոքր հոշոտելիքով,
    Ճանկ ու ժանիքով այս աշխարհ եկանք,
    Սակայն խորշելով նզովյալ չարից,
    Սահմանազատվելով վայրենի կրքից,
    Ավանդապաշտության ամրոցը մտանք:

    Անխաթար սրտով եղբայրք ու քույրեր,
    Աշտարակներին գոռ ժամապահներ…

    Առնետի դասը, դիմակներ հագած,
    Մեր մեջի որդը, դրսից ու ներսից`
    Հիմքերն են կրծում անառիկության:
    Եռացրած ձյութը աչալրջության,
    Ողջ դասի գլխին – որդ ու առնետի`
    Թքնենք խորտակիչ, ի խորոց սրտի: 

      
    ԵՍ  ու  ԼԵՌԸ

    Երբ լուցկու չոփը ետ, տուփս դրի`
    Լեռն ինձ հանդուրժեց,
    Թույլ տվեց թիկնել.
    Ամպին բռնացրեց, գլխիս հով արեց,
    Քամուն համոզեց կակաչի հովտից
    Բուրմունքը ճիպտեց, իմ կողմը քշեց,
    Դիմացի ժայռին հոպ-հոպ նստացրեց,
    Մի փունջ հաստ զոխով սինձ հյուրասիրեց,
    Կաքավի մի զույգ առաջս բերեց,
    Գլխավերևս, գնդասեղի չափ`
    Ծիվ-ծիվ ցույց տվեց…

    Հետո, երբ լեռան ուսը դմբրեց,
    Անձրևը բարակ գլխիս կաթեցրեց,
    Ծիածան կապեց ու բարեմաղթեց.
    -Քեզ կկարոտեմ, սիրտս քեզ սիրեց…

      
    ԴՈւ…

    Գլխիդ թագ, հյուսած երիցուկներից,
    Կարմիր, քառաշար, ալոճներ ուսիդ,
    Այտ ու մարմնիդ արևայրուքներ,
    Ձեռքերիդ ծանր, ջրով լի դույլեր…

    Լեզուս կուլ տված խելագարվածս`
    Ամեն օր ճամփեդ կտրող սիրահար.
    Դու համառորեն կամ կույր ձևացող`
    Կամ խեթ հայացքով ինձ այսահարող:

    ՀԱՅՈՑ   ՄԱՆՈւԿՆԵՐ

    Մեր կեղևները կոտրած ընկույզներ,
    Իսկ միջուկները անդուլ մարտկոցներ,
    Որքան ուղեղը կրունկով ճզմեն,
    Ձեթն ամբարներում առատ կդիզեն…

    Ամեն լուսաբաց համբառնման խոստում,
    Ամեն ճառագայթ նիզակ մութ սրտում…
    Ամբարում դիզված ձեթի կարասներ,
    Այդ ձեթը ըմպող - հայոց մանուկներ…


    ԱՐԵՎԻՆ   ԳԵՐՎԱԾ

    Ուղեղն անջատած թիթեռի նման,
    Հար պտտվում էինք խելապատառված,
    Հրե լեզվակով – շուրջը լապտերի,
    Հրապարակ նետված սին հավատամքի,
    Մեր թևերն այրող գերեզմանոցի…

    Զեփյուռից քշված, թարմ օդից գեժռած,
    Արևին գերված, լապտերը մոռցած,
    Կիջնենք դաշտերին, կակաչով բոցված…

    ԿԱՐՈՏ

    Ծիրանի խեժը հենց բնից կծել,
    Ատամով պոկել, ծամել եմ ուզում,
    Մի սուսամբարի տերև տրորել,
    Քթիս մոտեցնել, շնչել եմ ուզում,
    Առանց ձեռնոցի, եղինջը քաղել,
    Ձվով տապակել, ուտել եմ ուզում,
    Դարպասը փակել, շանս արձակել,
    Խոտերի միջին վազել եմ ուզում,
    Տակառը լցնել, ջրով փորձարկել,
    Ճեղքերը ձթով փակել եմ ուզում,
    Բոբիկ ոտքերս ջրի տակ պահել,
    Արյունս պաղել, մրսել եմ ուզում,
    Քաղած խաղողի տաշտակը մտնել,
    Մաքուր ոտքերով ճզմել եմ ուզում,
    Մեղվի խայթոցից ճչալ եմ ուզում,
    Ցեխն ուռած ոտքիս դնել եմ ուզում,
    Օղի թորելու մրոտ պղինձը,
    Ավազով պռտել, լվալ եմ ուզում…


    ՏԽՈւՐ   ՊԱՏՄՈւԹՅՈւՆ

    …Առվակի ափին, գլուխդ ուսիս,
    Տաք շունչդ դիպավ պաղած շրթունքիս.
    Հեկեկոց խեղդած, լուռ համբերեցիր,
    Մերժումիս խոսքը, ցրտաշունչ սրտից:

    …Հիմա, հայտնված ավազուտներում,
    Քչքչան առվի հունն եմ կարոտում,
    Ուր ափին ծնկած, մի լերկ գլաքար,
    Լալիս է ջուրս, ափերը կորցրած…

    ԱՐԱԼԵԶՆԵՐՍ  ՄՇՏԱՐԹՈւՆ

    Ամեն մթնշաղ, ընդարմությանս մեջ,
    Անդուլ չարքերը նախահարձակվում,
    Պարիսպներիս շուրջ սողանցք են փնտրում:

    Ամեն Աստծո օր, մշտարթուն, արձակ,
    Զույգ արալեզներս չարքերին բռնում,
    Գարշապարներից քարշ տալով բերում,
    Առաջս նետում ու հետևում են,
    Թե ինչպես հոգնած, վաղուց ձանձրացած,
    Մի աչքս բացում, ոտքս բարձրացնում,
    Կրունկով սրանց գլուխն եմ ճզմում…


    Կ Տ Ա Վ Է

    Գառների հոտը լանջին ծուլացել,
    Ճիպոտի հարգը վաղուց ճաշակել,
    Իր հովվի աչքին կտավ է դարձել…
    Հովիվը քարին խուրջինը բացել,
    Հոգնած մարմնով հացի է նստել,
    Նորածին մի գառ նրան մոտեցել,
    Ձեռքի թարխունը ուզում է խլել…
    Հովվաշունն իրեն պահակ է կարգել,
    Սֆինքսի նման բարձր տեղ նստել,
    Լեզուն ալարկոտ կիսատ դուրս գցել,
    Ննջելու կարոտ աչքերը մարել,
    Գել ու գազանին ականջ է պահել…

    ԱՄԱՅԱՑՈւՄ

    Ապրում եմ, դեռ կամ…
    Բայց քեզ սրտիցս հանելու պահին,
    Խունացած թղթի լուսանցքում արված,
    Անփույթ խզբզած մի գծիկ դարձա,
    Մի վագոն դարձա, զրկված գծերից,
    Դարձա մի ձկնիկ, պոկված վտառից,
    Ցամքած խռիկով, թեփուկը չորցած,
    Հանձնված արևի դատին շիկացած…

    Քեզ… Սրտիցս քեզ հանելու պահին,
    Ոնց մեղվի փուշը, կպած աղիքին,
    Որը դեռ ապրում, ապրում է, դեռ կա,
    Իմ աղորիքն էլ թափվեց առաջիս, ու`
    Դարձա ստվերը խեղված բեռնակրիս:

    ՀԱՅՈՑ   ԳՐԵՐԸ

    Հայոց գրերը վճիռ, կնիք են,
    Ապ ու պապերի կտակած գանձ են,
    Ընդերքից պեղած ալմազ, զմրուխտ են,
    Երբևէ արված գծերի գիծն են,
    Մեկիկ առ մեկիկ անխորտակ բերդ են,
    Գոյատևելու մեր ուղեգրերն են,
    Այլևս ծածուկ, գաղտնագիր կոդ չեն,
    Արարչին հաճո հնչյունի խազն են,
    Տիեզերքի հետ ներդաշնակվելու,
    Զուլալ մնալու բաղադրատոմս են,
    Դժվար օրերին – զորավիգ զորք են…

    ՉԵՄ   ԶՂՋԱՑԵԼ

    Աշխարհից պատառ, դմակ չեմ ուզել,
    Երկաթե շերեփ, հրել չեմ ուզել,
    Ու չեմ բողոքում… չեմ էլ` զղջացել,
    Իմ հոժար կամքով անձս մոռացել,
    Հարազատներիս սրտումս դաջել,
    Նրանց հոգսերով դաղվել, տապակվել`
    Ցավի թոթափում, խոնջանք եմ ուզել…

    ԳՈւԲՆ  ու ՆԱԽԻՐԸ

    Կարծես` առյուծի, գոմեշին տրված,
    Մահվան համբույրից մի կերպ կորզված,
    Կիսաբաց բերնից շնչահեղձ թռած,
    Խեղդված ու խեղված բառաչը լինեմ…

    Հետապնդումից շունչը ետ բերող,
    Խոշորաեղջյուր նախիրը գոմշի` 
    Քրտինքը դեռ տաք, բուղը թաց մեջքին,
    Մի աչքը մարող իրենց ցեղակցին,
    Մյուսը հյութալի խոտերի զոխին`
    Արդեն գոհունակ խոկումի մեջ է.
    «Հերթը իմը չէր, գուբն արդեն կուշտ է,
    Մեր ցեղակիցը կարգին փարթամ էր…»:

    ԳՐՈՂԸ   ՏԱՆԻ

    Մարդու բնույթը իսկը խեցի է,
    Ներսում մարգարիտ, ինքը երկփեղկ է,
    Բուն Էությունը լուսարձակ ջահ է,
    Բայց խորն ամփոփված, կողպեքի տակ է:
    Գրո՜ղը տանի.
    Հաղթողի թախտը շիտակի մեջքն է,
    Շիտակի մեղքը – խեցին բացելն է…

    ԱՌԱՐԿԱՅԱՑՈւՄ

    Երբ վանդակապատ ես երկնքին նայում,
    Ու հանիրավի ես օրերդ մաշում,
    Վարկյանը սրտիդ տրոփն է հաշվում,
    Օրն էլ երկարում, կտտանք է դառնում…

    Երբ մենությունդ այլընտրանք չունի`
    Խավարասերի վարքը նազանք է
    Կռինչն ագռավի քաղցր դայլայլ է,
    Նողկալի մուկը ընծա, ընկեր է…

    Վերաիմաստավորում…
    Նույնիսկ գաղափարն առարկայանում`
    Ազատությու՜նն է վարդագույն ներկվում:

    ԻՆՏՐԻԳ

    Շատ խորամանկ է ինտրիգը սարքած.
    Չենք կարող մեկից, բոլորս լինել,
    Համ լույս, արևի, բարության զորքից,
    Համ էլ`չարության, խավարի ծոցից…

    Համակերպվելն է մարդուկիս մնում.
    Հակադիր ուժն է մրրիկը ծնում,
    Հակադարձ լիցքն է երկիրը պտտում:

    Թող ցերեկները - լույսը գահակալ,
    Աչք կուրացնելով խելքահան անի,
    Իսկ գիշերները, մութը տիրակալ,
    Լիալուսինը - կրքեր բորբոքի…

    ԿՈՄԻՔՍ

    Մորթը փողկապով փոխած գայլերին,
    Ցնցուղ ընդունած խոզ ու վարազին.
    - Ճանաչելի եք, մի սեթևեթեք,
    Պատվիրաններն էլ թեկուզ թվարկեք,
    Էլի նույն գել, խոզն ու վարազն եք:

    ՇՏՐԻԽՆԵՐ

    Շուքն ինձ ընկճելով, փայլը շեղելով`
    Չեն թողնում ապրել… Բայց`.
    Թանկ մետաղներից արծաթն եմ սիրում,
    Անգին քարերից զմրուխտին հակվում:
    Ի՞նչ արժեն դատարկ փառքն ու հռչակը,
    Երբ քարահունջը, ժնջիլը վրան,
    Պիտակի կարիք, մրցակից չունի…
    Խնձորը թևքով սրբել եմ սիրում,
    Աղբյուրի ջուրը չոքած եմ խմում…
    Գրել – մրելուց գլուխ չեմ կոտրում,
    Խրթին բառերից սիրտս է խառնում…

    ԱԲՍՏՐԱՀՈւՄ

    Երբ ծփալով հոսում էի,
    Մանկամիտ ու անփորձ էի,
    Հիմա փորձառու գայլ եմ,
    Բայց ծորում եմ կաթալով…
    Մանուկ հասակում մեղք էի կուտակում,
    Հիմա խրատ եմ շռայլ բաժանում,
    Երբեմն էլ` աբստրահել եմ սիրում.
    Թե մոլախոտը քիմքին հաճելի,
    Գերադասելի մի ուտեստ լիներ,
    Քաղցով բարուրված մեղքը չէր ծնվի,
    Աներես խոտը աշխարհ կպատեր,
    Ու անկուշտ աչքը բնում կպայթեր…

    ԾԱԾՈւԿ   ՇԵՐՏԵՐ

    Աղձք գյուղի փեշին, ձորի թեք պռնկին,
    Հենց գերեզմանի հայացքի ներքո,
    Թզաչափ լայնքով նեղ ու մութ անցքից`
    Զոռ սողոսկեցի սիրտը անցյալի…
    Օձ ու կարիճից սարսափս խեղդած`
    Սողացի մինչև ինձ հայտնաբերի,
    Մարդակերտ սրահի խոր լռության մեջ:

    Ճրագ վառեցի… Ծնոտս կախվեց.
    Արքային վայել լոգասենյակ էր,
    Ճերմակ ու կարմիր ավազը զատած`
    Տաք ջրի կողքին քարե թախտ սարքած,
    Դեպի վիհ տանող թրծած ու կցված`
    Կոյուղագծե՜ր տեսա իմ առաջ…

    Դասագրքերից մի տող հիշեցի.
    Կոյուղագծերն առաջին անգամ`
    Կախովի պարտեզներու՜մ են կիրառել:

    ԱՇԽԱՐՀՆ   ԱՇԽԱՐՀՈՎ…

    Թող ինքնաթիռները անխափան թռչեն,
    Ես ժայռից ժայռ եմ սիրում ցատկոտել,
    Թող ծորակները ոսկեձույլ լինեն,
    Ես ձնհալի ջրից իմ կումը առնեմ,
    Թող Հոլիվուդում աստղեր արտադրեն,
    Ես վայր սուրացող ասուպներ տեսնեմ,
    Թող գավաթներում փոթորիկ սադրեն,
    Ես փրփրադեզ գետում խեղդվեմ…

    ՀՈՂԸ,   ՕԴԸ,   ՀՈւՐԸ,   ՋՈւՐԸ

    Ջրի տարերքը դերձակ էր դարձել,
    Կարկատաններով կտավը պատել,
    Գոռ, մութ ամպերը ծռել ու ծեփել,
    Քամու օգնությամբ փչել ու փքել,
    Երկնքի դեմքին շարել էր, կիտել…

    Հողը թախանձեց, հուրը ճլոթեց,
    Շանթը ամպերին բզկտուր արեց,
    Տռուզ երկինքը ջրցան մաղ սարքեց,
    Քամին կաթիլը հատ-հատ համբրեց,
    Հողի երեսին հավասար բաշխեց…

    ՔԱՂՑՐՆ  ու  ԱՂԻՆ

    Հե՜յ, մառանապետ, մատյանս թերթող,
    Լաբիրինթները հուշերիս հսկող,
    Լավ ու վատ ազդակ մտքումս ծնող.
    Ջահել ժամանակ սոսկ պարծեցել էի,
    Թե կամքս ամուր ու սիրտս քար է…
    Ինձ հասանելիք խառը բաժինքը,
    Ափսես լցնելուց անաչառ նետիր,
    Օրապահիկիս լեղի քիչ խառնիր,
    Քաղցրն ու աղը հավասար բաշխիր,
    Թե ասածներս դու մեկ էլ խախտես,
    Կակուղ ու հոգնած սիրտս կկոտրես,
    Քեզ գործազուրկի բախտ կպարգևես…

    ԺՈւԿՈՎ   ԺԱՄԱՆԱԿՈՎ

    Մի փոքր պակաս պիտի սիրեի,
    Որ սուտը, կեղծիքը քեզ չներեի,
    Թող բաժանումը լիներ կսկծալի,
    Եվ արտասուքդ դառը ու աղի…
    Թող անտես մի ձեռք անխնա խառներ,
    Խաղաքարերի տեղերը փոխեր,
    Խոհարար բախտի ճաշը խափաներ,
    Եփվող թնջուկը շրջելով թափեր…

    Բայց`կյանքս քեզնով միշտ լիքը մնաց,
    Եվ ընտելացել եմ հարազատ մաշկիս.
    Թե… մի քիչ պակաս ես քեզ սիրեի`
    Ինձ ու իմ սիրտը - ատելով կատեի…

    ԵՂԲԱՅՐՍ  Ու  ԻՐ  ՇՈւՆԸ

    Չորս ամիս ի վեր, ինչ մաքառել էր`
    Եղբայրս շանը այցի չէր եկել…
    Բողարը նույնպես թախծել էր նրան.
    Ու ձեռնաձայտով, երբ մոտեցել էր`
    Շունը հապաղել, ցավով սառել էր…

    Հետո, երբ թաթերը դրել էր կրծքին`
    Եղբայրս հենվել էր բալենու բնին,
    Շունն ըմբռնել էր, որ այցելել են`
    Հրաժեշտից առաջ իրեն փարվելու…
    Նա խռպոտ, խզված շնչել էր, լիզել,
    Նայել այլայլված ու խեղված դեմքին,
    Որսացել տիրոջ աչքերը պարտված,
    Ու լացել  ինչպես մի մարդ որբացած:

    ՄԱՐԴԵՂԵՆԱՑԻՐ

    Կրակն ու բոցը սիրելուց բացի`
    Մի օր խարույկին ինքդ քեզ դաղիր,
    Աղիողորմդ ճարճատյունի հետ`
    Եվ խիզախությունդ մոծիլին խառնիր,
    Խանձված ու խաշված, թավագլոր ընկիր,
    Հպարտ, վեհանձն կեցվածք մոռացիր,
    Հատ-հատ վերհիշիր մեղքերդ բոլոր,
    Հրից առավել` ամոթդ կայրի…
    Անհիշաչար ու ներող եղիր…
    Մարդեղենացիր…

    ԱՆՊԱՐՏ… ԱՆՆԿՈւՆ

    Երբ քեզ կոտրելու փորձը ձախողած,
    Չարը նոր դավ է նյութում կատաղած`
    Մնում է անպարտ աչքերդ անթարթ,
    Նայել դահիճի դեմքին հոխորտած…

    Երբ չի աղերսում կամքը աննկուն`
    Թեկուզ հոշոտված, ինքն է հաղթողը,
    Ինքն է խորտակիչ, չար կործանողը…

    Ամեն ըմբոստով զորքն ահագնանում`
    Նեղ արահետը ճամփա է դառնում…

    ՄԱՆՐՈւՔՆԵՐՍ

    Տանիք եմ նետում անփույթ շարժումով,
    Անպիտան դարձած ամեն մի մանրուք.
    Գազը վերջացած կրակվառիչ,
    Մեռած մարտկոցներ,
    Ժանգոտ, ծուռ մեխեր,
    Հին բջջայիններ…

    Ամեն նետելուց` գալիք դարերի,
    Հնեաբանների գործն եմ բարդացնում.
    Թող հազարամյա գալիքի հեռվից`
    Տանիքս պեղեն հողերի տակից,
    Թող հետազոտող ասպիրանտները`
    Գլուխ կոտրելով տրակտատներ գրեն,
    Թող կիրառության գաղտնիք փնտրելիս`
    Ռեբուսներ դառնան մանրուքներս…

    ՕՐԸ   ԵՐԿԱՐ   ԷՐ

    Դեռ ինտերնետի գյուտը չէր արված,
    Հեռուստացույցները սև էին ու սպիտակ,
    Ու կարկատաններն էին կոկիկ լցոնված:
    Այնժամ`դեռ երկար էր ճամփեն մեր առջև,
    Ու ժամանակն ասես, դոփում էր տեղում:

    Աղջիկ, թե տղա, ցոգոլի գիժ էինք…
    Իջնում էինք անպարտ թթենուն հաղթած,
    Ամենավերին ճյուղերին հասած,
    Բերաններիս շուրջը կարմիրով ներկած,
    Բոբիկ ոտներս քերծած ու կապտած…
    Ցավ ու  գոչյունով, խնդալ, դաղելով`
    Լախտի խաղալիս շանթե մտրակ էինք,
    Ֆռռացող հոլերն ափում գուրգուրող`
    Երկիր պտտող արարիչներ էինք…
    Եվ օրը ձգվում ու չէր ավարտվում,
    Երբ ականջալուր էինք ճանճի տզզոցին…

    ԹՆԴԱՊԱՐ

    Դեռ ապաքինված մեջքեր պիտ շտկվեն,
    Տխուր սրտերում ծափեր պիտ հնչեն,
    Յոթ օր, յոթ գիշեր դհոլ պիտ գմփա,
    Նույնիսկ լեռներն են թնդապարելու…
    Դեռ խուլ աշխարհի ականջ պիտ պայթի:
    Դեռ արդարության սուրն է ճոճվելու,
    Լոկ արծիվներն են երկինք չափելու,
    Դեռ օվկիանները այնքան պիտ փքվեն,
    Որ հայոց ափերը խաղաղ ողողեն…

    ԳՈՎՔԴ

    Արձակ մազերդ տաքուկ շատրվան,
    Ես մրսած թիթեռ, թաց թև չորացնող,
    Իրանդ ուռի, մատներդ շիվեր,
    Ես գովքդ անող առու քչքչան…
    Աչքերդ սև ճութ խաղողի գիլեք,
    Ես թառմիդ տակին չված սնացու…
    Սիրտս անարատ գինով լի կարաս,
    Անունդ իմ մեջ թշշացող խարան…

    ԱՍՈւՄ   ԵՆ

    Ասում են` ծովը լի է բառաչով,
    Անտառին հատուկ ճիչ ու դայլայլով.
    Խռիկներ են պետք լսելու համար…

    Ասում են` մի տեղ տիեզերք բեկվում,
    Զույգ թունելներ են ճյուղավորվում.
    Մեկը կոյուղի է… սև անցքն է կլլում,
    Մյուսի ավարտին լույսն է կուրացնում:
    Ասում են` ջոկող անտես, անաչառ,
    Փահլեվանի պես բալանսը պահող,
    Ճյուղավորումի հենց ակունքներում`
    Կիկլոպանման ուժեր կան կարգված,
    Որ թևերն անվերջ աջ, ձախ են ճոճում:

    ԱՆՊԱՐՓԱԿԸ

    Ճկուն պոչերով բահեր են ճաքել,
    Ամրակուռ լինգեր քոռացել, ծռվել,
    Բայց զուլալ ջուրը ժայռեր է ծակել,
    Խորխորատների հունը հորատել:

    Պորտապարը հենց դյուրաբեկ լինգ է,
    Օտար կլլոցը ոսկեպոչ բահ է,
    Մաքուր կաթ կտրող հարամի թուք է:
    Հայ մշակույթը ապառաժ ժայռ է,
    Ավանդականի հունն անհատակ է:
    Հայոց խազերի շարքերը կուռ են,
    Անպարփակը հենց շարականներն են:

    ՎԻՐՈւՍ   և   ԿԱՆՈՆ

    Հրաշագործությամբ հաստատված կարգում,
    Ինքնամաքրմամբ օժտված աշխարհում,
    Նրբին թելերով հյուսված բոժոժում,
    Հայտնի ու անհայտ բոլոր ծագերում,
    Ճակատագրերը հունցող տաշտերում,
    Աստղակուտակներում ի՞նչ են մտմտում,
    Երբ մատրիցաներում վիրուսն է վխտում…
    Անխախտ կանոնը ո՞նց է հանդուրժում,
    Երբ քաոսայինն է իր մեջ ներառնում…
    Ի՞նչ է խմորվում քառուղիներում,
    Երբ փեթակներում բոռերն են փթթում…

    ԿԵՍԿԱՏԱԿ…

    Գայթակղությունները փայտփորիկի պես,
    Բունս բզկտել, փչակ են սարքել…
    Սկյուռը հարձակվել, համառին քշել`
    Համոզմունքներս անխախտ է պահել…
    Արտասվող խեժը վերքս սպիացրել,
    Փչակն օղակված տաք բույն է դարձրել…

    Հիմա արմատս հողից վեր ցցվել,
    Մեջքը կորացրել, կամուրջ մատուցել,
    Բունս վերածել է բանուկ մայրուղու,
    Փորվածքս հարմար իջևան սարքել,
    Վերուվար անող սկյուռների համար,
    Կաղին ներմուծող մաքսակետ դարձրել…

    ԻՆՔՆԱԴԱՏԱՍՏԱՆ

    Հոգեբույժները թող ականջ փակեն.
    Երեկ բարձիս հետ կոխի մեջ մտա,
    Մինչև թևերիս ուժը հատելը…
    Ասում եմ`. - Այ շուն, ի՞նչ ես գռմռում,
    Երբ ձախ ականջս վրադ եմ դնում,
    Ի՞նչ ես փչացած զանգի պես զնգում,
    Երբ հոգնած շրջվում, աջս եմ բերում…

    Բարձս ողջ մեղքը իմ վրա բարդեց,
    Ու կատաղությունս կրկնապատկեց,
    Երբ հոգեբույժի մասին ակնարկեց.
    Կոկորդը բռնած գետին նետեցի,
    Ու նախքան նրան կրկին կգրկեի`
    Վայրագ զայրույթս ոտքերիս հանձնի:

    ՏԵՍ`   ՉՄՈԼՈՐՎԵՍ

    Կիսաքուն, արթուն, այն ինչ պատահեց`
    Երազ չէր շարքից ցնորք, մղձավանջ.
    Հյուրն այցի եկած, ճերմակ էր հագած,
    Որն ինձ հորդորեց հետևել իրեն…
    Մի քիչ երկմտած, մի քիչ երկյուղած,
    Երբ ես բռնեցի ափն ինձ մեկնված`
    Փետուրի նման, թեթև սլացքով,
    Ամպեր հատելով հասանք աստղերին:

    Հանկարծ`առջևում հոծ խումբ հայտնվեց,
    Ու չնաշխարհիկ մեղեդի հնչեց,
    Մի պահ կարծեցի`թաղման թափոր է,
    Բայց երաժշտությունն այլ բան էր հուշում,
    Թմրած գլխումս դեռ ծնվող հարցին`
    Պատասխան հնչեց ուղեկցիս բերնում.
    -Սրանք ողջ կյանքում ցավ են ճաշակել,
    Եվ մարդկային դեմքն են իրենց պահպանել:

    Դյութված ունկերս դեռևս թողած,
    Շուրջը թևածող հնչյուններից կախ`
    (Որ շրջադարձվում էին կախարդիչ խաղով)
    Հայացքս արդեն, ուղեկցիս ջանքով,
    Սահում էր դանդաղ, թևածում մոլոր,
    Գաղջ ու գարշահոտ լճի երեսին,
    Որը լցված էր մարդկային մարմնով,
    Ուր ողբի ձայնն էր աղիողորմ ծփում…
    Սիրտս պարուրվեց երկյուղ, սոսկումով.
    Ճահճացած լիճը լի էր նողկանքով,
    Ջրահեղձության սարսափն աչքերում`
    Մեկմեկու շալակ հեծնած տականքով…
    Մայրեր կային նույնիսկ, որդիքն ուրացած,
    Խեղդվելու ահից ոտքերի տակին,
    Պատվանդան սարքած իրենց նորածնին…

    Երբ վերջին ամպը թողինք ետևում,
    Եվ անկողինս էր արդեն երևում`
    Մտքումս մի հարց փորձեց խմորվել.
    «-Այդ ամենն ինչու՞ ինձ ցուցադրեցիր»,
    Չքվելուց առաջ հյուրս շշնջաց.
    -Քեզ շատ եմ սիրում, տես`չմոլորվես…

    ԱՆՀԱՅՏ    ԳՐՉԻՆ

    Վաղ միջնադարում, համեստ քարայրում,
    Փոքրատառով գրվող, աննշան,
    Մեծատառ մարդիկ էին լուսանցքում ապրում:

    Մայթ ու լուսանցքներ, հիմա նեղացել,
    Կենսական տարածքը բոռին են հանձնել,
    Չորս փղի մեջքին պահվող աշխարհում`
    Հիմա փղոսկրե ժանիքն են պաշտում…
    Հիմա, կրիայի մեջքին եզերքը`
    Ինքնաթիռներն են անզգամ կրճատում…

    Լուսանցքներում`այլևս մանևրել չկա,
    Պահմտոցի խաղին ծածուկ տեղ չկա,
    Վեհացած սրտով, երկյուղած մտքով,
    Որդան կարմիրով սրբագրիչ չկա,
    Որ յուր անունը նույնիսկ անտեսած`
    Անարատ սրտով լուսանցքում գրի.
     «Ձեռքս անցնի, դառնա ի հող,
    Գիրս մնա հիշատակող…»:


    ՍՊԱՆԵՑԻՐ

    Դու հանկարծահաս թուխպ ամպ երկնքում,
    Ես ձվի կճեպ, ծակ մակույկ ծովում,
    Անզուսպ պոռթկումով դու շանթ կործանիչ,
    Ես ծնկած աղոթք, մրմունջ հուսաբեկ,
    Դու առագաստս բզկտած մրրիկ,
    Ես անմիտ ծվեն, մի լաթ ծածանվող…

    Քամին համընթաց է, սակայն ուշացած,
    Հորիզոններն են անափ նվաղում…
    Վերջին աղոթքս է, փրկություն չկա,
    Կուրծքս քեզ պարզած էլ չեմ վախենում,
    Դիպուկ, անվրեպ կրակ եմ մաղթում…

    ԴԱՌԸ   ԹԹԽՄՈՐ

    Արև և լուսին երկանքի քարեր,
    Անդուլ աղորիք – աշխարհը վկա,
    Հավերժի պարկում կորսված ու անդարձ,
    Փոշի վարկյաններ – դարերը վկա,
    Կրետ ու մեղու նույն տաշտում հունցվող,
    Դառը թթխմոր – հենց կյանքը վկա…

    ԱՐՅԱՆ   ԳՈւՅՆԸ

    Արարածները վայրի ու գազան,
    Լինեին ի ծնե բարի, անատամ…
    Կայենի գենը խոտան, անպիտան,
    Մնար սևագրում արարչագործության,
    Որ արյան գույնը հույժ գաղտնի մնար,
    Ու սեր քարոզելն անիմաստ դառնար:

    Սքանչելիքների կողքին բազմազան,
    Ի՞նչ մի դժվար էր մարդուն բանական,
    Զրկել բնության տեր հորջորջումից,
    Փոխարեն տալով զույգ թև արծվական:

    ՔԱՂՑՐ   ՍՈւՏ

    Գոռ թշվառության անուրջն է փաստում,
    Միֆ ու հեքիաթն են օգնում, ապրեցնում,
    Կրել փորձության բեռը ստորոտում,
    Զի փոխհատուցումն է այնտեղ, բարձունքում,
    Ուր շատրվաններն են լույս ու սեր բխում…

    Սա միակ հեքիաթն է, որ չի ծերանում,
    Եվ ինքնակամ ենք ստին հավատում…

    ԱՅՍԱՀԱՐՎԵԼ   ԷԻ

    Փրփրած Դեբեդը քեզ բաց չէր թողնում,
    Հուզված, երախում քեզ էր վայելում…

    Թաց հերարձակներդ ուսերդ էին գրկել,
    Մերկ ուրվագիծդ հանճարն էր վրձնել…

    Այսահարվել էի լեզուս պապանձված,
    Տեղում քարացել, սրբիչդ բռնած…

    Դու ինձ նայում էիր հին ընկերոջ պես,
    Ես անկարող էի ապրել առանց քեզ…

    ՍՐԵՐ   ԵՆ   ԹՐԾՎՈւՄ

    Քոչվոր ցեղերը բիրտ, ամբարտավան,
    Ավաղ, կրծքի տակ քար սիրտ են կրել,
    Խանդոտ աչքերը սրանց դիվական,
    Օտարի բակում թաքուն թափառել,
    Ուրիշի տանն են տիրանալ ձգտել…

    Նեղճակատն իր ողջ գոյության ծիրում,
    Իր մտքի ցամքած, ծանծաղ ծալքերում,
    Երկնելուց զրկված, հլու բնազդում,
    Լոկ կիսալուսնին է հստակ արտագծել,
    Միսը հեշտությամբ հատող գործիքին,
    Հաջողված գյուտին` – յաթաղան կոչել…

    Արդ`խաչակիրներն են սրերը թրծում,
    Թաթխած Արեվի հրե քուրայում…

    ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱ

    Ձանձրույթ, ո՜վ ձանձրույթ…
    Այստեղ, դրախտում մարդիկ չեն քայլում,
    Թեթև սահում են և անմիտ ճեմում,
    Լուռ, առանց խոսքի են հաղորդակցվում,
    Այստեղ վարդերը ուշ են թառամում,
    Փշերն անատամ են ու չեն ծակծկում,
    Շներն ալարկոտ, երբեք չեն հաչում,
    Ասֆալտե ճամփա, հռնդյուն չկա,
    Գայլ ու նապաստակ մի տեղ են քնում,
    Մոծակն անքոր է մարմինդ խայթում,
    Արտաքնոցները չեն գարշահոտում…

    Ձանձրույթ, ո՜վ ձանձրույթ…
    Անմեղներն այստեղ ըմբոստ են դառնում,
    Շահն ի ՞նչ է, չկա՜… որ մի մեղք գործեմ,
    Կրկին պատժված` ետ, Երկիր նետվեմ…

    ՄՀԵՐԸ   ԱՐԴԱՐ

    Արքային մեջքից ընդհուպ մոտեցել`
    Մերձավորներն են դաշույնով զարկել…
    Ազգադավ խաղեր, երեսին ժպտալ,
    Գինու գավաթում թաքուն թույն խառնել`
    Թշնամու ցանած սերմերն են տքնել:
    Հաստաբուն ծառը գետին տապալող`
    Կացնի պոչերը փայտից են եղել…
    Կովը երդիկից հանող գողերի`
    Օգնականները տնից են եղել…
    Օրհասի պահին, շրջադարձներին,
    Որդը ներսից է պտուղը կերել,
    Թշնամու առաջ դարպասներ բացել…

    Պղտոր արյունը դեռ չի զուլալվել.
    Հանուն յուր ազգի նահատակներին,
    Նույն ազգը անխիղճ կեղեքողներին,
    Ավա՜ղ, նույն ազգի արգանդն է ծնել…
    Ե ՞րբ է վերջապես քարայրում փակված
    Մհերը արդար, գալու զայրացած…

    ՍԻՐԱԽԱՂ

    Ծովը խաղաղված, մերկ կին մեկնված,
    Մեղմ ճողփյունները սրտի զարկ սարքած,
    Նայեց հեռացող իր սիրեկանին,
    Ամպերը մտնող դավաճան լուսնին…

    Թող ընդարմությունը դեռ իրեն իշխի,
    Կրծքի տակ հղի կետը ազատվի,
    Տռզած վտառը ձկնկիթ ժայթքի,
    Թշվառ ձկնորսը իր ափին հասնի…

    Տեղատվություն, մակընթացություն…
    Ամենավայրագ զայրույթի պահին,
    Ալիքն ամեհի, չի հասնում լուսնին,
    Հերթական անգամ, ինքը լքված կին,
    Սերն իր սառնասիրտ, մի լիալուսին…

    ԿԱՏԱՐԵԼՈւԹՅՈւՆ

    Արարչագործության գաղտնիքը մեկտեղ,
    Ողջ տիեզերքը աչքերիդ մեջ է…

    Մութը խավարից զատողի լույսը,
    Դեմքիդ շողացող ժպիտիդ մեջ է…

    Ստեղծագործողի ողջ շռայլությունը,
    Ուսերիդ թափվող վարսերիդ մեջ է…

    Պապակված սիրտս ջուր է փափագում.
    Դողացող ձեռքս, ասես միրաժում`
    Կավե սափորիդ կորերն է փնտրում…

    ՄՆԱՑԻ   ՄՈԼՈՐ

    Նայում եմ սարդի աճապարանքին,
    Թե ինչպես է նա զոհին փաթեթում,
    Մի պահ թվում է ինձ են կաշկանդում,
    Հուշերս բարուր, իրենց բոժոժում…

    Տարակուսանքն է միտքս պարուրում,
    Երբ տարբախտի աղոթքն ականջիս,
    Փայտով մլակին փրկում եմ մահից.
    Ձախորդ որսորդին քաղցի եմ մատնում,
    Զոհն ինձ խայթում է, թռնում հեռանում:

    ԳԱՀԱՎԵԺ   ՔԱՐԵՐ

    Անգութ սելավից անդունդը վիժած,
    Քարերն ամեն օր քնից արթնանում,
    Վիհի հատակից սեգ սարն են հիշում,
    Ինքզինքն ամեն օր բացակա դնում…
    Չաչանակ գետը չի գոտեպնդում,
    Ցավը նրա մեջ էլ չի խեղդվում…

    Ցավացող սրտեր, առանցքն աշխարհի,
    Վատնված օրեր, գիլա թզբեհի…

    Ամեն ինչ տրված է բախտի քմայքին,
    Էլ ոչինչ նրանց սար չի բարձրացնի,
    Մնում է մի խենթ քարեր ժողովի,
    Քեոփսից բարձր մի բուրգ կառուցի…

    ԾԱԽՈւ   ԻՇԽԱՆԻԿՆԵՐ

    Ամեն սրբություն աճուրդի հանած,
    Հաստավիզ, ծախու դուք իշխանիկներ,
    Մի՞թե ձեր ցեղին զոհ եք մատուցել,
    Հանուն պարիսպներ բարձր շարելու,
    Շուրջը ձեր երկնած պալատ, ժամերի…
    Մի՞թե էսկորդով սուրալու պահին,
    Չեք նայում շուրջը, մարդկանց աչքերին,
    Արդյո՞ք ձեր տանը մանուկ, ճիժ չկա,
    Տանը մեծավոր, զառամյալ չկա՞…
    Թե՞ նրանց էլ եք ցեղի հետ ծախել,
    Որ պատառ ավել ձեր բուկը բթեք,
    Ախր`պարտակվեք, կերկոխ կլինեք…

    ԿՈՐԻԶՈւՄ   ԶՍՊՎԱԾ

    Մեր ծիրանենին, կոտրած, թափ տված,
    Հեռացող բերքը գետերը լցրած,
    Դեռ դիմակայում է հողմերի դիմաց,
    Առանց այգեպան, գլխահակ, ընկճված,
    Հուսահատության գրկում հայտնված…
    Լոկ փիլիսոփան է ծառի տակ կանգնած,
    Տեսնում զարթոնքը կորիզում զսպված…

    ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

    Անցավ աշխարհում քաոս է տիրում,
    Զոհը մեռնելուց, գիշատչի բերնում,
    Առանց դիմադրել վայելք է ապրում…

    Ցավն է պայքարի կամքը զորացնում,
    Ցավն է հավերժի շարժիչը գաղտնի,
    Ցավից խույս տալն է իմաստը կյանքի:

    Մահվանն ընդառաջ քչերն են գնում,
    Սրանց մեկ բառով, հերոս են կոչում…

    ՎԱՐԴԱՎԱՌԻ   ԳԻՇԵՐԸ

    Վարդավառի գիշերը, դուռն է բացում Մհերը,
    Քանի հողը ամուր չէ, իր ծանրությունը կրելու`
    Դուրս չի գալիս, պարզապես`հետևում է երկնքին,
    Որն այդ պահին կենակցում, համբուրում է երկրին:
    Հղի աշխարհը թողած, հետո փակվում է կրկին,
    Հույսով գալիք երկունքի`մաքրեմաքուր պտուղին,
    Երբ ցորենը ու գարին, կլնեն ընկույզի չափսին…

    Մինչև գալիք Վարդավառ, Մհերն անիվ է պտտում,
    Երկրագունդը հոլ սարքած, իլիկի երգն է դնդում…
    Դռան վերի մի ճեղքից`կաթ-կաթ սև ջուր է հոսում,
    Սխրանքները կարոտած, պարապ նժույգն է միզում:

    ԳՐԻՉԻՍ   ԴՈՂԸ

    Լճակիս հոգսը ցամաքելը չէ,
    Ճահճացման ահն է մտատանջողը:

    Հոգսս իմ առջև փակ դռները չեն,
    Դուռը բացողի ժպիտն է բանը…

    Թե ցողուններին առատ է փուշը,
    Վարդը տեսնողի աչքերն են իմը…

    Թող ահից դողա ձեռքիս գրիչը,
    Քանի ներքինս է դատավորը,
    Քանի ժպտում են դուռ բացողները:

    Ցամաքելը չէ լճակիս հոգսը,
    Չճահճանալն է մտատանջողը…

    ԱՅՐՎԱԾ   ԿԱՄՈւՐՋՆԵՐ

    Այլևս լուռ եմ ու ոտքի ելած…
    Թող արցունքաբեր ամպերդ պայթեն,
    Ես տան անկյունում հովանոց փնտրեմ,
    Թող բռունցքներդ կուրծքս ցավեցնեն,
    Ես հայացքովս դռան կողմ շրջվեմ,
    Թող շեղ աչքերդ շանթեր արձակեն,
    Ես իմ քարայրում կպատսպարվեմ…
    Թող լեզուդ զղջման բառեր շռայլի,
    Ես կամուրջն այրելը չեմ հետաձգի…
    Թող ամբողջ կյանքում սիրտս խորովվի,
    Սակայն այլևս… կողքիդ չեմ լինի:

    ՈՍԿԻ   և   ԱՐԾԱԹ

    Բազմիցս մեռնում եմ, երբ ճոխ է ու փայլ.
    Արևը սիրում եմ, աստղերին պաշտում:
    Շնչարգելություն է ոսկին պատճառում.
    Ոսկին հարգում եմ, արծաթը սիրում:
    Թերհաս պտուղը ցոգոլ է համեղ.
    Գերհասածներից ջեմ են պատրաստում:

    Փարիսեցիները կուռքերին ցիտում,
    Քամելիոնի պես գույներն են փոխում,
    Ծերանոցներում կարոտից մեռնում,
    Լկտին ծնողի կենացն է ճառում…

    Անտեսված բիձա, պառավ եմ սիրում,
    Հասարակ մարդու զրույցը պաշտում…

    ՀՈւՄՈՐ   և   ԾԻԾԱՂ

    Շատ դարեր առաջ, տարիներ բազում,
    Տառապանքները վամպիր էին սնում,
    Վիշտն ամենուր էր մարդուն ուղեկցում,
    Սակայն հումորից, ուրախ ծիծաղից,
    Հրեշը հյուծվում, սովի էր մատնվում…

    Վիշտ ու տառապանք թեթև էր տարվում,
    Երբ մարդու կողքին ընկեր էր լինում,
    Երբ խոսք ու զրույցով ակամա շեղվում,
    Փիլիսոփայության քարն էին շոշափում…
    Արդյունքում կյանքից գլուխ չէին հանում,
    Հումոր ու ծիծաղ այդպես էր ծնվում,
    Այդպես էր վամպիրը սովի մատնվում,
    Աշխարհն այդպես էր հարատևում…

    ԲՈւՐԵԼՈւ   ԿԱՄՔԸ

    Սրբազան արյամբ, ցողված կարմիրով,
    Սար ու ձոր լիքը այրվող կակաչով…

    Ընձյուղներից կախ բացվող կոկոններ,
    Ուր բուրմունքները հրաշքներ են դավում,
    Նույնիսկ կույրի սուր քիմքն է դա որսում,
    Թե ինչպես խորքում ճիգն է զորանում,
    Բույրը կոկոնի կեղևը պատռում,
    Բանտող պատերի դռներ խորտակում,
    Ազատ բուրելու կամքն է հաստատում…

    Նորելուկները ցողուններից կախ,
    Հրաշագործության դասեր են առնում…

    ՏԱԿԱՌ   ՄՏԱԾՆԵՐԸ

    Ամենաթանկը կյանքն է համարվում,
    Որ դրամապանակում չի տեղավորվում.
    Դա´ էլ կխլեին… հակառակ դեպքում:

    Ձիգ օրերի մեջ, այլևս ոչինչ,
    Գանգատից բացի էլ ոչինչ չկա…

    Հանապազօրյա բարևների մեջ,
    Արևը պաղել, ջերմություն չկա,
    Մոմերի բոցը երկինք է հասել,
    Աղոթքների մեջ էլ հավատ չկա…

    Հատած դրամի երկու երեսին,
    Միայն Կեսարի պատկեր դրոշմել,
    Արքան երկիրն է մտահան արել…

    Խեղճ Դիոգենեսի տեղը նեղացրել,
    Շատերը նրա տակառն են մտել,
    Աղոտ լապտերի շուրջը սեղմվել,
    Մարդիկ տակառում վառոդ են դարձել…

    ՈւՐՎԱԳԻԾՏԴ

    Հաճախ է միտքս հայտնվում այնտեղ,
    Որտեղ քո մասին մտորում չկա,
    Մեղսագործի պես հոգոց արձակում,
    Ուրվագիծտդ եմ հապճեպ գծագրում…

    Թող դեմքիս ծիծաղը թախիծի փոխվի,
    Մոռացված թեյը ձեռքիս մեջ պաղի,
    Ծամող ծնոտս օդի մեջ կախվի,
    Ուրվագիծտդ եմ հապճեպ գծագրում…

    Թող ջահելությունս հողմի պես անցնի,
    Կիսատն ամբողջի թեկուզ չփոխվի,
    Ծեր երկրագունդն էլ առանցքը փոխի,
    Ուրվագիծտդ եմ անվերջ գծագրում…

    ԽՈՀ   ՔԱՎԱՐԱՆՈւՄ

    Մենք չէինք ցանկանում ուտելով ապրել,
    Ուրիշի հաշվին քաղցը հագեցնել
    Եվ ակամայից մեղքը ճաշակել…

    Թիթեռի նման թող մարդը լիներ,
    Ծաղկունքի նեկտար, բույրը վայելեր,
    Կյանքի պատճառած անհարմարությունը`
    Թևերը թրջող անձրևը լիներ…

    Ավաղ, կյանքն ինքն էր դասերը տալիս.
    Ոչխարը գայլի ժանիք էր ըղձում,
    Հավը երազում չաղ որդ էր տեսնում…

    Գետնած թշնամու քանակն էր փաստում,
    Թե մարդն աշխարհին որքան է սազում…

    ՁԵՐ   ՎԱՐՁՔԸ

    Օ ՜, խարդավանքի զոհ գնացածներ,
    Բանտի ակամա, բռնի կենվորներ…
    Օ ՜, չարաբաստիկ դևի սադրանքով,
    Դիվահարվածներ, իմ քույր, եղբայրներ,
    Զսպաշապիկով մեկուսացվածներ…

    Որքան սաստիկ են պատերը ճնշում,
    Այնքան թող ազատ ձեր միտքը ճախրի…
    Պառավ ձին անգամ, նժույգ է դառնում,
    Եթե սաստիկ է մտրակը դաղում…
    Ձեր վարձքը մի օր, թող Տերը մարի…

    Որքան ուժեղ է արևը այրում,
    Ջուրն այնքան արագ է գոլորշի դառնում…
    Պատնեշ խորտակող, սահմանից անդին,
    Ձեր ճշմարտությունը թող հաղթանակի…

    ՆԵՐՀԱՅԵՑՈւՄ

    Մենք ճկված անոթ, ճաքած գավաթներ,
    Լի ենք տարաբնույթ հակասությունով,
    Ուր օշարակի չնչին քաղցրին,
    Խառնել ենք մաղձի մեծ չափաբաժին…
    Տրված քստմնելի ու կույր պատրանքին,
    Շեղվելով հաճախ նեղ արահետից,
    Ընտրել ենք դրժման ճամփա կործանիչ,
    Ուր դարանակալ կրքերը մանր,
    Այժմ դարձել են մտրակ խարանիչ,
    Արժանի հատույց ուխտադրժումին…

    Երդմնազանցներս հպարտ, ինքնագոհ,
    Բազմել ենք ամպին մեծամտության,
    Հանդգնել շեղաչք նայել ճամփորդին,
    Դարուփոսերում հապաղողներին,
    Ճամփեզրի հոգնած պարզամիտներին,
    Որոնք իմաստուն լռակյացությամբ,
    Ճշմարտության մայթերն էին չափում:

    Դեռ անկեղծության ու սրբագրման,
    Կարիք են զգում մեր զեղումները,
    Մեր սրտերում է անկողմնակալը,
    Ներհայեցության լուռ ականջալուրը,
    Թողություն տվող մեծ համբերատարը…

    ՈւԺԵՂՆԵՐԸ

    Ի հեճուքս աշխարհակարգի,
    Ուժեղ, աննշմար մարդիկ են դառնում,
    Բեռնակրերը դարդ ու ցավերի,
    Որոնք ողջ կյանքում ակռաներ սեղմում,
    Զատկի ձվի պես ցավը փորձարկում,
    Առանց տրտունջքի օրնիբուն բանում,
    Աղի քրտինքով հացն են վաստակում…

    Ի հեճուքս աշխարհակարգի,
    Աննշմար մարդիկ են անեղծ պատճենում,
    Դաշտ ու լեռները իրենց տարերքի,
    Որոնց երկնքում ամպրոպներ ճայթում,
    Ցուրտ ձմեռներն են իրար հաջորդում,
    Բայց գարնան հույսը երբեք չի մարում…

    Ի հեճուքս աշխարհակարգի,
    Ուժեղ, աննշմար մարդիկ են մերժում,
    Դարդ ու ցավերից ազատագրումի,
    Հայտնի մեթոդը բեռնաթափումի.
    Այն է`տաք սիրտը միս ու արյունի,
    Փոխել այսբերգի սառցե կտորի,
    Կամ քար տարերքից պոկած բեկորի…

    ՀԱՅԱՍՏԱՆ…

    Է´հ, իմ անգին, մի´ ընկճվիր.
    Մենք մի՜ս, արյու՜ն, սխալակա՜ն,
    Դու բաց մատյան իմաստնության,
    Մենք բազմադե՜մ, փոփոխակա՜ն,
    Դու քարաստան հաստատակամ…

    Է´հ, իմ անգին, ներո´ղ եղիր.
    Մենք խռովկաննե՜ր, մոլորյալնե՜ր,
    Դու մոր նման, ներողամիտ…
    Կարոտախտով մենք հիվանդնե՜ր,
    Դու Հայաստան, մեր մոգական…

    ԴԵԳԵՐՈւՄ

    Հոգնել եմ հմուտ խուսանավորդիս
    Կեղծ մանևրելու բառախաղերից,
    Այլևս չունեմ ոչ մի պատրվակ,
    Որ դեմքիդ ժպիտ, թախիծ չբերի…

    Ինքս էլ, պարզվեց չունեմ արժանիք,
    Երազանքներիդ ասպետ դառնալու,
    Քանզի, փոխարեն քեզնով ապրելու,
    Գտել էի երկինք, անսեր թևելու…

    Առաջվա նման էլ չես արտասվում,
    Էլ ողբերգական տեսարան չկա…
    Անարժանիս ցավը գեթ դա է մեղմում,
    Երբ դեգերում եմ անսեր երկնքում…

    ՀԱՅՈՑ   ԱՊԱԳԱՆ

    Անցյալի առաջ, ոնց զանգակ ծաղիկ,
    Խոնարհումինն է բաժինքը պատվի:

    Իսկ գալիքի դեմ, կոչնակի նման,
    Բարդու պես հպարտ,
    Կաղնու պես խոհեմ,
    Ապրողաց փայն է հայոց ապագան:

    ԴԱՐԵՐԸ   ՎԱՅՐԿՅԱՆ

    Որպես մարդկային գոյության բնօրրան,
    Ողջ տիեզերքի փառահեղությունը,
    Քարադիզվել է հայոց լեռներում,
    Դրվել կորսված դրախտի սրտում,
    Հետո անապակ շուրթով բանական,
    Որ թագ-պսակն է արարչագործության,
    Ի փառս արարն արարող Ար-ի,
    Բարեհնչվել է - լյա՜ռն Արարատի…

    Հակակշիռը բանական մտքին,
    Ողջ զգացմունքայինը տիեզերական,
    Ավա՜ղ, զետեղվեց բռաչափ սրտում,
    Որ բաբախում է մարդկային կրծքում,
    Ավա՜ղ, նույն սրտում, ոնց արև-լուսին,
    Ոնց տաք շատրվան, սառնաշունչ քամի,
    Չարն ու բարին են անհաշտ գոյակցում,
    Ողջ հակասականն է աշխարհի տիրում…

    Հիմա գիշե՜ր է տիեզերական,
    Դարերն են հոսում վայրկյանից տարտամ,
    Ու… մակընթացություն է դիվական,
    Դեռ կիսալուսինն է դրդում մոգական,
    Քնատ ուղեղին լինել չարակամ.
    Սեփական կուրծքը խոցելու գնով,
    Դրախտի սրտում ցեղասպանելով,
    Լինել ինքնասպան…

    Տեղատվության ժամն է պարզապես,
    Այս էլ քանի՜ դար, ձգվում, հապաղում…

    Օ՜, բնությունը դոփել չի սիրում,
    Շուտով երկնքի տեր-միահեծան,
    Արթնացումինն է արեգակնական…

    ՊԱՏԱՌԻԿ    60 – ականներից

    Լախտի խաղալիս շրջան էինք գծում,
    Շրջանի ներսում գոտիներ շարում,
    Ամեն գոտիին մի պահակ կարգում,
    Ու`… գոտի խլելու պայքար ծավալում:
    Շրջանի գիծը հատելու դեպքում,
    Մի խումբը մյուսով տեղներս փոխում,
    Ծիծաղ, կատակով անխնա ծեծվում,
    Հետո քրտնած խոտերին նստում,
    Կապտուկներս էինք տրորում ու…
    Պոլոզ Մուկուչից անեկդոտ պատմում:

    ՄԵՆԱՄԱՐՏ

    Դու առողջ վիշապ, ես թշվառ կեսմարդ,
    Մենամարտելու կոչ եմ շեփորում,
    Միայն աչքերով, շիտակ հայացքով…

    Ես անզեն որսորդ, դու մարդակեր գայլ,
    Կիկլոպանման լակեյներդ թող,
    Քեզ պատգարակով ասպարեզ բերեն,
    Իսկ ատելությամբ ու նողկանքով լի,
    Ես ինքս, մի կերպ, ասպարեզ կելնեմ…

    Կանչում եմ արքա, քեզ մենամարտի,
    Տկլոր ու անզեն, անխոս, անլեզու,
    Միայն աչքերո´վ… քո վերջը տալու…

    ՀԱԿԱԶԴԵՑՈւԹՅՈւՆ

    Ա՜խ, զգոնությունս, երբ որ բթացրի,
    Այլասերումի հողմը շնչակեզ,
    Շնացողների արգանդը խուժեց,
    Ավերակումի զորքը զորացրեց,
    Ու մորեխի պարսը մեջքիս իջեցրեց.
    Թոթափվի´ր աշխարհ…
    Դե´, ժաժքվի´ր անզգա…

    Ա ՜խ, իմունիտետս, երբ որ թուլացրի,
    Օտար բացիլներ գլխիս  փթթեցին,
    Նախնյաց բարքերի հիմքերը քանդին,
    Մարմինս քոսի օջախ դարձրին,
    Ու ինձ մեջտեղից երկու կես արին…

    Դե´… ժաժքվի´ր աշխարհ,
    Թոթափի´ր մեջքիդ պարսը մորեխի,
    Բորբոքվիր տենդով,
    Ջերմ, հակազդեցությամբ,
    Մինչև` բացիլի քոքը կտրվի…

    ԱԲՍՈւՐԴ

    Երբ ակամայից թափառող միտքը,
    Աբսուրդի հասնող հարցի է բախվում`
    Փակուղում մոլոր,
    Առանց հուշարար,
    Գլխիկոր կանգնած,
    Պատասխան փնտրող,
    Ուղեղը շիվար,
    Ծույլ աշակերտի է նմանվում:
    Ահա´…
    Մշտազբաղ, քուջուջով տարված,
    Հավերին հավքել,
    Սպանդանոց բերել,
    Հոսքագծերի կեռերից կախել,
    Կյանքեր կտցելու գործից են կտրել,
    Իսկ որոշ որդեր,
    Բախտները բերել,
    Անմիտ սողալու ժամեր են շահել,
    Ու գովերգակներն են դարձել արևի…

    Ամեն ինչ զատ-զատ իր գինը ունի.
    Բուրդը, փետուրը, թոք, լյարդն ու բուդը,
    Լեզուն, կատարը, պոչն ու ուղեղը,
    Սմբակը, ծերտը, կոտոշ, պտտորը,
    Ամեն ինչ զատ-զատ իր գնորդն ունի:

    Ափսո՜ս… բառաչն է անթև սավառնում,
    Վերջին մայունն է, որ չի փաթեթվում…

    Ցավը աբսուրդի մարտկոցն է սնում,
    Որն այս աշխարհի պտույտն է դառնում:

    ԱՆՎԵՐԾԱՆԵԼԻ

    Մոր կուրծքը փնտրող, խարխափող ձեռքեր,
    Կառչելու փորձից վրիպող շրթունքներ,
    Աշխարհն ամփոփող զույգ կորություններ:

    Աշխարհին կապող աչքեր, ականջներ…
    Մոր առջև բացված պատուհանիկներ…

    ՎՐՁՆԱԽԱՂ

    Խոխեքդ հոր հետ հանդում են բանում,
    Դու տնամերձիդ մարգն ես քաղհանում,
    Հյուսքերդ անվերջ դեմքիդ են թափվում,
    Մտքումդ օրվա ընթրիքն ես եփում…

    Կծան արևն է ամպով շղարշվում,
    Մեղուն անձրևի շունչը կանխազգում,
    Սպասվելիք քամուց փեթակն է փախչում,
    Չիր ու չամիչն ես ծածկի տակ պահում…

    Ռեհան ու ծիտրոն փեշդ հավաքում,
    Կաթոցին դրած թասում ես  շրջում,
    Հորած պանրի կճուճը բերում,
    Լոլիկ, վարունգի արանքն ես դնում,
    Թռուցիկ պատի ժամին ես նայում,
    Օջախի վրա պղինձ տեղադրում…

    Մարմինդ մի պահ կոշտ գիրկ է թախծում,
    Մարդուդ հորինած ցնցուղն ես հիշում,
    Արևի եփած ջրի տակ կանգնում,
    Խատուտիկ «Կաքավն» է շուրթիցդ ծորում:

    ԵՏԴԱՐՁԻ   ՃԱՄՓԵՆ

    Գլխիս ուղղությամբ կայծկլտող կրակ,
    Այրվող մի սիգար շենքից ցած սուրաց,
    Լքված մի կնոջ հիստերիկ քրքիջ,
    Ինձ շենքից հեռու, խուսափել դրդեց…

    Քնած քաղաքի լույսերը հոգնել,
    Դալուկ դեղին էին փողոցը ներկել,
    Լոկ ես ու այն կինը, մեկ էլ`
    Երկնքում մի աստղ անքուն,
    Հավերժության վկան էինք արթուն,
    Երբ ղողանջները Սենտ Պոլի զարկին
    Ու գիշերվա երկուսն ազդարարեցին…

    Զանգից` պատի տակ աչքերը բացին,
    Ծեր շունն ու անտուն մի ցնցոտիավոր…
    Սրանք կարծես ինձ էին այդտեղ դարանում:

    Մինչ շունը խաղաղ ոտքս հոտոտեց,
    Անտունը մանրադրամս գրպանը նետեց,
    Հետո մի շնչով կյանքը շարադրեց.
    - Երբ տնից փախա անխելք էի, ջահե՜լ,
    Հիմա`… ետդարձիս ճամփեն եմ բռնել,
    Այնինչ`… անունս եմ մտահան արել…


    ՄԻ   ՕՐ

    Անաչառ սրբի նշտարը մի օր,
    Պիտի մարդկային դեմքերը պատռի,
    Արդարը կեղծից շանթերով զատի,
    Ամենքն իր բռում, մաշկազերծ արված,
    Սեփական սիրտը պիտի ճաշակի…
    Ծիածանի տակ, մի տեղ կուչ եկած,
    Արդարն ակնապիշ պիտի հետևի,
    Թե ինչպես երկրի մեջքը պիտ ճաքի,
    Ուրկե լավայի լեզուն ժայթքելով,
    Ի շրջանս յուր, երկինք ձգվելով,
    Ծառանա պիտի գլխին կեղծիքի…

    ՏԱՐԱԿՈւՍԵԼՈւ   ԻՐԱՎՈւՆՔ

    Խելոքի տեսքով հմուտ ստել են,
    Թե մեր խոհերում շահին ենք գերված…
    Որ դեռ չծնված, մեղքում ենք թաղված…
    Իբր`ընծայված կյանքն արդեն պղծված
    Ու ամեն թփում դավ է ծվարած…
    Ամեն երկաթից դաշույն է կռած…
    Ու`…Կայենից ենք բոլորս սերված…

    Ես կույր հավատից բարձր եմ դասում,
    Իրավունքը իմ – տարակուսելու…
    Ամեն ինչ այնքան պարզ է կառուցված,
    Որ ամենատես աչքն է կուրացած…
    Թող տաս պատվիրան անխափան գործի
    Ու հայը մի օր թմբիրից զարթնի,
    Թող ոգին մարմնին կոխում զգետնի,
    Հայոց արծիվը կրկին սավառնի…

    Ես օգտվում եմ տարակուսելու իմ իրավունքից.
    – Մեծագույն սու՜տ է հմուտ մատուցված…


    ՍՓՈՓԱՆՔԻ   ԽՈՍՔ

    Ամեն տրտմություն, մթնումը դալուկ,
    Շշուկներ ունի քնած երազում,
    Որն արթնացումի պահին հստակվում,
    Բանականության սահմանը հատում,
    Անպատմելի գույն ու բույրով է պատվում.
    Ինչ փույթ, թե սակայն`
    Մեռնում է համայն ծաղկունք ու գազան:
    Ամենքն իր հատուկ շնորհներով օժտված,
    Շալկած գոյության գույներ ու բույրեր,
    Որպես հավերժի ճամփորդ զինվորներ,
    Կամոքն անհայտ, լուռ հպատակությամբ,
    Առ դեպի Արև, լույսն են հեռանում…

    ՉԵՐՉԻԼԸ   ՎԿԱ

    Չորս պատերի մեջ, աթոռս ճռռան,
    Ատում եմ այնքան, որքան աշխարհում,
    Նստելու համար քարեր կան հարմար…
    Իմ հեռուստացույցը, կյանքումս գիտակ,
    Ատում եմ այնքան, որքան մշտազբաղ,
    Թիկունք եմ շրջել ծագող Արևին…
    Բացվող ու փակվող ջրիս ծորակը,
    Ատում եմ այնքան, որքան սարերից,
    Ձնհալի կաթոց, աղբյուր կա հոսող…
    Ատում եմ բոլոր դեղահաբերը…
    Ատում եմ այնքան, որքան դաշտերում,
    Վայրի բանջար կա, ուտելու պիտան…
    Ատում եմ նաև`
    Իմ սառնարանը… Իմ անկողինը…

    Ատում եմ անվերջ հիշեցումները.
    Թե մեկն ենք սայլին լծված եզներից,
    Թե գլխաքանակ ենք ցանկացած հաշվում,
    Մեզ նման միլիոն, եթե կործանվի`
    Ոչի՜նչ չի´ փոխվի… Չերչիլին ցիտեմ.
    «Ողբերգություն է, երբ մեկն է մեռնում,
    Միլիոնի դեպքում… թիվն է զարմացնում»:

    ԱՅԼԸՆՏՐԱՆՔ   ՉԿԱ

    Գայթող տեսության կեղծ քարոզիչներ,
    Մոլորության մեջ եղծելով սրտեր,
    Սփռել եք հոգում աղճատված պատկեր,
    Ի վերուստ ընծան, անկաշառ քննիչ,
    Դրված մեր կրծքում, գավն անապական,
    Պղծել եք մաղձով ու գինուն խառնել,
    Լեղի դառնահամ… կոչելով շարբաթ,
    Խախտելով կարգը անխաթար ուղու,
    Դաշինքն Արեվի բեկել եք ստի,
    Անպատիր հային դարձրել եք գերի,
    Սքողված կեղծիք, գանձի ծածկույթում,
    Իբրև անհատնում հու՜յս հավերժության,
    Աներկբա, ինչպես մե՜ծ ճշմարտություն,
    Կամքը երբեմնի անպարտ ընտրյալի,
    Թաղել եք հույսեր կլանող ճահճում…
    Սակայն ընթացքում, անխափան գոյի,
    Ինքնամաքրվելն այլընտրանք չունի,
    Եվ մխիթարիչ են հնարքներն անսպառ,
    Անպարփակ գրկում, թե գութն էլ մեռնի…
    Գայթող տեսության կեղծ քարոզիչներ,
    Ծրագիրն անխափան գործում է գենում,
    Արեվի բոցին, ցավի թուջի մեջ,
    Ոսկին հալելիս աղտն ազնվացեղից,
    Քափի պես զատվում, մոխիր է դառնում…

    ԴԵՊԻ   ԶՈւՅԳԳԱԳԱԹ

    Ամեն ակնապիշ, ուշադիր անցորդ,
    Թեկուզ բնապաշտ, հոգատար ճամփորդ,
    Ամեն ոտնաթաթ, ամեն քայլքի տակ,
    Մոլորակներ են բազում կոխկրտվում…
    Անապակ անձրև ու պապակ դաշտեր,
    Հասկերը ծարավ, բայց բներ ավեր…
    Հանուն մերձեցման - դարեր վատնված,
    Հաղթության ճամփին զոհեր մատուցած,
    Բայց… դեպի իղձեր զույգգագաթ ճերմակ:

    ԵՐԿՆԵԼԻՍ

    Ասում են նույնիսկ հետախույզ կանայք
    Իրենց մատնում են երկունքի պահին,
    Երբ ցավին պատվար, մորը հիշելիս,
    Աղաղակում են հարազատ լեզվով…

    Ասում են հային հեշտ է տարբերել
    Բոց մոծիլներից աստղեր երկնելիս,
    Խարույկ բոլորած օտարի միջից,
    Ինքն էլ անտեղյակ իր ով լինելուց,
    Մտքերով ընկած, հուրը խառնելիս…
    Նրանում ծպտված, Վահագնի նման,
    Վիշապներ հնձող Արիներ կան լուռ,
    Սասունցի Դավիթ խենթուկի նման,
    Առյուծի երախ պատռողներ կան դեռ…

    ՀԵՌԱՆԱԼՈւՑՍ

    Ուղղամիտ խոսքիցս սրտով չդաղված,
    Վարվեցողության կանոնից դրդված,
    Քչերը կգան իմ հեռանալուց…
    Գալուստս կեղնի խրոխտի ձայնով,
    Մոռացված տողերս հանկարծ պեղողի:

    ԱՄԵՆ   ԳՆՈՎ

    Ապրել եմ ուզում,
    Երակների մեջ իմ ընձյուղների,
    Թեկուզ դժնդակ գոռ մահվան գնով,
    Ինքնահրկիզմամբ…
    Մերժելով քարե պարիսպ ու վահան
    Իբրև պաշտպանիչ անխոնջ չարիքից,
    Ընտրել եմ որպես անխորտակ զրահ
    Շլացնող հուրհերն Արեգակնական…
    Թող որ մտքերս Մասիսը ձնեն,
    Մեռնելուց`դեմքով… Արևը թաղվեմ:

     ԶՂՋՈւՄ   ՉԿԱ

    Աչքաթող արի սիրտս ապառաժ
    Ու բարձիթողի ակնթարթի մեջ,
    Տեր դարձա տամուկ, ծծան մի սպունգի:
    Այնուհետ`… նույնիսկ զղջում էլ չկա.
    Ստվերի նման անհույս հևալով,
    Եվ ուսս տված իմ նմաններին,
    Ո՞նց չներծծեմ աշխարհքը փախչող,
    Որ միշտ թաց մնա իմ ճանապարհին,
    Սպունգի վերածված սիրտս ապառաժ:


    ԱԶԱՏ   ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ

    12 թվական, Ստրասբուրգում օտար,
    Ասմունքից առաջ, որպես երկու հայ,
    Մենք ծանոթացանք…
    Անսովոր կապույտ աչքերս մի պահ,
    Քեզ հիշեցրեցին «Ասում են կապույտ,
    կապույտ են եղել աչերը հայի…»
    Հայտնի տողերը…
    Դահլիճում մի բուռ հայերին գամել,
    Համեմված խոսքով սրտներս գերել,
    Ֆրունզի մասին էիր հուշերդ պատմում,
    Սիամանթո և Շիրազ կարդում…
    Բայց, երբ անհաս փառքի ճամփորդ
    Չարենցին էիր բարձրաձայնում`
    Մարդն ակամա մեջքը շտկում,
    Հայ մնալ էր մտքում երդվում…

    ԹՈւՐԱՆԻ   ՍՐՏՈւՄ

    Բուք ու բորանին փրկվելու համար`
    Ծառը ձյան առաջ տկլոր է հառնում,
    Արմատն իմաստուն խոր քուն է մտնում,
    Մեկ է, գարունքը իր գործն է տեսնում…
    Հայոց բռունցքը թուրանի սրտում,
    Թուրքի փափագը պատրանք է սարքում,
    Ոսկորը լռված բորենու բկում,
    Նրան ի վերջո… ծնկի է բերում:

    ՆԵՐԿԱ,   ԲԱՅՑ   ԲԱՑԱԿԱ

    Այն պահից ի վեր, երբ ես քեզ գտա,
    Ահա´… ես ներկա, բայց բացակա եմ,
    Միտքս սայթաքեց անցյալի վրա,
    Դառնալով շուրջդ օդի պես անտես,
    Ճանճի պես կպչուն ուրվական ու ստվեր:

    Գտնելն էր հրաշք, կորցնելը հեշտ էր,
    Ներել, հանդուրժել դեռ չէի սովորել,
    Արդ`… ես եմ ներկաս բացակա սարքել,
    Խորովվող սիրտս անցյալում թողել…

    ԻՄ   ԹԱԳԱՎՈՐԸ

    Արագած լեռան կուսական ուսին,
    Ոչխարի հոտը արոտի բերած,
    Փոքրիկ հովվի անշուք վրանում,
    Խառը անկողին, մի քանի բիդոն,
    Հոգնած մի թեյնիկ և ուրիշ ոչի՜նչ,
    Ոչ հեռուստացույց - սատանի արկղ,
    Ոչ էլ լրագիր - ջոջերին ծառա,
    Ոչի՜նչ չտեսա…
    Զուտ թթված թանի հոտն ըմբոշխնեցի
    Ու ծարավ ոչխարը,
    Դեպի ձնհալի ջրերը տարած,
    Հովվին մոտեցա…
    Զգուշավոր շունը հաչոցը զսպեց,
    Հովիվը դունչը կոպալին դրեց
    Ու դեռ չտված հարցիս պատասխան`
    Առաջս դրեց.
    -Ծախու գառ չկա, քեզ բարի ճամփա:

    30   ՏՈՂ

    Ապրելու համար մեզ նետված դերեր…
    Անարդար խաղում դարձանք գոլապահ…
    Հերթական հարված – այրող գնդակներ…
    Լոկ դատավորի սուլելու պահին,
    Բաշխվում է փոքրիկ սթափվելու դադար,
    Որ… փայ է դառնում հառաչանքներին:
    Մի կողմից լեգիոն նյութապաշտների,
    Մյուս կողմից զուլալ ավազան պղծող,
    Օտարին կապկող մի զորք – մոլորյալ…

    Սելավի նման սողոսկած աղանդ,
    Թիրախը խորքեր, մինչև իսկ խորան…

    Հեքիմը մեր մեջ, քնած երակում,
    Պիղծն օրենքով է – արդ ամրագրվում…

    Փայլուն փաթեթով աղտը քողարկված,
    Ժանգոտ մեխերն են սրտերը սեպում,
    Դրացուդ աչքերն են մեջքիդ շնանում,
    Շարականներդ են կլլոցով լափվում,
    Պաշտոնյան նույնիսկ հոնքը չի շարժում,
    Աստղաթափ եղած որդն է բազմանում,
    Ուտիճն անհագուրդ բունն է խժռում…

    Հույսը - ճահճացող լճի ափերին…
    Գաղջ, գարշահոտում – եղեգնի շիվեր…
    Սպասումների մեջ – անդուլ համբերանք…
    Աչքեր – հետևող կաթացող աստղին…
    Ախոռներ մաքրող, նժույգը թամքած,
    Հերոսն ամպերում փնտրելու ջանքեր…

    Մհերը փակված քարայրում մթին,
    Դեռ համբերանքի չիբուխն է քաշում,
    Մինչդեռ հեքիմը քթներիս տակին,
    Մեռավ սպասելով… իր տիրոջ կանչին:

    ԱՍՏՎԱԾՆԵՐԻ   ԾՆՈւՆԴԸ

    Ո՞վ լիներ մեզնից այն առաջինը,
    Որը քարայրում, շանթից սարսափած,
    Չբացականչեր.
    – Տե´ր, ողորմյա՜ ցեղիս…

    Փիլիսոփայությունը, սարսափից ծնված,
    Դարձավ իմաստը, անիմաստ կյանքի…

    ԴՈւ   ՆՈւՅՆԻՍԿ

    Կույր էիր ձևանում,
    Երբ անտեսելով արատներս,
    Դրանք չարությամբ աչքս չէիր խոթում:
    Հանդուրժող կամքիցդ,
    Մի՜ պուտ ունենայի,
    Որ… վերափոխվեի…
    Դու, նույնիսկ քո կյանքը,
    Իմ շղթաներից պոկելու համար,
    Կզոհեիր հանուն… ինձ, անարժանիս…

    ԻՄ   ԱՅՆ   ՏԱՐԻՔՈւՄ…

    Առաջին անգամ, հանգով տողերի
    Հեղինակ դարձա իմ այն տարիքում,
    Երբ քո մատների հետքերը կրող,
    «Ասկանիո» վեպն էի տարված ընթերցում:

    Ձեր բնակարանը մեկ հարկ ներքևում,
    Դու սրտիս միջին, միշտ մտքիս ծիրում…

    Վերևի հարկից, քո պատուհանին,
    Այնքան էի թղթե ինքնաթիռ նետում,
    Որ առավոտյան, մալոկանուհին,
    Կոշտ ցախավելով ասֆալտը ավլում,
    Մայթերից հատ-հատ ինքնաթիռ հավքում,
    Հայհոյում էր ինձ… մեկ էլ հնամյա`
    Թղթի գյուտն անող չինացի ազգին…

    ՌԵԲՈւՍ

    Ինքնախարազանմամբ դատափիտվելիս
    Հիշվում են նույնիսկ մանր զանցանքներ,
    Հերթական մե՞ղք էր, թե անմիտ արկած.
    Անցողիկ զավե՞շտ, թե ցավ ու զանցանք.
    Հարցեր են մնում… անպատասխան:

    Իմ մեղքը գուցե միայն երկու տեղ,
    Երկու տեղ կիսվել, բայց ո՜չ առավել,
    Անկարողությանս մեջ էր թաքնված…

    Իմ մեղքը գուցե հայացքիս մեջ էր,
    Երբ կարեկցանքով գրոշ մեկնեցի,
    Մայթին մուրացող մի ալևորի,
    Այնինչ կարող էի ավելին զիջել…

    Իմ մեղքը գուցե այն քարի մեջ էր,
    Որ քարափից ցած, անդունդ նետեցի,
    Ու միտքս հազիվ առկայծել հասցրեց.
    «Արդյո՞ք, ներքևում… չդիպա՜վ մեկին»:

    ԱՄՌԱՆ   ԿԵՍՕՐԻՆ

    Դիմացի տուֆե շենքի երեսին,
    Վարդագույն կտավը բծերով պատում,
    Անձրևը հարբած վրձին էր զարկում…
    Ամպից ծիկրակող Արևը ժպտում,
    Շքամուտք փախած մանկանց ժխորից`
    Իր սիրտը շոյող բառեր էր զատում,
    Սիրահար զույգի զրույցն էր ջոկում,
    Որ դողդղում էր պատանու շուրթին.
    «Շիկնած վարդի շնչող տերև,
    Ջինջ երկնքի քնքուշ Արև,
    Ձեռքդ տուր ինձ, ասա – բարև,
    Որ ես քեզ պես ու քո համար,
    Դառնամ վարդի շնչող տերև,
    Ջինջ երկնքի ուրախ Արև…» :

    ՄԵՆՔ

    Թե´ աջ, թե´ ահյակ, ուր էլ որ հակվենք,
    Խոր տիեզերքի կենտրոնում մենք ենք:

    Մեռնել, հառնելով պատեպատ խփվենք,
    Այս գունդը մեր հետ, Արևի նման,
    Զույգ սարի ուսին, ուր էլ գլորվենք,
    Սիս ու Մասիսի արանքում վառվող,
    Ունայնի սրտում իմաստը մենք ենք…

    Մենք Արևի պես զույգ սարի մեջքին,
    Մեռնենք… զույգ որդվոց քախցր ուսերին:

    ՏՈւՐԲՈւԼԵՆՏՈւԹՅՈւՆ

    Ափերը թախծոտ լիզող ալիքներ…
    Լինելության մեջ անխոնջ ընթացքով,
    Ժայռերին փշուր հույսի ծվեններ…
    Սառը մետաղի դոփ ու աղաղակ…
    Գնացքներին թախծող երկաթե գծեր…
    Դատարկ, անհասցե, մոլոր վագոններ…
    Ներկան տուրբուլենտ ճեղքում բացակա,
    Սպասումը տենդ է - գալիքի դողով…

    ԱՆՏԻՊՈԵԶԻԱ

    Խոսել, շնչել ու ապրելուց շատ առավել,
    ժանիք ու ճանկ, ակռա, մագիլ գործի դնող,
    գազազումի հարափոփոխ դրսևորմամբ,
    այս հիասքանչ ու վայրենի մոլորակում,
    մրջնակերի կպչուն լեզվին,
    թե երախում – մահվան համբույր,
    գոմշի վերջին շունչն առյուծի թոք մղվելիս,
    անհերթագա պատերազմում,
    թե սննդի բուծարանում,
    արծաթե սպասք, սուփրայի շուրջ,
    թե մատներով, ծալապատիկ,
    ամեն մեռնող, ընդհուպ մի որդ,
    ինքն է խժռում իրեն լափող հաջողակին,
    կապված թելով… թելով անտես ժամանակի,
    սարդոստայնում մանեկագործ տիեզերքի,
    ուր խռով մահն ապստամբ ուժի,
    տնօրենն է - լոկ բզկտվող մարմինների…

    ԲՆԱԶԴ – ԷՈւԹՅՈւՆ

    Իմ մեջ խաչվում են կողմերն աշխարհի
    Ու հերթագայող փողոց, մայթերին,
    Հարցականների սներ են կորվում,
    Որոնց հրավառ սրտիս քուրայից`
    Բաժինք հանելով լապտեր եմ կախում…
    Մեջս մշտարթուն Բնազդ – Էություն,
    Մի դռան կապած երկու անհաշտ շուն…
    Մինչ սրանք իրար կոկորդ են կրծում,
    Ես ավազի պես հոսում եմ, կաթում,
    Ժամանակից դուրս մութ, սև անհայտում:

    ԷՎՐԻԿԱ

    Մեկ էլ… որ ծնվեմ…
    Անօգուտ ճիգով չեմ փորձի փոխել
    Շուրջս…
    Իմ աշխարհ…
    Բա՛վ էր, որ միայն ես ինքս փոխվեի…

    ՈՐՏԵՂԻՑ   ՈՐՏԵՂ

    Բժշկին ոտքիդ ցավից ես պատմում,
    Մեջքիդ է մերսման կուրս նշանակում,
    Թե Մարսի վրա մարդ է սայթաքում,
    Որտեղից որտեղ… սիրտդ է ծակում…

    ՊԱԹՈԼՈԳԻԱ

    Կպչուն մտքի պես պաթոլոգիա է,
    Հանճարեղ մտքի փայլատակում չէ,
    Երբ ճառագում է ընտրյալի գլխում.
    Մոռացված փորձի ավերակներում,
    Պեղողի ճգնող բրիչն է երկնում…

    ՉՈՐ   ԱՓ

    Նույնիսկ քար կոտրել, ձեռքս չգնաց…
    Առօրյայիցս դուրս, չոր ափ եմ նետվել,
    Այս ու՜ր եմ հասել։
    Էլ ոտք դնելու մի թիզ հող չկա,
    Ամենուր կյանքեր, իմաստն է առկա…

    ՀԱՄՐ   ՍԵՐ

    Անհամբերության կողերը լիզող ծփանք է ծովը,
    Լուռ ու անպարփակ, երազանք լափող,
    Անարձագանք սեր է համր երկինքը,
    Մաքրագործվելու քուրա է հուրը…
    Մոլոր կծիկ է մարդուս մարմինը։

    ԴԻԵՊԻ   ԱՓԻՆ

    Մի քանի ընկեր, Հավրի մոտերքում,
    Դիեպի ափին մանղալ դրեցինք,
    Կրակ վառեցինք ու բաժանվեցինք։
    Քիչ հեռվում ահել, փորձառու ձկնորս,
    Իրերն էր հավքում - հաշտված այդ օրվա,
    Իրենից շրջված քմահաճ բախտին։
    Երբ նա թևաթափ կողքովս անցավ,
    Ինձ բարեմաղթեց. – Բարի ո՛րս, ջահել…
    Ասես հրահանգ, կարթս քաշեցի…
    Բռնածս ձուկը հսկա թառափ էր,
    Որը հենց տեղում, ընկերներիս հետ,
    Դրինք կրակին ու մինչ կեսգիշեր,
    Ահել ձկնորսի բաժակը լցնում,
    Օվկիանոսների կենացն էինք խմում…

    ՏԽՈւՐ   ԲԼՅՈւԶ

    Ճայթյունից հետո,
    Տարուբերվելով փետուրի վայրէջք,
    Օդի մեջ սառած թռչունի մի ճիչ…
    Մի կուրցխար, բերնին վիրավոր բադիկ,
    Շանը փաղաքշող որսորդ հրճվագին…
    Երկնքում մի որձ, տրտում, տրտմագին,
    Արցունքը խառնեց մաղող անձրևին…


    ԲԱՐԴ   ԿԱՌՈւՅՑՆԵՐ

    Միլիոն տարիներ ճգնած բնության,
    Սևագիր էջի նեղ լուսանցքներում,
    Դրախտը թողած, հենց իմ տիրույթում,
    Ճանճ ու մոծակն են անկոչ թևածում…

    Բարդագույն կառույց, տքնանքի գլխին,
    Հողաթափերս են անփույթ շրխկում…

    ՄՈՌԱՑՎԱԾ   ԿՈՏՈՇՆԵՐ

    Մեզ ինչպես գոմեշ, օղը քթից կախ,
    Իլյումինատները ճիպտում են աջ-ձախ,
    Նույնիսկ մեր հզոր զենք կոտոշները,
    Դարձել են հավել, ճզմող էշաբեռ…

    ՏԱՐԱԲԱԽՏՈւԹՅՈւՆ

    Արքան իր տված խոստմանը հարիր,
    Մոռացած դադար, հանգիստ ու երկիր,
    Մեկնում էր դժվար հովազի որսի,
    Թագուհուն վայել մորթի ճարելու,
    Մեկ էլ՝ սիրածի քիմքը որ շոյվի,
    Ջահել մարալի միս հայթայթելու…

    Գայլը մարալից պճղակն էր թողում,
    Օձի խայթոցից հովազն էր նեխում…

    Տրված կործանիչ կիրք ու մոլուցքին,
    Պարսպի վրա, աչքերից թաքուն,
    Ծաղրածուն գրկած երկրի թագուհուն,
    Արքային գահից գցել էին դավում…

    Խարդավանքի մեջ, մշտապես անբեկ,
    Աքլորականչն էր նոր օրն ավետում…

    ՄԱՐԻԵՏԱ   ԲԱԴԱԼՅԱՆԻՆ

    … Նայում եմ աշխարհին,
    Արեգակի պես ժպիտը դեմքիս,
    Սոմբրերոն գլխիս ու իմ բարեկամ,
    Անդավաճան կիթառը ուսիս …

    Եվ առատության շռայլ եղջյուրից,
    Ինչպես… քաղցրը ծորացող նռից,
    Հոգուս թելերի պրկված թրթիռով,
    Շիտակ ապրելու գաղտնիք պատմելով,
    Շոյում եմ ունկեր… կարոտած, հոգնած,
    Ցայում ամլացած… սրտեր պապակված։

    ԹՈԹԱՓՈւՄ

    Կառչեցի…
    Համտեսեցի կյանքը դառնահամ,
    Տեսա…
    Շոշափեցի հույսը խեղանդամ,
    Թևաթափվեցի ոլորաններում…
    Մնացի շիվար։
    Ու ժամանակի հարահոս խաղում,
    Վերուվարվելիս թշվառիս գտա,
    Անփոփոխ չափի սանդղակի ճոճքում,
    Գահավիժումիս սոսկումը սրտում…
    Եվ ահա՛, ձերբազատվելիս,
    Թոթափման պահին,
    Հեշտությամբ տալիս,
    Ամե՜նն եմ բաշխում,
    Ամենն… ուր սերն է բացակա դառնում։

    ՀԱՅՈՑ   ԵՐԿՆՔՈւՄ

    Թող երկունքի մեջ երազանքների,
    Արարատ լեռան խառնարան ժայթքի,
    Ռունգներում մրրիկ, հողմեր ամեհի,
    Երախում հերսոտ փրփուրն օվկիանի,
    Հրեղեն բաշով նժույգը ծնվի…

    Վրնջա՜ նժույգ, հերարձակ բաշով,
    Հատիր անհունը գերհզոր ցատկով…

    Զարկե՛ք, իղձերը կռող դարբիններ,
    Թող թմբուկի տակ նժույգը սուրա,
    Վարգի ընթացքում երկինքը դողա…

    Թող պայտերի տակ ուղեծրից շեղվեն,
    Մոլորակները քարեր առկայծեն,
    Աստղային փայլով մեկտեղ ժողովվեն,
    Արարատի շուրջ, տարափի նման,
    Հրավառության բյուրվառը լինեն…

    ԿԱՐՄՐԻ   ԳՅՈւՏԸ

    Անարատի մեջ ինտրիգն անհայտ էր,
    Նախքան դրախտում հայտնվելը օձի։

    Քար էր պարզապեսընկածբռաչափ,
    Նախքան իջնելը մի խեղճ ծոծրակի
    Մի չորուկ փայտ էրկոտրված մի ճյուղ,
    Նախքան ակամա մահակ դառնալը
    Գույները վեցն էին ու մեկը անհայտ,
    Նախքան առաջին կաթիլը արյան
    Սերն անուն չուներ ու էական չէր,
    Նախքան առաջին ծիլն ատելության
    Շերեփն էլ բախտինետված էր արդար,
    Նախքան հայտնվելը շահ ու անկուշտի։

    ԺԱՄԸ   25 – ԻՆ

    Սիրում եմ օրվան պահ տված շահս,
    Կեսգիշերվա մեջ թմրած ուղեղս,
    Ոգելից թուրմով անհատակ շիշս,
    Սլաքները ճեղքած շեղ ժամանակս,
    Քաոսում ճախրող ազատ թռիչքս,
    Ազատության մեջ ինքնախաբկանքս,
    Այդտեղ ու միայն այդտեղ են ծնվում,
    Երկնքի քորոց աղավնիներս,
    Անհանգ տողերով նամակաբերներս

    ՍՏՎԵՐՍ

    Մշտապես ներկա,
    Թիկունքիս առկա,
    Լացող ուռենի կամ խրոխտ բարդի,
    Անտառ հուշերի
    Հուսաբեկությամբ հավատք փնտրելով,
    Բոլոր ճամփեքիդ գլուխ ցոնցելով,
    Քայլքովդ առաջմշտապես փախչող,
    Դեպի հորիզոնաջ ու ձախ գայթող,
    Ինչպես մի սլաքմագնիսի վրա,
    Անկայուն խաղով,
    Ճարպիկ մանևրով,
    Խուսանավությամբ,
    Մշտապես ներկա,
    Ստվերս… ինչպես,
    Լացող ուռենի… կամ խրոխտ բարդի։

    ԵՐԱԶԿՈՏ   ՔԱՐԵՐ

    Հանուն պտղաբեր հողե մարմաջի,
    Ի՜նչ համառ համակերպությամբ է,
    Քա՛րը… քչփորող քարաքոսներից,
    Ներծծում մամուռն ինքնափլուզման։
    Ամրակուռ պողպատ ու ոսկի՜ն նաև,
    Ո՜նց են հանդուրժում ժանգը նողկալի,
    Հանուն… քայքայմամբ հողին խառնվելու։
    Քար համառությամբկամքով պողպատի,
    Ա՛րդ… համբերանքի գամերն եմ խփում,
    Եվ հուսալքության սանձերը քաշում

    ԱՆԳՈւՅՆ   ԱԿՆՈՑՆԵՐ

    Անհյուրընկալ սրտի զարկերը,
    Շխկում ենինչպես փակվող դռները

    Կամուրջ փնտրելու ջանքերից հոգնած,
    Անթեփուկ մի ձուկ ափ նետվեց ցամքած

    Զբոսնելու տենչը խեղդվում է լռված,
    Շենքերի կույտումմեկ թաթի կանգնած

    Խանդի մացառումփշալարերին,
    Տողերըինչպես ճերմակ աղավնիք,
    Արնածորում են կարմիրով պատված

    Ապրել-մեռնելու ընտրության առաջ,
    Լուսաֆորներն են լոկ… թարթիչով դեղնած։

    ՄԵԿ   ՏՈՂ 

    Որպես անձրևի պարգևզովացում,
    Հեռավորության թավում տապակվող,
    Մարմանդ կրակին կարոտից դաղվող,
    Բաժան սրտերին,
    Տոկուն նամակից փոքրիկ մեջբերում.
    « Զիս լավ կճանչնասքույրի՜կս
    Պի՛նդ եմպինդ եմ՝… բայց փխրուն» ։

    ԱՇՆԱՆԱՅԻՆ   ԽՃԱՆԿԱՐ

    Պաղ աշունքի մեջվաղ լուսաբացին,
    Չռված չոքերումլեռան գոգի մեջ,
    Մեգով ծածկված լճի երեսին,
    Կորստյան վախով,
    Սոսկումի զույգ ճիչ
    Իրար կորցրած երկու սիրահար
    Բադերը դարձել էին սաքսաֆոնահար։

    ՀԱՇՏՈւԹՅՈւՆ

    Այն ժամ, ի վերջո, երբ մարմինները բեկ,
    Միտքը անդադրումպարտվեն ներկայում,
    Մի կետում հաշտված, դադարը կառնենք։

    Երբ վախ թոթափածառանց կկոցվել,
    Նայենք շլացնող մեր Արեգակին,
    Ճախրել կսկսենք

    Ճկված իրաններ, հլու տարփուհիք,
    Արևին հակված ծաղկունքն աշխարհի,
    Այդ օրը կրկին, չե՛ն հուսախաբվի…

    ՀԵՏԳՐՈւԹՅՈւՆ

    Քնելու նման հեշտ է մեռնելը,
    Թե արթնացումի հույսը անխախտ է,
    Այդպես են մեռնում բոլոր սարերին,
    Ծերպից սայթաքող ծեր մուֆլոնները,
    Այդպես են հանգում ծովի խորքերում,
    Բոլոր լուսարձակ մեռնող ձկները,
    Այդպես է հաշտվում իր ճակատագրին,
    Խլխլվող զոհը ոհմակի բերնին…

    Լոկ մարդն է գերի թերհավատ մտքին.
    Ճերմակ թևերով մահը բերողին,
    Պատկերացնում է գերանդին ձեռքին…

    ՍՐԲԱԳՐՈւՄ

    Օ՜, եթե հանկարծ,
    Այսքան նուրբ հյուսած,
    Պատճառ… հետևանք…
    Բարդ համակարգած,
    Աշխարհն անկատար,
    Ե՛ս եմ ծրագրել,
    Ու ե՛ս եմ հիվանդ գլխով մոգոնել,
    Դրախտի դեմքին դժոխք քանդակել,
    Ապա իմ խելառ մտքի արգասիք,
    Կացին… դաշույնով…
    Պարանոցիցս թող գլուխ թռնի,
    Ու նման գլխում,
    Մեկ ատոմային ռումբ տրաքի…

    ՎԱՀԱՆԱՊԱՏՈւՄ

    Ամեն բջիջս մի անդուլ բանվոր,
    Բայց գործադուլավոր իր թիվ, քանակով,
    Ամեն բջիջս մի ըմբոստ զինվոր,
    Բայց դասալքված… ողջ անձնակազմով։

    Ամեն բջիջս պճղված… և ուշիմ,
    Մի-մի ընկալուչ, բացված աշխարհին…
    Ավա՜ղ, ոզնու պես, փշերը հագել,
    Մանրաթելերով միմյանցից զատվել,
    Ես փշե վահանի եմ մետամորֆոզվել…

    ՆՎԱՂՈՂ   ՍՐՏԵՐ

    Ու՞ր է վտարված պատիժն անտառից,
    Ո՞նց է հանդուրժում ծառը հաստաբուն,
    Երբ չկա պրծում փուշ, պատատուկից,
    Օտար տատասկի խեղդող գգվանքից…
    Վայրագ ցեղերը ուղտի ականջում…
    Ջհուդը մերժեց պարզունակություն.
    Հորինեց դանդաղ Հոգի առնելը,
    Նվաղող սրտով… մարդկանց խաչելը…

    ԱՄԵՆՈւՐ   ՆԵՐԿԱ

    Տերմիտի նման, թե չթափանցեմ,
    Փակ դռան նեղլիկ, անցքով սողնակի,
    Թող տողը սողուն, ծակուծուկ մտնի…

    Այնտեղ, ուր տրված ժամանակը սուղ,
    Կարճատև կյանքը չի կարող տանել,
    Թող միտքն օդաչու, հույսով դեգերի…

    Երբ դատարկաձեռն քաոսից դառնամ,
    Ամենուր ներկա, կաթիլս հյուլե,
    Թող արտասուքի անձրև չդառնա…

    ՑԼԱՄԱՐՏ

    Դեմքով է արդեն ցուլը շրջվել,
    Սնապարծության աճպարարներին,
    Դիվահար անող նրանց թիկնոցի
    Ֆոնին շողացող անգութ սուսերին…

    Արյունն է պաղում ու լեղին ճաքում,
    Օթյակում բազմած զվարճացող դասի,
    Երբ արենայում դերերը փոխվում
    Ու դիպլոմավոր տոռեադոռներն են,
    Դեմքով շրջված ցլից ճողոպրում…

    ԺԱՅՌԱՊԱՏՈւՄ

    Վտարանդու պես լերկ ու մենավոր,
    Ժայռը ընդերքում իր սիրտն է մզում,
    Կաթիլն ապառաժ չոքին է ցայում,
    Վերքը ջրով լի թասակ է սարքում…

    Երջանկությունը սուղ,
    Տկլորի համար զմրուխտե հագուստ,
    Ցիրուցան մամուռ…
    Իսկ վարձքը նրա, իմաստը գոյի,
    Երբ ծարավ մեկի լեզվին զովությամբ,
    Իր չոքի թասից ջու՜ր է քաղցրահամ…

    ՀԵ՛Յ,   ԱՄԵՐԻԿԱ

    Թե մեռնելը կա, էլ վախս ո՜րն է…
    Ուժի դիրքերից, սատանի զորքից,
    Շահդ պարտակած, սուտ դեմոկրատիա,
    Հե՜յ, Ամերիկա…
    Նախքան հերթական երկիր քանդելդ,
    Ինձ հածանավից-հածանավ կապի՛ր,
    Թնդանոթներիդ փողի՛ն ամրացրու,
    Մե՛կ է, գոռու՛մ եմ. – Թքե՜մ երեսիդ …

    ԽՈԿՈւՄ

    Մեջբերելով գիրքն անտառապահի,
    (Կանոնակարգը - արդար ու բարի),
    Երկու հակադիր գուբ արյունռուշտի,
    Ամենքի պոչին թայֆա շակալի,
    Կիտվել են շուրջը վիրավոր զոհի,
    Ու մռնչում են հանուն պատառի,
    Խեղդած խոկումը… արյան բաղնիքի։

    ԹԱՐՍ   ու   ՇԻՏԱԿ

    Իմաստը Բանում, Բանը քաոսում,
    Կանոնակարգումը չարի արգանդում,
    Բարին երազում, բառը չակերտում,
    Միտքը… կծոտած լեզվի թիկունքում,
    Ցավը մարմնում, մարդն անուրջներում,
    Համբույրը թռչուն, սերն օտար գրկում,
    Արժեքը բանկում… արդարը բանտում,
    Ձուկը ջրի մեջ, ջուրն ակվարիումում,
    Փչակը բնին, բունը փչակում…
    Դեղ ու դարմանը – Տերը երկնքում,
    Քոթուկը արդեն արհեստանոցում,
    Մսավաճառի սեղան է դառնում…
    Ամբողջն ամփոփված ձվի կճեպում,
    Ակնիկն անմռունչ եփվող թավայում…

    ՄԱՐԴԱՀԱՄՏԵՍ

    Թիթեռ – փողկապով, ֆրակավորված,
    Հրեշները բազմած քարտեզի գլխին,
    Մարդկային կյանքի գուրման - համտեսներ,
    Թասն ըմոշխնումի, ողբ ու արյամբ լի,
    Թամադա դևի կենացն են գովում…

    Խե՜ղճ աբորիգեն… ձեր բումերանգները,
    Խե՜ղճ մոնղոլ որսորդ… ձեր բերկուտները,
    Խե՜ղճ ապաչիներ… ձեր տոմագավկները,
    Շենքեր են հիմքից գետնամած անում…

    Հղկված տողերը կոյուղիներում,
    Մանկանց ճիչեր են իրենց հետ տանում…


    ԿԻՆՆ   ու   ՀԱՅԵԼԻՆ

    Ստում է, խաբում հայելիս,
    Թե փայլդ խամրել է, հոգիս,
    Աստղերն են ազնիվ ուղենիշ,
    Ու փնտրում եմ գույներս թավիշ։

    Տե՜ր իմ, այսօր ինձ ներիր,
    Սերը թակարդ է լարել,
    Ոտքերս բոհեմ են բերել,
    Ու նկարիչն այս խոհեմ,
    Մտքերս է ողջ պարուրել…

    Սիրտս նա խորն է խուժել,
    Կիրքը լցվել է հոգիս,
    Թող սերն այսօր ինձ տիրի,
    Եվ թուլությունս ներվի…

    Ախ, հոգիս շռայլ գույներում,
    Եվ սիրտս թիթեռ, թռվռուն,
    Այս ուշացածս տարիքում,
    Գլխովին ինձ բոցն են նետում,
    Բախտի մատուցած քուրայում,
    Թևերս փարած խարույկին,
    Ինձ կամազուրկ են այրում…

    Ես հեռանում եմ, հանճա՛ր,
    Նկարդ արդեն ավարտիր,
    Վրձնածդ դեմքիս կնճիռում,
    Եվ բոցից հանգչող սավանում,
    Անկողնուդ մարող մոխիրում,
    Լոկ փոշիս թող մնա ծալքերում։

    Ավաղ հայելիս չեր խաբում,
    Պարզվեց աստղերն էին ստում,
    Փախչել էր պետք բոհեմից,
    Կիսատ, անավարտ հեքիաթից…

    ԲՈՀԵՄ

    Արկածի ճիրան քաղցր բոհեմում,
    Բուրելով գինի, կին էր արտասվում։

    Մոխրաման դարձած սուրճի գավաթին,
    Զուլալ ու վճիտ արցունք էր կաթում…

    Տոչորվող մի կին, կորած ձորակում,
    Զանգակ էր դալուկ, խոնավ ծմակում,
    Սիրո կոչնակ էր բույրը կախլեզվակ,
    Ճկուն իրանի բաղձանքն - Արեգակ…

    Վրձինը մրրիկ բոց աղջամուղջում…
    Նկարչի կրծքում մի սիրտ բնախույզ,
    Քարակուտակում հորատող աչքեր,
    Նրա գտածոն երակ զմրուխտի…
    Կտավը արդեն զանգակ էր երկնում։

    Արկածի ճիրան քաղցր բոհեմում,
    Լքված անկողնու ամեն մի ծալքում,
    Հեռացած զանգակ ծաղիկն էր բուրում։

    ՎԵՐԱՊՐՈւՄ

    Մոմլաթե դեմքով մի սրբուկ պառավ,
    Կարեկից ափով գլուխս շոյեց.
    -Թուխ Մանուկ գնա…
    Գորտնուկներ չունես, բայց մատուռ գնա։
    Առավոտ կանուխ, ավելը ձեռքիս,
    Դարդս պատմելով, մատուռն ավլեցի…

    Մի գնչու անցորդ, թափառող հիպնոս,
    Բանիմաց նետեց.
    -Թե չզլանաս՝  գնա Զանգեզուր…
    Այնտե՛ղ, հռչակվա՛ծ, ամեն ցավի դե՜մ,
    Զորեղ աղոթքով դարման անո՜ղ կա…

    Դա՛ էլ արեցի - երկու օր հետո,
    Գրպանս դատարկ, մարմինս ջարդած,
    Աղոթք լսեցի ու… հիասթափված,
    Դարդս ուղեկից, ետ վերադարձա…

    Անաչառ սրտով վերապրում մնաց,
    Անցյալում թողած ու ներկա դաղող,
    Հպանցիկ բոլոր անցք ու դեպքերի՝
    Վերապրում մնաց…

    ՈւՐԱՑՈւՄ  

    Ժողովված մեկտեղ, գաղութը որդի,
    Վերմակը գլխին, խաշամ կրծելով,
    Յուրացնում է գոյի, դասն ուրացումի,
    Լույսը… կեսգլուխ, տերևից վերև…

    ԻՆՉՈւ

    Թափ տալուց հետո, աստղերը համայն,
    Նույնիսկ… սոփեստի թիկնոցից ունայն,
    Տակը մնում է – մեծ «Ինչու» միայն։

    Վատնելուց հետո կյանքդ վաղանցիկ,
    Նույնիսկ հեռացած կյանքից աշխարհիկ,
    «Ինչուն» է… վերջին – միտքդ հպանցիկ։

    ԵՐԱՆԻ

    Երանի անցավ պոչը թողողին,
    Ժայռին տաքացող անհոգ մողեսին…

    Երանի անմիտ, ցանցառ թևողին,
    Ծաղկունքի գլխին ճեմող թիթեռին…

    Երանի կամոք նահատակվածին,
    Նրա աննկուն հավատամքներին…

    Երանի զարկված բանական մտքին,
    Դավի խմորից բացակա գժին…

    Երանի ծառի ցոգոլ, պտուղին,
    Լոռ քաղցրանալու այդ համբերանքին։

    ՊԱՐՏԱԴՐԱՆՔ

    Կղզյակնե՜ր ի սփյուռ ճոճքի տարերքում,
    Զո՛հք բաժանության…
    Ցմա՛հ պարտադրանք…
    Ե՛տ քաշվեք ջրեր, թափվե՛ք այսբերգներ,
    Մեն – միայնության… ուսից լերկության։  

    ՕՐՀՆԱՆՔ

    Հեռանալ ինչպես գոլորշին ջրից,
    Որ անձրևելդ վերադարձ կոչվի,
    Հեռանալ ինչպես ջիլը աղեղից,
    Որ թողած նետդ թիրախին հասնի,
    Հեռանալ ինչպես արևն օրվանից,
    Ինչպես ցորենը շաղ տվող բռից,
    Ինչպես խոնջանքը բանող թևերից,
    Որ ամբարում լի… արև ու ոսկի…
    Ալյուրն աշխարհից անպակաս լինի։

    ԷԴՎԱՐԴ   ՄՈւՆԿ

    Դեռ քարանձավից, խարույկ բոլորած,
    Բամբուկ ու ոսկոր, պարզապես դակած,
    Երկնքի դեմքին… որոտ ու շանթին,
    Շվի էր փչվում, որպես արձագանք…

    Մինչդեռ մարդկային ցավ, տառապանքը,
    Առավել զորեղ հնչյուն էր փնտրում…
    Լոկ սաքսոֆոնի ոռնոցը մեկնեց,
    Էդվարդ Մունկի «ՃԻՉԸ» սոսկալի…

    ԱՃՈւՐԴ

    Իմ հիշողությունը… որի մեջ կապեր,
    Լավ ու վատ անցքեր, թանկագին դեմքեր,
    Անկատար երազ, հույս ու ձգտումներ,
    Ընտրության առաջ, հավերժության հետ՝
    Աճուրդի դրվեց մութ ուժի կողմից
    Ու վարագույրից պահանջը հնչեց.
    ավերժությունդ կամ հիշողությունդ,
    Հուսախաբ չանե՛ս, ընտրի՛ր թշվառ մարդ։
    Երերուն ձայնով արտաբերեցի.
    -Մաքրած ուղեղով հավերժս թող քեզ,
    Ինձ ապրածիս չափ՝ իմ հիշողությունը…

    ԴԵԿՈՐԱՑԻԱՆԵՐ

    Ժամանակն ինքնին գոյություն չունի,
    Այն ամեն շնչի, փորձության փորձի,
    Հատկացված դասի… տևողությունն է։
    Ընկալվող աշխարհ,
    Կյանք ու շարժումի բազմազանություն,
    Սարքովի պատճառ և հետևանքներ…
    Աներկբայության աղոտ գիտակցում…
    Դեկորացիանե՜ր։
    Մշտապես ներկա, առկա աշխարհում,
    Ժամանակ չկա…
    Առումներ – ներկա, անցյալ, ապագա,
    Բանականներից,
    Տեղում չդոփող մարդուն է ընծա…

    BIG   BANG

    Խոշոր պայթյունից մինչ ամեոբա,
    Տիեզերքն անվերջ պիտի տրոհվի,
    Որ ընդարձակվի…
    Մեկը երկուսի, երկուսը չորսի…

    Մեկից ավելի, երկուսի մեջ է,
    Գոյության պայքար, վայրը բախումի,
    Հանճար – Տխմարի…

    Իսկ, թե մանրագույն կիսումի համար,
    Մանրադիտակի ցուպիկն է անզոր՝
    Ճեղքելու համար նշտարն է խոշոր՝
    Մեկ է… մարդու մեջ բախում պիտ լինի,
    Որ ճշմարտությունն ի դերև ելնի…


    ՈՍԿԵ   ՄԻՋԻՆԸ

    Առանց աշխարհի մեջքը չանգռելու,
    Օջախ չի շինվում… ու առանց կտրել,
    Անտառի ցախը տուն չի տաքացնում։

    Ցավն աշխարհ նետված ուղեկից բեռ է,
    Անթառամ ծաղկի վախը քաղվելն է…

    Մեռնողի բառաչ, մայունը խուլ է,
    Գիշատչի սիրած հնչյունը դա է…

    Արդարն անմեղի դեմքով գազանն է…
    Դաժանը պարարտ փորով անկուշտն է։

    Ի՜նչ արած կյանք է,
    Քարը զարկից է փոխվում քանդակի,
    Բայց… աղավաղվում է ավելորդ կրքից։

    ԱՌԱՋԻՆ   ՁՅՈւՆ

    Հեռացող լուսին, խամրած հայելի,
    Ճմլկոտալով արթնացող ավան,
    Բմբուլի նման թեթև փաթիլներ,
    Քնից թոթափվող թիթեռի թևեր,
    Ճերմակող ծրար, անշուք կտուրներ,
    Կծվահոտ ծխի դալուկ լեզվակներ…
    Մի անշտապ անցորդ…
    Ձնե վերմակի փափուկ ճռճռոց…
    Դունչը պոչի մեջ, մրափող մի շուն,
    Ալարկոտ հաչոց… անհասցե ողջույն։

    60 - ականներ

    Զենիթում կախված հին Արեգակն էր,
    Ամառն անվերջ էր,
    Օ՛րն էլ - քանի դեռ լույս էր…

    Մենք… ոտաբոբիկ, ճաղատ գլուխներ,
    Հինգ, վեց թզանոց անհոգ մանուկներ,
    Թթվահոտ բուրող թթենու ստվերում,
    Գարշապարներս գետնին այրելով,
    Սև ու սպիտակ թութ կոխկրտելով,
    Պարսատիկներով դարան մտնողներ,
    Խեղճ ճնճղուկների հոգի հանողներ…

    Որսորդներ անհոգ և Արեգ մանուկ,
    Օրը անվերջ էր… քանի դեռ լույս էր…

    ԲԱՐԱՋՈՂՈւՄ

    Արքայից արքա մեր երազանքին,
    Բարուրից կրթենք…
    Թե չէ՝ սովոր ենք, մանղալի վրա,
    Քամի անելո՛վ կրակը պահել,
    Թաց փետո՛վ տակառ, կահույք հավաքել,
    Հետո՝… ողջ կյանքում ճեղքերը փակել։

    ՍԵՐ   և   ՄԼԱԿ

    Քո սիլուետին, այրող լանջերին,
    Մոտենալ… անքաշ փաթիլի նման,
    Գողեգող իջնող գիշերվա նման,
    Հանց… մլակ հուշիկ։
    Մոտենալ, ինչպես… ափը կրակին։
    Մոտենալ, ինչպես… գծերն ամփոփած,
    Վարպետի ձեռքում վրձին բեզարած…

    ՄՅՈւՆՀԱՈւԶԵՆ

    Ես հավատում եմ Ռասպեի հերոս,
    Սեփական աջով,
    Սեփական գլխի մազերից բռնած,
    Ոտքերը ձիու կողերին սեղմած,
    Փրկության ճիգով ճահիճից հառնած,
    Ֆիզիկա սերտած… բարոնին ցնդած։

    ՄԵՆՈւԹՅՈւՆ

    Հիպոթալամուս միախառնումի,
    Մեր ընդերքներում, մարդ ու վայրենի,
    Մենք մեր բարության ֆլյուիդների,
    Քավության նոխազ, զոհերը դարձանք։
    Քաոս բարգավաճ ու գուբ ոխակալ…
    Ընկածին հափռող ժանիք չդարձանք,
    Եվ որպես պարգև, մենության բաժինք,
    Հոշոտվողներին բախտակից դարձանք։

    ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉԸ

    Ընդունարանում կյանքեր քչփորող,
    Մեղսավորացս հաշվառող, քննող,
    Ջանասեր, սև թև - ագռավը կարգված՝
    Աչքերիս խորքը զննեց քննախույզ.

    -Կապուտաչյա՛ խելագար…
    Ասե՞մ, թե արդեն ի՛նքդ կռահեցիր,
    Որ պարկեշտության ողջ սեթևեթանքդ,
    Որպես փաստարկում, մեզ չի գոհացնում,
    Դու նախընտրեցիր մնալ ստվերում…
    Ապտակ հասցրիր ստին մեյդանում…
    Արհամարհեցիր քեզ բանսարկողին…
    Եղար ապավեն թույլ ու մերժվածին…
    Անտեսած արքա… գովացիր արծվին,
    Բանջար սիրեցիր… թողած մեծ թիքա։

    Հոգնած նետեցի.
    -Չքվի՛ր ճամփիցս, սևաթույր ագռավ,
    Փորձաքար չնչին, դու օղակ ճղճիմ…
    Մեկ էլ, որ ծնվեմ՝…  պիտի կրկնվեմ։

    ԽԱԹԱՐՈւՄ

    Դուք հորինված էիք ա՛յլ կերպ վարվելու,
    Բայց՝… նախընտրեցիք ապստամբություն։
    Դու՛ք.
    Շեն - շողն Արևի…
    Թերթ… թոշնած վարդի,
    Սավառնող սրտեր…
    Կիրք… մռնչոցը երախում վագրի,
    Սոսկում… մի դժբախտ աչքերում զոհի,
    Որդը տռփանքում… հեղհեղուկ լեշի,
    Հափռած մանրուքներ…
    Բոլորդ մեկտեղ, նստած խնջույքի,
    Դուք հորինված էիք ա՛յլ բան անելու։

    ՎՐԻՊԱԿ

    Կատարելությու՞ն, թե՝ այլասերում.
    Այլընտրանքային բազմազանություն…

    Ատոմ ճեղքելու գյուտն անմեղություն էր…

    Ջերմության աղբյու՞ր, թե՝ Նագասակի.
    Բանաձևողի հանճարեղության հոգսերից դուրս էր։
    Կատարելության ճղճի՜մ թերություն.
    Այլընտրանքային հնարավորություն…

    ՀԱՐԲԱԾ   ՏՈՂԵՐ

    Ունայնը կոծկող պարֆյումներ վանող…
    Դաբաղան արած հումանիզմ շուբե…
    Աթարե շաղախ… ծեփածո պատեր…
    Փայտոջիլների խժռած գերաններ…
    Բոզ ու բոցավառ անլվա շուրթեր…
    Ծովահենություն… գանգ ու ոսկորներ…
    Դրոշներ… փոխված երեսպաշտության…
    Անցավ պատժելու մարդկային հանճար…
    Լինչի դատաստան ու գելիոտիններ…
    Հարթաշրթունքով ճամարտակողներ…
    Խոստովանեցում… վկայություններ…
    Բոցին խորովվող հերետիկոսներ…
    Հեքիաթը հիմքում, խեղված գիտություն…
    Օրենքը քակտած… էգ ու որձ կոկտեյլ…
    Սելվորներ ճռռան… եզ ու սամ խառնած…
    Գենետիկ կոդը մատով քչփորող…
    Ջհուդի քարոզ… սատանի դավեր…

    ԻՄ   ՈւՐՎԱԿԱՆԸ

    Ճտքավոր կոշիկ, տաքուկ վերարկու,
    Ձյան մեջ տկլորթաթ, փքված աղավնի,
    Ունկերս սրված… շրշյունը ճայթյուն,
    Ղունղունում է նա, ձայնը մի որոտ…

    Գուլպաներ բրդյա, ձեռնոցներ կաշվե,
    Հայացքս կոտրած սառցե լճակում…
    Սառնարյուն մի ձուկ ջրի մեջ սահում,
    Հեգնում է մրսկան իմ ուրվականին…

    Տաք թեյը մտքիս, ծխախոտ դնչիս,
    Ահեղ չլմփոց, ամեն դոփյունիս…
    Հարատևության հարցմունքը սրտիս,
    Նախասկիզբ գոյի քարանձավներից,
    Շրջվում եմ դեպի ջեռուցվող ներկա…

    ԱԶԱՏԱԳՐՈւՄ

    Դու՛ք «անսխալականներ»,
    Փետրավոր սրբեր,
    Կիսաստված սողուն,
    Կիկլոպանմաններ,
    Բանական թափոն…
    Ձեր մտքի ծիրում էլ մեզ չե՛ք վանի.
    Մեր ներկայությունը,
    Թեկուզ տապալված մի գիտափորձի,
    Արդյունքում իբրև ինքնաբավ մանրէ՝
    Ինքնամաքրվող հատկություն ունի…
    Ձեր խարդավանքի խեղված գենոմը,
    Հե՛նց մարդն ի վերջո,
    Աստղային մարտում ձեզ կմարդացնի…

    ՁԿՆԱՅԻՆ   ԼԵԳԵՆԴ

    Որսը որսորդի հախիցը եկել՝
    Վտառը խինդով ծփում էր, խնդում…
    Քարի պես ծանր, քաղցած ձկնկուլ,
    Զարկվում էր ծովին, վիժում, վրիպում…

    Ամեն ինչ սկսվեց՝
    Պապուասների կղզու թալանից…
    Բիրտ ծովահենները, փոթորկի պահին,
    «Յո - հո՛ - հո՛…» երգը հարբած շուրթերին,
    Մարգարիտները տախտակամածին,
    Առագաստները հանձնած տարերքին,
    Սուսերախողոխ արին մեկմեկու…
    Նավը ցռուկով ցցվեց տիղմերում,
    Ապխտած միսը, ռոմ ու պաքսիմատ,
    Կյանքի նպատակ – մնաց ամբարում…

    Որսը որսորդի հախիցը եկել՝
    Վտառը խինդով ծփում էր, խնդում…
    Գյուտի հեղինակ՝
    Թեփուկը թափած մի ձուկ էր ցնդած.
    Խցանը հանած մեկ տակառ ռոմը,
    Վտառն իր ուսով ափ նետեց մի օր…
    Ու վրիպում է որսորդը քաղցած,
    Քարի պես ծանր, ձկնկուլ հարբած,
    Զարկվում է ծովին, վիժում պարտված…

    ԱՂՈԹՔ

    Տար ինձ քո անտես, անլուր ճախրանքում,
    Վախ ու սրտխառնոց… գլխապտույտնե՜րս,
    Խեղդած քո գրկում…
    Մի թող ինձ սրի քաշած աշխարհում,
    Մի թող ինձ ծնկած, խառնակ քաոսում,
    Մի թող, որ ցամքեն քո գառան բկում,
    Ճմռած ստինքներդ… մերժվածիս բռում…

    Վախ ու սրտխառնոց… գլխապտույտնե՜րս,
    Խեղդած քո գրկում, տար քո ճախրանքում,
    Հետո գահավեժ - բաց թող գրկիցդ,
    Թող անդնդախոր վիհի մեջ կորչեմ,
    Թող փրփրադեզ գետն ինձ կլանի,
    Խլի՛ր, թե կուզես, բանականություն,
    Բայց հիշողությունս… թող այն ինձ մնա։

    Ո՜Վ   ԳԻՏԻ

    Գավաթս դատարկ, դու օդի նման,
    Քեզնով էր լցված հատակից բերան…
    Եղավ՝ - գինու պես քեզ վերադարձա,
    Գավս լցրեցի… քեզ դուրս մղեցի…

    Ամայի ափ էի, ավազներս թաց,
    Տեղատվությանդ ջուրը ամբարած…
    Եղավ՝ - միրաժի նման հայտնվեցի,
    Ափս չորացրի… ավազը ցամքեց…
    Ես ընկուզենի, հաստաբուն համառ…
    Դու մի գանձատուփ սաղարթներիս տակ,
    Ոսկեխույզի պես՝ - ես կույր, մոլագար,
    Քոքս քանդեցի… գանձս վատնեցի…

    Ո՜վ գիտի… գուցե գրիչս սուսեր,
    Խաչագող դառնայի անխիղճ ու անսեր,
    Բայց՝ -  թանաքամանս քեզանով լցված,
    Դարձա մի պոետ… սերս ծանր բեռ…

    ՃՇՄԱՐԻՏԸ

    Նա՛, որ մերձեցավ բնությանն այնքան,
    Որ էլ չէր զատվում քար ու ծաղկունքից,
    Նա՛, որ ձուլվելով կաղնու հաստ բնին,
    Կնճիռ էր դարձել ծառի կեղևին,
    Նա՛, որ մերվելով քար անդաստանին,
    Զրկեց ժայռերին ճեղք ու ծերպերից,
    Նա՛ է ճշմարիտ… միա՛կ ճշմարիտ…

    ՄԻՏՔԸ   ՆԺՈւՅԳ

    Այնտեղ, ուր ժամանակը կոլապսի մեջ
    Ու լռությունն է տիեզերքից դուրս,
    Գաղտնիքով հղի արգանդ կա մեղքի
    Ու ոչնչի մեջ աբսուրդն է առկա…

    Այնտեղ չես հասնի մտրակով շառաչ,
    Գերձայնայինով կամ լույսը թամքած։

    Մեղք վիժեցնելու տարբերակ չկա.
    Սոսկ միտքը մի պահ, եթե կամենա,
    Կամքը սրընթաց նժույգ կդառնա…
    Երկլեզվի գանգը, մեղքը արգանդում,
    Սմբակով ճզմած - ետ կվերադառնա…

    ENIGME

    Աշխարհն աշխարհով, մեղուն իրենով,
    Ու երջանիկ է մի կում նեկտարով…

    Խլուրդն իր ծակով, բազեն երկնքով,
    Թիթեռը գոհ է անքաշ ճեմելով…

    Ու մռնչում է խոշոր կատվազգին,
    Որ չախկալի լաց, կաղկանձը վանի,
    Ու հռհռում է փորը քորելով,
    Գաղտնիքի տերը, կապիկը արթուն.
    Անմիտն իր օրով, խելոքն անհունով,
    Մարդը դժգոհ է ինքն իր տեսակով…

    ԷՋԱԹԵՐԹՈւՄ

    Մարմինդ ինչպես հայելի ամպոտ,
    Ու շաղդ մաքրող մի ափ զգուշավոր…

    Լանջերիդ ետև, ոնց պաղ առավոտ,
    Գծագրությունդ արեգակ պագշոտ…

    Կուլ տված խոսքեր ու աչքեր թխպոտ…
    Դատարկ ամպրոպի մի ամուլ ճայթյուն,
    Ծիածանվելու հույսի փարատում,
    Մեր կապը քակտող գոտու արձակում,
    Բայց… ուրվականս քո խոհանոցում,
    Առաջին ափսեն է հատակին կոտրում…

    Ու… պայծառացման լուսապսակով,
    Գլխիս շուրջ ոչինչ, ծվեն չեմ փնտրում,
    Ծնկիդ բացվածքում էլ քեզ չեմ տեսնում…

    Եվ…  ուրվականս քո խոհանոցում,
    Վերջին ափսեն է հատակին կոտրում…

    ԵՂՅԱՄԻ   ՆՄԱՆ

    Վաղը…
    Այսօրվա նման…
    Ինչպես, որ երեկ…
    Հանուն լինելու…
    Ամեն առավոտ…
    Անկոչի նման…
    Դուռդ կթակեմ…
    Ու չեմ ձանձրացնի…
    Տողեր հավակնոտ…
    Եղյամի նման…
    Կիջնեն մտքերիդ…
    Ու… կանէանամ…

    ՆԱՐԵԿԱՑՈւՆ

    Բարբառի՜չ զորեղ,
    Զուգաձայն մեկնիչ,
    Օ՜… գոյակ հեծող,
    Բնությամբ բարի,
    Պապանձիչ չարի,
    Հոշոտվող լսողաց,
    Սրտակեզ խոսքով,
    Անսասան մեղքին,
    Սաղմից որովայն,
    Զինաթափությամբ,
    Ծնրադիր անող,
    Ամոքիչ ցավի…
    Ջախջախիչ հանճար,
    Օ՜… Նարեկացի…

    ԹՈՆՐԱԿԵՌՍ   « Է »

    Թե անհայտության լուրթ խառնարանից,
    Հառնումը մարմնիս, տձև էությամբ,
    Իմ ներկայությու՜նը… ընդերքից բխող,
    Աղբյուրի նման… ցավ, տառապանք չէ,
    Հապա ներշնչված տողերս ծանծաղ,
    Խմելու համար պիղծ են ու տարտամ…

    Դեմքս հողմահար, մեջքս կացնահար,
    Մատներս այրած, կոշտուկներ ճաքած,
    Թոնիրն իմ առջև, ծունկս պռունկին…
    Էությունիցդ, դեմքիցդ անհուն,
    Խորհուրդ ու իմաստ Արեգակիցդ,
    Մի պտղունց պոկած, թոնիրս նետած,
    Հում խմորիս տակ տողերս հունցած,
    Եփու՜մ եմ ընծադ, հա՜ցն իմ հանապազ,
    Կյանքս բովանդակ խոսքի վերածած…

    Ու ամեն անգամ, հացս հանելիս,
    Քո խորհուրդի մեջ գլխովին հակվում,
    Տիեզերքիցդ իմաստս գտնում,
    «Է» - աձև կեռով ապրուստս հանում,
    Մեջքս շտկելով, քեզ փա՜ռք եմ ասում։

    ՏԱՐԱԺԱՄ   ԱՂՈԹՔ

    Տե՜ր, ամենազո՛ր…
    Զեղծարարության մերժողին գտի՛ր,
    Որպես առաջնորդ միա՛կն առաքիր,
    Լքվածիս զորքին դու սատա՛ր կանգնիր։

    Ու՜ր ես, առաջնորդ…
    Դասալքումի առաջը փակի՛ր,
    Հերոսացումի առիթն ընձեռնված,
    Հայ լինելովս մի՛ սահմանափակիր,
    Կոչ թնդացնողը ծարավ ունկերիս թող ընծա դառնա,
    Թող պաղ արյունը սրտերում եռա,
    Անտեսված հերոսը… Վահագնը ե՛տ գա։

    Տու՛ր, ամենազոր…
    Մարդկության ճղճիմ քանքարով հյուսած,
    Սարդոստայնիցը ելքեր գտնելու շնո՜րհը կորսված,
    Թող զորավարը, քեզմե առաքված,
    Քակտելով կապեր, հանգույցներ լուծի,
    Խաղաղ ծովածոց, հանգրվան տանի…

    Տե՜ր, ամենազոր…
    Գոռոզությանս ո՜րդն էլ դու՛ տվիր,
    Լավ ու վատ որակ… քե՛զ եմ պարտական…
    Արդ՝ պաղատում եմ.
    Զսպի՛ր խորշելի կիրք ու ցանկություն,
    Վանի՛ր իմ միջից այլատյացություն…
    Անցողիկ նյութից հայացքս շեղիր,
    Մորթապաշտությամբ, ընչաքաղցությամբ,
    Ուրիշի աչքում փուշը ցուցանող կույր միտքս բացիր։

    Ու հենց բարուրում, այն մայրը սգա,
    Որի զավակը… ազգն իր ուրանա…

    ԳԻՇԵՐ   ու   ՑԵՐԵԿ

    Հավիտենության երգը կրկնվեց.
    Գիշերն անվերծան խազեր շաղ տվեց,
    Զանգակատունը աստղերով լցվեց,
    Համր երգեհոն երկինքը երգեց,
    Թմբկաթաղա՜նթս… ավաղ, պարտվեց։

    Անխորտակ միտքս թողած երկնքում,
    Մեղավոր հայացքս խեղդած գավաթում,
    Լինելությանս հարցն եմ որոճում…

    Հավիտենության երգն է կրկնվում.
    Համակերպությամբ բաժինքս առնում,
    Թռիչքի հույսով խոր քուն եմ մտնում,
    Ոտքերիս տակից հողն է նահանջում,
    Արթնանալու՜ցս… անթև եմ լինում։

    ՍԻՐՏՍ   ու   ՄԻՏՔՍ (26.09.13.)

    Գահընկեց արի թելադրող մտքիս,
    Հլու ստրուկ դարձա մտրակին սրտիս,
    Լեղի սափորում անունդ խառնի,
    Օշարակի պես թուրմը խմեցի…
    Մահապարտությամբ բախտն ընդունեցի,
    Բոլոր ճամփեքից - քոնը ընտրեցի,
    Դրոշիս վրա անունդ գրած,
    Նվիրյալի պես անձս ուրացած,
    Խարխափումներում… մոռացվածությամբ,
    Սլաքն ընդվզումի սրտիս չուղղեցի,
    Անտեսվածի պես բախտ չանիծեցի,
    Էլի մեղավոր ինձ գանակեցի…

    Թող իմ գահընկեցը - արքան հոխորտա,
    Ես էլի՛, կրկի՛ն… սիրտս եմ ընտրում,
    Դրոշիս դաջված անունդ պաշտում…

    ԾԱՂՐԱԾՈւՆ

    Ծնրադիր մարմնի ծակոտկիներում,
    Ճողոպրող մժղունք, փշաքաղոցք էր…

    Ընդոստնող շանթեր, որոտ ահարկու,
    Դեմք ու պարանոց հանձնած տարափին,
    Ծիծաղի վարպետ լացող ծաղրածուն,
    Փախուստ էր տվել ինքն իր կրկեսից…
    Ողջ բեմը թակարդ, որոգայթներից…
    Ինքն իր դեմ ելած բարեպաշտությամբ,
    Փարիսեցիությամբ գրված սցենարից…
    Դատարկ ծափերի ալեկոծումից…
    Անվանակոչին իր ներկայությամբ,
    Անպատեհությամբ ցուցակում առկա,
    Այդ խաժամուժում իր թյուր գոյությամբ,
    Իր հագ ու կապից…
    Քաղաքակրթական հսկա դիմակից…
    Կենտրոնում գայթող փուչ ռևերանսից…

    Ծնրադիր մարմնի ծակոտկիներում,
    Ճողոպրող մժղունք, փշաքաղոցք էր…
    Սելավը արդեն ծնկին էր հասել,
    Երբ բեկյալ ձայնով ծաղրածուն գոչեց.
    -Տե՜ր… ընտելացել եմ զարկիդ շառաչին,
    Կամ՝ կորսվածիս ափսեն ցուցանիր,
    Կամ գետնամածիս… մարմինը շանթիր։

    (26.09.2013.)

    Ս-աղարթը պակսեց մեր գլխավերև...
    Ո-րբացանք կոտրած ճյուղի տապալմամբ...
    Ս-թափության կոչով սերը համբառնեց...

    ԱՍՎԱԾ   ու   ՎԱՌՎԱԾ

    Ֆիզիկոսները պնդում են համառ,
    Թե լույս… առկայծում,
    Ձայն… ամեն շրշյուն,
    Առանց մարումի,
    Ելման կետից են անվերջ հեռանում…

    Թերզարգացածը աչքեր… ունկերն են։

    Հակառակ դեպքում՝
    Է՜ն գլխից ասված…
    Ամեն սիրտ վառված…
    Լսել, տեսնելով, կամ պիտի գժվեինք՝
    Կամ էլ՝ փրկության ճանապարհ գտնեինք։

    ԲԱՆՏՈւՄ,   ԼՈւՍՆԻ   ՎՐԱ

    Ինձ մնացել է գորշ պատին խազած,
    Ոմն հեղինակ,
    Մի սրբապատկեր…

    Ինձ մնացել է ճաղերի ետև,
    Մի պատառ երկինք, որպես կարկատան,
    Թզբեհիցս կախ շարած ծվեններ,
    Լուսաբաց…
    Կեսօր…
    Ու գիշերներ ծոր…

    Ես լուսնի վրա, բայց դեռ բանտում եմ,
    Ճաղերից անդին, վաղուց թռչուն եմ…

    ՓՈւՇ

    Այլընտրանքային սնունդն ավելցուկ,
    Հանիբալիզմից ակամա շեղված,
    Մարդակերության ծածուկ պուրակում,
    Իմ ընկած տեղում թող ծառ չբուսնի,
    Պոռնիկ, մերկանդամ համաստեղության,
    Արձանաշարքում նյութապաշտության,
    Իմը չլինի…
    Հոգեբույժներիս շվաքի ներքո,
    Կեղծ բարեպաշտության ջունգլիներում,
    Նստելու հարմար թող քար հայտնվի,
    Լսածս բազում ձայների շարան,
    Տող… վերծանումի սոսափյուն լինի,
    Ծուռ նոտագրությամբ խեղված մեղեդի,
    Շեղ ժամանակում հեքիաթ շեփորվի…
    Իմ ընկած տեղում մի փուշ թող ծլի,
    Գիշատիչ սրտով մթագնողների,
    Բանջարի հարգը արժեզրկողի,
    Կոկորդում լռվի…

    ՀԱԿԱՄԱՐԴ    (անտիպոեզիա)

    Ստրուկն իրավամբ, անապատ քշված,
    Յուր էության մեջ… ոխը թթխմոր,
    Ջհու՜դը նվաստ, երկնեց հակամարդ…
    Մութ կեսը արթուն գայլամարդուկի,
    Նյութելով դավեր, խեղդեց լույս կեսին,
    Դրախտ ու Դժոխք – պատկերացումի՝
    Փոխատեղումի հիմքերը դրեց…
    Ռիբտիլոիդի մոլագարությամբ,
    Հիմնեց օթյակի վարպետաց դասեր,
    Մեր օրեր հասցրեց դինաստիաներով,
    Խամաճիկության վարպետ մասոններ…
    Մոգոնեց աշխարհ – կեղծարարությամբ,
    Բուրգի գագաթում ցիկլոպի աչքով,
    Կարգեց ութոտնուկ, մագնատի թաթով.
    Մատներից կախած մարդկություն խաբեց,
    Աշտարակաշինությամբ… լեզուներ խառնեց,
    Ամենքն իր կերպով՝ կրակը նետվեց…

    Փոխանակ Լուսին ու Մարսը անցած,
    Մարդ լույսը սանձած, եթերը ճեղքեր՝
    Դեռ երկաթասայլ, Երկիրն է դոփում…

    Աշխատանք, շուկա… թող նաև թատրո՛ն,
    Սառնարան… ապա՝ ճերմակ ունիտազ,
    Իսկ ամենավերջում՝ հայտնի է… լռեմ։

    Եվ՝… շարունակում ենք հայելու առջև,
    Հիանալ մեզնով, մարդեղենությամբ,
    Մեկս զառամյալ, մյուսս դեռ փթթող,
    Սակայն բոլորս, ներսից խժռվող,
    Այդպես էլ ննջող անլիարժեքությամբ…

    Գայլամարդուկը գառան մորթու տակ,
    Դրախտ ու Դժոխք – տեղերը խառնեց,
    Լույսին հեծնելուց մարդուն հեռացրեց,
    Խեղճ ինքնաթիռների հույսին մեզ թողեց.
    Էլ ինչպե՞ս մեր ձին… հրեղեն ցատկով,
    Օձագալարի գլու՛խը ճզմի - ահեղ սմբակով։

    ԳՈՅԵԼ

    Թույլ տուր անուրջիդ առանց վարանել,
    Գոյել երկմտող մտքի խաբկանքում,
    Աշխարհ թողնելիս, թեկուզ քարի տակ,
    Պահպանել հույսը… վերադառնալու…

    ԷՎՈԼՅՈւՑԻԱ

    Թվացյալ քաոս համակարգումից,
    Դրսևորումի լույս ու խավարից,
    Անհրաժեշտաբար…
    Բանականությամբ…
    Դրդված ու մղված… ամեն արարքի,
    Ինքնարդարացման պատճառը գտնող,
    Արդարության դրոշը ճոճող,
    Փոքրի՜կ մարդուկներ,
    Թույլ տվեք կիսվել ձեր նմանակի,
    Փորձ ու դիտարկմամբ…

    Ժամանակից շուտ, իմաստուն առակ,
    Բոցաշունչ կոչեր…
    Անժամանակյա՛ է։

    Մեզ չե՛ն փրկելու… ոգի անխորտակ,
    Եվ ջանք վարպետաց խուսանավորդի…

    Մենք մեր բնազդով,
    Ինքնամոռացաբար,
    Կնետվենք մարտի,
    Բայց՝… մանևրելու ճարպիկ շնորհով,
    Կհաղթանակեք դու՛ք…
    Գլխաքանակո՜վ…

    Մենք ու Դուք - անշեղ կողմերը ծրագրի…
    Մե՛նք - ազատությանը կուրորեն խաչված,
    Դու՛ք - կշռադատված ու գերևարված,
    Բանական մտքին…

    Մենք կհամբերենք տիեզերքի հետ,
    Ու կմխմխանք անշեջ բոցերում…
    Դուք՝… կմարմրեք անհայտ խավարում…

    ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ…

    Երկուսն ու աշխարհ.
    Մեկը ծղոտով բզբզող մանչուկ,
    Մյուսը խաղի զոհ… հոգեհան մժղուկ…

    Օգնության աղե՜րս… հառա՜չ ցավագին,
    Կոտրված ոտքով համրահունչ մի ճի՜չ…

    Փրկչագործության դասը խլացել,
    Մժղուկին լքել, մենակ են թողել…

    Հանգամանքներն են օրինաչափություն.
    Մայր է… թե կանչի՝
    Մանչուկը դժկամ խաղը կթողնի…

    ՀԱՅԸ

    Թող որ ծոծրակիդ հին փառքը շնչի.
    Հիշելու համար ետ մի շրջվիր…
    Թող որ ուսերիդ հին ցավը տնքա.
    Շիտակ կեցվածքդ սողալ չդառնա…
    Թող մոլագարված աշխարհը ֆռռա…
    Մարդկային կրքի շքերթը եռա՜…
    Գալիքն ալիքված թեկուզ ծառանա՝
    Անկաշառ մարմնում սիրտդ դիմանա,
    Դիմակայության փոթորիկներում՝
    Լապտերիդ լույսը դողա… թրթռա,
    Կառամատույցում՝… խելոքդ ցնծա։

    ՇՏԱՊ

    Թե աշխարհակարգին ուժն է թելադրում՝
    Ուրեմն հառա՛ջ, թող այդպե՛ս լինի.
    Արթնացեք հայոց սրբազան մայրեր,
    Երկնեք հանճարեղ հրաշամանուկներ…
    Թող նրանք խաղում վիշապներ քաղեն,
    Գոյատևության լեզուն յուրացնեն,
    Գիտության պարապ խորաններ լցնեն,
    Թող ատոմային զենքին հակադիր՝
    Հյուլեն մեջտեղից բազմակի ճեղքեն,
    Հավասարության դաշտ տեղափոխվեն,
    Թող տիեզերքի շանթերը սանձեն,
    Հայկի պես հպարտ աղեղը ձգեն,
    Էրգրի լեռներին անսասան հենվեն,
    Գերհզոր զենքի բռունցքը դարձած՝
    Ուժեղի դիրքի՛ց մարդկություն պաշտեն…

    Թե աշխարհակարգին ուժն է թելադրում՝
    Ուրեմն հառա՛ջ, թող այդպե՛ս լինի.
    Արթնացեք հայոց սրբազան մայրեր,
    Երկնեք հանճարեղ հրաշամանուկներ…

    ՔԵԶԱՆԻՑ   ԹԱՔՈւՆ

    Քե՛զ… քեզանից թաքուն,
    Հետապնդող կպչուն մտքի պես,
    Հմուտ… բայց շիվար հացթուխդ հումքից,
    Մրիկով հիվանդ քո ցորենացուց,
    Ալյուրդ հունցեց սրտի տաշտակում…

    Քե՛զ… քեզանից թաքուն,
    Հետապնդող կպչուն մտքի պես,
    Հմուտ… բայց շիվար գայլը ծովագնաց,
    Մրրիկդ սանձեց կործանարար,
    Ափ հասցնելով նավդ կորուսյալ…

    Քե՛զ… քեզանից թաքուն,
    Հետապնդող կպչուն մտքի պես,
    Հմուտ… բայց շիվար մարդս կավածեփ,
    Հոգումս ծածուկ պատվանդան հիմնեց,
    Ցեխիդ շաղախից քանդակդ ծեփեց…

    Քե՛զ… քեզանից թաքուն…

    ԿԱՐՃ   ՄԻԱՑՈւՄ

    Երկկենցաղության դարերից առաջ…
    Նախքան հողեղեն կավում թրծվելը…
    Մեզանից խլվելց մեր հիշողությունը,
    Դեռևս նախքան ջրից դուրս գալը,
    Երբ ականջներս դեռ խռիկներ էին,
    Ու ծակոտկեներս թեփուկով պատված։

    Որպես մարտկոցներ հավերժի խաղում,
    Մեզ մնաց միայն մաքառող ոգի,
    Ցամքող, ծերացող բեկյալ մարմիններ,
    Ցավին արձագանք - բռաչափ սրտեր…

    Ունայնից հոգնած, կարճ միացումից՝
    Արգելված ծառի պտուղ ճաշակվեց,
    Բանականությամբ - բնազդը խեղդվեց,
    Բնությունից դուրս - բացակա դրվեց…

    Մեզ թողվեց նետված ընտրելու մարմաջ,
    Խաչմերուկներում անորոշ խարխափ,
    Ու՝… մոլորյալի շփոթում հյուսած,
    Հույսի կրոններ, թողության առակ…

    Մեզ մնաց միայն մաքառող ոգի,
    Ցավին արձագանք տառապյալ սրտեր,
    Ցամքող, ծերացող բեկյալ մարմիններ,
    Ու… հավերժի մեջ դեգերումների՝,
    Ելման սանդղակը - թատրոն աբսուրդի։

    ՍՂԱԳՐՈւՄ

    Ամեն, ամեն ինչ իր տեղն է ընկնում,
    Երբ գիտակցության ցուպիկը բացվում,
    Առայժմ լռող երկնքից շեղվում,
    Հենց մեր քթի տակ օվկիանն ենք տեսնում,
    Եվ մեզ թելից կախ խաղացնողներին,
    Այնտե՛ղ ենք փնտրում։

    Ամեն, ամեն ինչ իր տեղն է ընկնում,
    Երբ կենտրոնախույս առանցքի շեղմամբ,
    Ծովը ցամաքում… ցամաքը ծովում…
    Պատճա՜ռն ենք տեսնում։

    Երբ գիտակցության ցուպիկը բացվում,
    Ամե՛ն, ամե՛ն ինչ իր տեղն է ընկնում,
    Եվ անապատում քրմապետության,
    Խեղճ փարավոնները շինարարներից՝
    Դառնում են կրկին տհաս մումիաներ,
    Մնալով միայն ավազում թաղված,
    Գտնված բուրգի գագաթ պեղողներ…
    Տի՜ղմը հեռացրած, սոսկ՝… աղբահաններ։

    ԲՆԱԶԴՆԵՐ

    Մտրակի ծայրին ցավն է ստրկացնում,
    Քաղցելու ահն է մարդուն ճորտացնում.
    Անցյալը… ներկան… գալիքը մեկտեղ,
    Մարմինը պատիժ քաշից է զրկվում,
    Երբ նպատակը բնազդներ խեղդում,
    Թյուրիմացությունից պրծում է տենչում։

    ԹՅՈւՐԻՄԱՑՈւԹՅՈւՆ

    Անժամանակյա վանող տաղտուկում,
    Հանճարեղ խենթի մենության բովում,
    Ունայն հավերժի խմոր քաոսում,
    Ձանձրույթի ճիչով երկնած կտավում,
    Անփառունակին - վայրագ պարտեզում,
    Ճանկ ու ակռայով նախoրոք զինել,
    Համեմատվելու խանդով տոգորել,
    Ստամոքսում քաղցի կծկումը դնել,
    Ավա՜ղ, դեռ սաղմում, մեղքով պարուրել,
    Ապա ունկերին «Սիրի՛ր» հորդորել՝
    Թյուրիմացությու՛ն է…
    ԵՍ   ՏԻԵԶԵՐՔՆ   ԵՄ
    Ծակոտկեներիս սովոր մրմուռից,
    Իմ… տիեզերքից՝
    Ազատագրվել եմ ուզում ինձանից…

    Թերությունների կծիկ, թնջուկն եմ,
    Մարդկային կրքի խառնարան, թուջն եմ,
    Ծով-ծով հույզերի ալեբախումն եմ,
    Գայթակղությունների փայլերը, շուքն եմ,
    Նվիրական հույսի հավատքը, լույսն եմ,
    Խեղված խաբկանքի հուսալքումն եմ…
    Հովազի ցատկում կամքն ու մկանն եմ,
    Զոհի փախուստում սայթաքած ոտքն եմ,
    Օձի հայացքում կենտրոնացումն եմ,
    Թիրախի մարմնում թույնի կաթիլն եմ…
    Հանցավոր մտքի ուտիճն ու որդն եմ,
    Եռացող մեղքի գինու կարասն եմ…
    Զղջում, կեղեքման խարույկի բոցն եմ,
    Կարծր քարերի լուռ համբերությունն եմ,
    Այսբերգներ շոյող ջերմատու շողն եմ,
    Անհուշ թաղվածի թմբին ծնկներ եմ…
    Վերածնունդի սերմնացան ցուլ եմ…
    Բոլոր ու մոլոր… սրտերի սիրտն եմ…
    Ես հորինողն եմ ու… տիեզերքն եմ…

    Ծակոտկեներիս սովոր մրմուռից,
    Իմ… տիեզերքից՝
    Ազատագրվել եմ ուզում ինձանից…

    ՔԱՐԻ   ՊԱՏՄԱԾԸ

    Խոսի՛ր մամռապատ դու քար զառամյալ,
    Ժպտա՛ գորգածածկ քարաքոսիդ տակ,
    Խզի՛ր բաժինքդ համրության պատանք,
    Պատմի՛ր գլխովդ անցած դիպվածներ…
    Հիշի՛ր խլուրդներ… գրկումդ ծնած,
    Հիշի՛ր ծոցիդ տակ բնակռած օձեր…
    Երկնքից նետված ընկույզ, սրունքներ,
    Միջուկ… ոսկրածուծ պաշտող թռչուններ,
    Ուսովդ սրած մագիլ, կտուցներ…
    Ծնկիդ խոնջացած բեզար ճամփորդներ…
    Խոսի՛ր մամռապատ դու քար զառամյալ,
    Խզի՛ր բաժինքդ համրության պատանք…

    L'Homme

    Ծննդյան օրից… բոլոր ջրերի,
    Լողակ… թիակով գոյատևողի,
    Ականջս հանձնած քաղցր կարկաչի,
    Հոսում էի… նախքան երախն ընդերքի,
    Մինչ առնչվելս բեկված ճամփեքի,
    Խորխորատներում… պատռված սրտի,
    Էությանս մեջ… իմ երկփեղկումի,
    Երբ մեջքս կոտրած հորը նետվեցի,
    Երբ ջրիս կարկաչը փոխվեց շառաչի,
    Երբ ջրվեժ ծնվեց… ոռնոցում ցավի,
    Ուր ցավագալար մարմնով զարկվեցի,
    Սալ ու ապառաժ, հատակին վիհի…
    Ջրափոշու ամպ  տարափս դարձրի…
    Հյուլեաշաղս… ծիածանվեցի…
    Վերաձուլվելով… միաբանվեցի…
    Յոթ գույն ճաշակած… հունս կաթեցի…

    ՍՐԱՑՈւՄ

    Դարձել եմ զննիչ օտար ապրողաց.
    Կարթից կախ ընկած ձկանը նայում՝
    Նրա կուլ տված որդին կարեկցում՝
    Ես վաղուց արդեն, վաղուց չեմ ապրում։

    Հայացքների մեջ թախիծն եմ տեսնում…
    Կոտրվող ճյուղի ձայնն է սղոցում…
    Ժխորում կորած սվվոցն եմ որսում…
    Դաբաղի վրա ծիկն եմ նկատում…

    Իմ փոքրիկ թասում փոթորիկ հանում՝
    Երկնքի սրսուռ աստղերին նայում՝
    Վերքեր ամոքող մտքեր որոճում՝
    Ունայնը քննող տողեր եմ շարում…

    ՉԿԱ…

    Անարատ գլուխ, զուլալ միտք չկա,
    Մեր «մեղա՜ն» վկա…
    Թառելու համար՝ ազատ ճյուղ չկա,
    Ամենուր ագռավ, ծերտերը վկա…
    Ինքզինքդ քեզնից պրծումը չկա,
    Վառած մոմերիդ քանակը վկա…
    Նույնիսկ հոգնելու… էլ սիրտը չկա,
    Հրմշտոցներում տունդարձդ վկա…
    Հուսալքվելու՝ իրավու՛նք չկա…
    Մեռնելու համար՝ ժամանակ չկա…
    Ապրե՛լ… հաղթելու՛դ մղումը վկա։

    ԿՈՄԻՏԱՍԻՆ

    Նախաստեղծ բանի ելևէջքներում,
    Անդրաշխարհիկ դողդոջուն ձայնով,
    Մոռացված ոգու… հավատքի քննիչ,
    Քարե սրտերում տրտմանք հարուցիչ,
    Անանց կարոտի… վերքի ամոքիչ…

    ՄՈԳԱԿԱՆ   ԱՇՈւՆ

    Քունը արթնության անախորժ դադար,
    Երազ հայտնության… ցնո՜րք թևանցուկ։

    Առանց սեթևեթ… ափով մոգական,
    Քամին է շոյում խուճուճն անտառի,
    Սանրում հուրհերը տերևաթափի…
    Հերարձակ, խոնարհ, մերկացող ուռին,
    Հանդերձը հանձնում է բանսարկու առվին,
    Զոհաբերության բերված ստրկուհին,
    Պատրաստ է տրվել ձմռան տարփանքին։

    Չորուկը տխպում է ջրի երեսին…
    Քշվելով՝ - «Ուռի՛, ա՜խ ուռի…» հեծում…
    Քչքչան առվում մելամաղձ… կարկաչ,
    Հեռացող չորուկ… սոսափյուն… հառաչ։

    ԲՈԺՈԺ

    Միակ… անթերի իմ ձեռքբերումի,
    Թերության կոծկիչ… կծիկ բոժոժի,
    Մետաքսաթելի խառնիճաղանջում,
    Շառավիղներիս կետն եմ կարկինի,
    Ուր սիրտս ազատ ու միտքս արձակ,
    Ճողված ոտքերիս բացվածքում նեղված,
    Մինչև վերջ պրկված…
    Մնում եմ կրկին բոժոժում գոցված։

    Ասեղնագործ են իմ առաստաղները,
    Աստղ են ծիկրակում վանդակաճաղերը,
    Վարպետ որսորդներ են տարանտուլները,
    Որոգայթներ են հյուսված բարուրները…

    Մետաքսաթելի բուծարաններում,
    Ժանեկագործի իլիկ… պտույտում,
    Բոժոժում գոցված, սարդի ոստայնում,
    Էլի ու կրկին…
    Անկոտրում սիրտս է ազատ տրոփում։

    ԱՐԱՅԻ   ԼԵՌԸ

    Արայի լեռան գոգ ու լանջերին,
    Շաղ տված ծաղկունք, վառվող կակաչներ,
    Տեղ-տեղ գլխիկոր, կոչնակ զանգակներ,
    Ժրաջան մեղվի բզզացող պարսեր,
    Դեղձանիկների հեռավոր դայլայլ,
    Զույգը կորցրած հոպոպի պու՜… պու՜…

    Սրբի քարայրում բուժիչ արցունքներ,
    Կաթոցքի ձայնին համահունչ մրմունջ,
    Ծնկած, խոկումով աղոթող մարմին,
    Խոստովանանքի պեղված զեղումներ…

    Արայի լեռան հեռավոր լանջին,
    Ջրվեժի ճերմակ փրփուրի նման,
    Հագեցած գառան սուրու… վայրէջքում։

    Պարզկա երկնքի մթնդակ ծոցում,
    Ամպակուտակի արագ խմորում,
    Դույլով տեղացող անձրևի խոստում,
    Ծակուծուկ շտապող մժղունք ու թռչուն…
    Ծաղկաթերթերն են տագնապով կոծկվում։

    Որոտը արդեն դհոլ է զարկում…
    Մեղվակեր ճանկած բազեն է ճչում…
    Թաթերիս վրա ոտքի եմ կանգնում,
    Քարայրում ծնկած մարմինս շտկում՝
    Տե՜ր… Ամենազո՜րն եմ բարբաջում…

    ԻՐ   ԺԱՄԱՆԱԿԻՆ

    Թեկուզ՝ բռունցքով բզին հարվածիր,
    Թեկուզ՝ ծոծրակդ տեսնել կարեցիր,
    Թեկուզ՝ նռնակը հետույքով նետիր,
    Ղալամն ուղեղում ակոս չի՛ փորի,
    Մե՛կ է, բիճը իր ծնու՛նդը կուզի,
    Արդարությունն իր ժամանա՛կն ունի։

    ՀԵՌԱՑԵ՛Ք

    Ընչաքաղցներիդ անհատակ թասում,
    Եռալուս համար քափ, քուլա չկա,
    Անսեր հավատքի սիրտ ու տեղ չկա,
    Հեռացե՛քքանի խուփս ծափ չի տա,
    Քանի թշշոցումսդեռ ֆշշոց չկա

    ԼՈւՍՆԱՀԱՉ

    Դռնապահ շների գործն է հեշտացել,
    Էլ առաջվա պես մարդահաչ չկա…
    Միայն լուսինն է, որ իր տեղում է,
    Ու լուսնահաչ է… լուսնահաչ…

    ԱՊՐԵԼՈւ   ՏԱՐԱԾՔ

    Ի տարբերությու՛ն,
    Բնազդով իրենց կյանքն ապրողների,
    Շնորհն ընտրելու, բացառիկ ընծան,
    Պիտանի եղավ վայրիվերումի՝
    Միակ տիրույթում, մարդ ու տմարդի։

    ԿԱՐԵԿՑԱՆՔ

    Գնալուց առաջ, որպես ուսուցիչ,
    Մի վերջին անգամ, գուրուն շշնջաց.
    -Հակվի՛ր… երբ կարեկցում ես։
    Սանն ուշիմ, հակվեց,
    Ափով մեռնողի կոպերը փակեց,
    Ու որպես հետնորդ, խուլ արձագանքեց.
    -Կիսվի՛ր… երբ հակվում են։

    ԾԱԾԿԱԳԻՐ

    Հող էի… քանի որ հողում պահմտած,
    Երկրին բախվեցի երկնաքար հեծնած,
    Հող դարձա… քանզի մեղքը ներառած,
    Այն ուղեկցել էր ինձ… կոդս շալակած։

    ԱՍՈւՊՆԵՐ

    Հազար փաթիլն է ձնագունդ դառնում,
    Բյուր կաթիլներն են օվկիաններ ճոճում,
    Ծառակուտակը անտառ է կոչվում,
    Պլանկտոնները… կետ են կերակրում,
    Օզոնի շերտը… սանտիմ չի հասնում,
    Ճզմած բյուրեղն է ադամանդ դառնում,
    Խրձած ծղոտն է ցախավել դառնում,
    Սեղմած մատերն են բռունցքներ դառնում,
    Աստղաթափից է երկինք սասանվում,
    Ասուպը… ընկած հերոսն է դառնում…

    ԽԱՐԱՆ

    Թանձրացող արյան մածուցիկ ծովում,
    Հանց կորիզները հասնող մասուրում,
    Դուք տխպելու եք սեփական ծոցում,
    Հանց որոմները գալիքի ցանքսում,
    Հանց հողմից քշվող փուշ ու սաքսաուլ,
    Թավագլորվելու եք ավազուտներում,
    Բորոտի խարան, մերժված թափորում,
    Ազգուրացության… քավության երթում։

    ՔԵԶՆԻՑ   ԱՌԱՎԵԼ

    Ըմբոստը ծնվում է հոգնատանջ մարմնում,
    Իմաստնացածի քննիչ մրափում,
    Ենթագիտակցության հերձարաններում,
    Ցավը ուղեղից վտարած գլխում…
    Երբ համակերպությանդ կաշին ես քերթում։

    Երդումը ծնվում է արյան եռոցքում,
    Ցավն արհամարողի սիրտ, մկանուքում,
    Երբ կրկին անգամ… կրկին ես պարզում,
    Որ սերունդներին, գալիք դարերում,
    Խոշտանգված մարմնիցդ ավել ես պաշտում։

    ԵՐԿՎՈւԹՅՈւՆ

    Այնպես, ինչպես ծխուկս նետվեց,
    Կամրջից ներքև, գետագալարը,
    Այդպես էլ ընկա… ինքս իմ հորը,
    Երբ բաժան կեսս ինձ էր որոնում,
    Երբ հրմշտոցում օտար քաղաքի,
    Դեգերումներիս դժնդակ պահին,
    Աչքերիս գույնով, քիթ ու մռութով,
    Մոլորյալներս իրար էինք փնտրում…

    Կորստյան ճամփին… դեպի սև խոռոչ,
    Երբ ես սուրացող ասուպ էի վառվող,
    Ծխուկս հանգեց վայրէջքի պահին,
    Նախքան բախվելս ջրի երեսին,
    Ուր գետագալար ոլորապտույտում,
    Մենք առերեսվեցինք… օտարի նման,
    Լոկ մեր աչքերով… մի ցեղի պատկան։

    ԱՆԽՈւՍԱՓԵԼԻ

    Կորիզը իր մեջ ծառով էր հղի…
    Անիվ, պտուտակ… անխուսափելի,
    Դեպի տիեզերք հարթում էին ուղի…
    Այսօրվա նման, սարսափը ծառի,
    Վառվելու ցնորք, ածուխն էր փայտի։

    Այրվող ծառերի սիրո ծուղակում,
    Ուր մեր սրտերն էինք խորովում,
    Մեր նստարանի ներկը մաշեցինք,
    Նվիրվածության երդումներ տալով։
    Ավա՜ղ, քմայքոտ բախտը անհարկի,
    Անխուսափելի բաժանմամբ հղի,
    Այրվող ծառերի սիրո պուրակում,
    Թողեց մեզնից հուշ անմեկնելի,
    Մոծիլների մեջ… փոշեծածկույթում,
    Ներկի երեսին… այն նստարանի։

    Կորիզը էլի… ծառով է հղի…
    Անիվ, պտուտակ… անխուսափելի,
    Դեպի տիեզերք հարթել են ուղի…

    ՀՈԳՍԱԳՈւՆԴ

    -Տոկացե՛ք…
    (Ի լուր ամենքի, խշշաց անտառում,
    բոլորից խոհուն թխկին հաստաբուն,
    ու… տեղատարափ անձրևը տեղաց)։

    - Համբերի՛ր… (Խորհեց դարանում,
    փայտի պես անշարժ մի օձ սովահար,
    ու… տերևի տակ մուկը խլրտաց)։

    -Դիմացի՛ր
    (Խախուդ մակույկում, թևը կծելով,
    հորդորեց մայրը ուշաթափ որդուն,
    ու… մինչ կհպեր վերքը պապակին,
    մակույկը քթով դիպավ ցամաքին)։

    Մոլագար պտույտ, ցնորված Երկիր,
    Չմարող ձայնե՜ր, անդուլ տնքոցնե՜ր,
    Լավ ու վատ ավարտ, հոգսակուտակից՝
    Փախու՜ստ սեփական շուք ու շվաքից,
    Իր ցավ, տնքոցից… իր հոգսագնդից…

    ԱՐԱՐԻՉ

    Դու՛, մայունի մեջ ու մռնչոցում,
    Սրանց իրարից զատող հաչոցում,
    Հովիվ ու որսորդ, ծառ ու ծաղկունքում,
    Խայտանքն ալիքում, ձուկն ինքը ջրում,
    Ճայի ճախրանքում, նրա ճչոցում,
    Մլակից բազե – թև, փետուրներում…
    Դու՛, արտացոլանքդ ծովի երեսին,
    Հանց բյուր աստղերն ու կոտրված Լուսին,
    Կաթիլ ու փաթիլ… Արևի շողին…
    Դու՛, մաքառման կամք տված ամենքին,
    Թե՛ հոշոտողին, թե՛ հոշոտվողին,
    Բուսակերներին… մսակերներին…
    Խարխափող կույրի մատների ծայրին,
    Ոնց մութ սենյակում ճողոպրող կատուն…
    Դու՛, աթեիստի պրպտուն գլխում,
    Կույր հավատավորի սրտի կենտրոնում,
    Գենետիկ կոդում, հեռու Ծիր Կաթնում…
    Ամենու՜ր ներկա… սակայն բացակա…
    Դու՛, ամենայնի տվի՛չ ու մատնիչ,
     Առաքածդ մա՛հը - հուշի թոթափիչ,
    Ձերբազատությամբ… քավության ղրկիչ…

    ՆՈՐԵՆ   ԾՆՎԵԼԻՍ

    Թե մեկ էլ ծնվեմ, թող որ ծպտված,
    Խորը ընդերքում ոսկու ջիլ լինեմ,
    Ընչաքաղցության երազանք սնեմ,
    Անհագ ուղեղում կպչուն միտք լինեմ։

    Թե մեկ էլ ծնվեմ, նողկանքս զսպած,
    Անգութի գլխին մի ցնցուղ լինեմ,
    Դատավոր դասի խիղճը արթնացնեմ,
    Կորսված անմեղի փրկություն լինեմ։

    Թե մեկ էլ ծնվեմ, թող որ պրկված,
    Ծնկած աղոթքի չոքում ջիլ լինեմ,
    Մորմոքվող սրտին զորավիգ լինեմ,
    Խորանի պատին խամրած մոմ լինեմ։

    Թե մեկ էլ ծնվեմ, թող որ համրացած,
    Ձկան պես անհոգ, տարերքս չափեմ…
    Թող ժայռի պես խուլ, մի բեկոր լինեմ,
    Տուն շինեն լանջիս… տնքոցս խեղդեմ։

    ՄԱՐՄԻՆՍ   ՓԵՇՔԵՇ

    Ազատագրվելիս… թե չհրկիզվեմ,
    Համայն աշխարհի գաղութը որդի,
    Որտեղից որտեղ, թող վրաս կիտվի,
    Որ իմ հեղհեղուկ մարմինը կլլի…
    Փույթս չի՛ լինի…
    Այդ ճաշկերույթը… թող փեշքեշ լինի։
    Ազատագրվածս, երազներ թամքած,
    Թող պատրանքների եթերում սուրա։

    ԳԵՐԱՃ

    Շատե՜րս ընկանք,
    Անհոգիների քայլքով չպղծված,
    Անարատ մեկ թիզ, ոտնաթաթի տեղ,
    Փնտրտուքներում…
    Մեռնող, գնացող,
    Եկողներ, ծնվող…
    Անկաշառության հիմքեր սասանվել,
    Երկնքում անգամ, բալանսը խախտվել,
    Մարդակերպության կլոնը բուծվել,
    Անհոգի զոմբին - Երկիր է նետվել,
    Գառնուկ աշխարհի դմակը ճանկել,
    Ու վտարանդի է… հոգուն դարձրել։
    Անհոգի մարմնի, մարդակերպների,
    Գերաճ է, գերաճ…
    Ու… սով, հոգու սով։
    Բայց դեռ այրվելու է բոցը քուրայում,
    Շե՛մը - հյուրընկալ մաքրագործության,
    Լափելով խեղված մուտանտներ ծոցում,
    Լոկ հոգուն պատվար… աննյութեղենում։

    ԿԱՐՈՏ

    Սրտիդ անորոշ զարկ ու տրոփի,
    Կապանքդ կռո՛ղ ճորտացնո՛ղ դարբնի,
    Անունը՝ Սեր է…
    Թևաթափ անող, հոգեմաշողի,
    Երեսիդ ժպիտն իսպառ ջնջողի,
    Ներկայից զրկո՛ղ… (ապրե՛լն ընդսմին),
    Կապանքդ կռո՛ղ, ճորտացնո՛ղ դարբնի,
    «Դեռ կհասցնե՛մ» - միտք որոճողի…
    Անունն է՝ Կարոտ…

    ԽՄՈՐՈւՄ

    Կամակատարներ… սիրո հպատակ,
    Անվանակոչի կիտվող զինվորներ,
    Տողանի շարվող հուշիկ լուսնոտներ,
    Հանճարի վկա, առկայծող աստղեր…
    Իրիկնանում է…
    Գլխիկոր ծաղկունք, կորված շլինքներ,
    Բեռները կոկոն, բարուրած բույրեր,
    Գունագեղ գորգի հմուտ վարպետներ,
    Արևի ճամփին հրավառվողներ…
    Իրիկնանում է…
    Լեռնապարերի ուրվագիծ բարի…
    Սրսուռ ելուստներ, զույգգագաթների…
    Նորածնի մի ճիչ, գալիք արքայի…
    Առաջին համտեսն է… ստինքը արդարի,
    Սրտատրոփ սպասում… հասուն տարիքի։

    ԹՐՄՕՂԻ

    Ձեռքիս իմ քաշած թթի թունդ օղի,
    Հետս անբաժան գելխեղդ մի վայրի.
    Ես էի… Բողարը… գետը Քասախի,
    Մի հարթ գլաքար ու… չլուտ ուռի…

    Քիչ անց, երբ շշում մնաց կում օղի,
    Գետը նետվեցի, ասես զրույցի…
    Ջրի մեջ կոտրած շշի կանգնեցի,
    Ոտքս վնասած ինձ ափ նետեցի…
    Շունս տագնապած դունչը մոտեցրեց,
    Շոյվել էր ուզում, աչքերում աղերս…
    Մինչ կփաղաքշեի, ուռին տրտնջաց.
    -Ջրի ափին եմ, բայց չորանում եմ…
    -Կա՛ց, - ասի, - պիտի վերջին կումն անեմ,
    Որ պարպած շշով քոքիդ ջուր կրեմ…
    Հարբել էի արդեն, երբ քարը խոսեց.
    -Բարեկամներիս հացիցդ պատառ,
    Ճնճղուկի պաշար կթողես ուսիս…
    -Հա՛, - պայման դրի, - լինենք փոխադարձ,
    Թող հարբած պառկեմ… ուսդ քարե բարձ։

    Ես էի… իմ քաշած ականին պայթած,
    Պարպածս շշին հանց բեկոր փարված,
    Բողարն էր կողքիս… ափը Քասախի…
    Քարը, որպես բարձ… մի չփլաղ ուռի…

    ՄԵՂԱ   ԿԱՆՉԵԼԻՍ

    Մտոքն անցյալի գիրկ սավառնելիս,
    Գտնում եմ խաղով տարված անհոգիս,
    Ձորի պռնկից քարեր նետելիս,
    Աշխարհը մեկնել փորձող մանչուկիս,
    Առանց պատասխան հարց բստրողիս…

    Կա՞ր արդյոք ձորում, մոլորյալ անցորդ,
    Որ ցած սուրացող քարե կարկուտից,
    Անմեղ ճակատին հարված վաստակեց։

    Մեղա կանչելիս հիշում եմ գորտին,
    Ծղոտով փչված առվի բնակչին…

    Հիշում եմ պոկված ոտքով ծղրիդին,
    Ծխուկս դրած նրա բերանին…

    Թելիցս կապած ծիրանհասուկին,
    Տուփում բանտածս թշվառ բզեզին…

    Լուրերի հոսքից ռումբեր են տեղում,
    Աշխարհը անմեղ զոհեր է պաշտում,
    Մի տեղ մորեխը աղետ է դառնում,
    Քիմիկատներով բնաջինջ են անում…
    Ես դեռ ոտքից զուրկ ծղրիդն եմ ողբում,
    Չեղած ճակատի էն ցավն եմ քաշում…

    ՀԵՆՑ   ՀԱՅԸ   ՁԱՅՆԻ

    Երբ էլ պատահի գոտեմարտելու,
    Փամփուշտ, վիրակապ, ամեն բանից զատ,
    Ինձ չմոռանաք… ձեր հե՛տ եմ գալու։

    Երբ էլ պատահի լքված կամ խոցված,
    Ոտքերով  մահվան երախը մտած,
    Սերս ձեզ դարման… ձեր հե՛տ եմ գալու։

    Երբ էլ պատահի, թե ճամփեն վեր, վար,
    Թե կամքը տկար ու շուրջը խավար,
    Ճրագը ձեռքիս… ձեր հե՛տ եմ գալու։

    Երբ էլ պատահի, հանդ ու հարսանիք,
    Բանելուց բանեմ, պարելուց պարեմ,
    Հենց հայը ձայնի, կռվելուց կռվեմ,
    Մատաղը լինեմ… կո՛ղքն եմ լինելու։

    ԴԵՌ   ԿՀԱՊԱՂԻ

    Առաջընթացը դեռ կհապաղի…
    Քանի դեռ փողոցը, պարզամիտով լի,
    Շփոթողներ կան, կերպարը խաղի,
    Կյանքի հետ, օժտված դերասանների։

    ՏԱՐԵԳՐՈւԹՅՈւՆ

    Այնտեղ, սկուտեղին գանգեր էին մշրում,
    Հանց ձմերուկն է կոտրվում, մորթվում,
    Եվ արյուն չէր… շիրա էր ծորում…
    Կարմիր երախով լափում էին, լափում։

    Այնտեղ աշխարհի գորգն էր պղծվում,
    Սմբակը… խղճի մռութն էր ճխլում…
    Լակամանները ոսկով էին պատվում,
    Այդ ժամանակներն էին փառաբանվում,
    Ու… լակում, լակում, լակում էին, խնդում։

    Այնտեղ հենց սրանց ցեղից էին գժվում,
    Երբ երակներում հայն էր արթնանում,
    Զայրույթից խենթի զորքն ահագնանում,
    Սրանց գլխից վեր… բռունցք էր դառնում։

    ՀԱՅՐ

    Հայր… քո տարիքին եմ, երբ քեզ կորցրի,
    Ձնած մազերդ դողով շոյեցի,
    Համբույրս սառած ճակատիդ թողի,
    Ուսուցանածիդ պես արցունք մերժեցի,
    Բայց հեռանալուդ հետ անհաշտ մնացի։

    ԱՐԾՎԻ   ԵՐԱԶԸ

    Զույգշանթը բռնած, մտրակի նման,
    Արդարը բազմեց, ձեռքին գավազան,
    Գահը կուտակ ամպ, երկինքը ատյան,
    Վարակի օջախ հրկիզող քուրան,
    Ճոճելով որպես ահեղ դատաստան…

    Վիրավոր արծվին, լուռ ականատեսին,
    Սոսկ ափով դիպավ Արդարը թռչնին,
    Թեթև խանձելով քիչ հեռու ճիպտեց,
    Ու հորդորելով փակել աչք, ականջ,
    Շվաքներ կարգեց Մասսյացը նրան…

    Երբ որոտաձայն երկինքը վառվեց,
    Խառնամբոխը հանց, մեղավոր շարան,
    Զոհին օղակած բորենու նման,
    Քրքիջով տարված, չտեսավ Նրան…

    Բաց երախներից գերեզմանների,
    Հին մեռելներն էլ կանչվեցին ատյան…

    Աջ… ահյակ ճիպտող մտրակը լռեց,
    Աջում ծպտված արծիվն աջք բացեց,
    Հայացքով մոխրի սև կույտն ընդգրկեց,
    Ու սարսռեցնող իր ճիչն արձակեց…

    ՀԱՅԵԼՈւ   ԴԻՄԱՑ

    Սափրվող դեմքս հայելու խորքում,
    Դատափետվելիս մաշկազերծ արվեց,
    Արդարացումիս ջանքը ձախողվեց,
    Պահապան հրեշտակս փաստարկ չբերեց,
    Երբ երկրորդ կեսս հայելում խոսեց.

    -Թող այրն այս, իր մեջ, գոռոզին խեղդի,
    Այլոց կարծիքին հակադարձվելիս,
    Նախ բռնադատվի, նոր բռնադատի,
    Իր միջի կորյուն, գազանին զսպի,
    Զորությունից զուրկ, որպես այլընտրանք,
    Հոգում խոր քնած գառանն ունկնդրի,
    Մարդամիջի շուք, շինծու ժպիտներ,
    Բազում դիմակներ խարույկը նետի,
    Բորոտի դեմքով ամբոխից մերժվի,
    Փորձի մոտենալ ճոխ սեղանների,
    Որպես նողկալի, ամենքից քշվի,
    Իր վանողների վկան դառնալիս,
    Մահվան հանդիման կեղծ չմեղանչի,
    Նահատակվելիս քենը մոռացվի,
    Թող սիրի… սակայն հանուն արդարի,
    Դավաճան սրտում խրված սուր լինի,
    Ու նոր… այնուհետ այս գլխիկորի,
    Գրչին զորություն թող վերապահվի…

    -Ախ՝… ահա՜, թե ինչ, - բացականչեցի։

    -Ու մեկ էլ մի բան, հաղթության պայման,
    Համբույրս դրոշմ, օրհնանքս քեզ թև,
    Մաքրագործվելիս, դեռ չարդարացված,
    Պղծություն մերժող բովանդակությամբ,
    Անբովանդակին… լլկի՛ր ու կտտի՛ր…

    ԱԼԻՔԻ   ՆՄԱՆ

    Մեր վարգը դեպի սիրտը հավերժի,
    Երբեմն հուժկու ցատկով նժույգի,
    Փոխակերպվելու է սլացքով վայրի,
    Ու զուռնեն հաստատ - պիտի նվագի,
    Ավա՜ղ, մի քանի հազար տարին մեկ,
    Գտնել, կորցնելու տրամաբանությամբ,
    Գիշեր ու ցերեկ հերթագայությամբ…

    Դեռ խոր գիշեր է, փուլը Մահիկի,
    Դասեր քաղելու ժամն է հեծյալի,
    Առջևում ցայգն է, դարերն արթմնի,
    Նժույգն ուր որ է, հուժկու կցատկի,
    Քանզի հաջորդիվ… աքլորականչ է.
    Ալիքի նման, օրոցքում ճոճվող,
    Գուրգուրանքներում տարուբերվող,
    Հազար տարին մեկ գնացող, եկող,
    Հավերժ ընթացքի մեր հովանավոր,
    Ի՜ղձը ճամփորդի - փուլն է Արեգի…

    ՄԻ՛   ՏՆՔԱ

    Թե ցավդ կուզես դառնա տանելի,
    Ու կարթը ձեռքիդ ձկնորս ես արի,
    Հետևիր կծկում, գալարին որդի…
    Թե պետք է թռցնել գլուխը հավի,
    Մորթելուց առաջ… դանակդ սրի։

    ԼԵՐԴԱՑԱԾ   ԹԱՆԱՔ

    Ինչպես կարծր, չոր ներկապնակից,
    Ներհայեցողության պարապ անկյունում,
    Գոյ ու գոյական վերծանող գլխում,
    Շղթայական կապ փնտրտուքներում,
    Կտավի համար գույներն են մզվում,
    Այդպես լերդացած սիրտը տրորվում,
    Գրելու համար թանաքն է քամվում,
    Եվ ինչպես համտես, գինու մրցույթում,
    Վրձինը թուրմի շաղախն է ըմպում…
    Իբրև նկարիչ, կամ հարբած գրիչ,
    Անողոք զարկով հարվածն է տեղում,
    Եվ խզբզոցի մեջ… հեքիաթն է ծնվում,
    Շտրիխները կամուրջ, գետակ են դառնում.
    Կարկուտով հղի ամպն է գոյանում…
    Այծը կամրջին տրճիկն է տալիս…
    Գետն իր անփոփոխ ընթացքն է լալիս…
    Ձկնորսը ափին հոգոցն է քաշում…
    Հոսանքին տրված վտառն է խայտում…
    Կեռին հագցված որդն է խոշտանգվում…
    Անմիտ ձկնիկը խայծն է տնտղում…
    Ու գոյ, գոյական վերծանման փորձից,
    Շղթայական կապ փնտրտուքներից,
    Ներհայեցողության պարապ անկյունում,
    Աբսուրդի՜ց բացի… ոչինչ չի մնում…

    ՏԵ՜Ր…

    Ջիմմի Հենրիքս երաժիշտը, վեց լարանի իր կիթառից,
    Յոթ լարի ձայն չկորզեց ու գործիքը բեմին մշրեց…
    Վինսենթ Վան Գոգ հանճարեղը, իր կտավում ծաղկի բուրմունք,
    Մեղվի բզզոց փորձեց գտնել, խելագարվեց… ականջ կտրեց։
    Տե՜ր…
    Թղթին հանձնած տող պատռելիս, ամեն անգամ ասես գժվում,
    Բեմին արդեն կիթառ մշրել… հերթն ականջիս է հասնում…

    
    
    
    
     







    Leave a Reply