Ճակատագրեր էին խեղվում,
Արդեն` զոհեր հայտնվում,
Թեկուզ դեռևս տեղ-տեղ`
Բայց` պատերազմ էր դառնում…
…Նենգ թշնամու էությունն էր.
Դարաններից սողոսկել`
Քնած գյուղերը այրել…
Զարթնող երկիրն իր ծոցից`
Ոհմակի դեմն առնող`
Խենթերի էր դուրս մղում…
Անչափահաս մի տղա,
Վայրի լեռան բարձունքին,
Հենց բազեի բնի տակ,
Ձորը բարձրից հսկելու`
Իրեն կարգեց - երկրապահ…
Նրան շուտ-շուտ էին հիշում,
Բայց ուշ-ուշ էին այցելում,
Ժամանակն էր այդպիսին.
Կռիվն արդեն վերաճել,
Պատերազմի էր փոխվել…
…Գալուց` մթերք էին բերում,
Ուտելու բան, ծխախոտ…
Տղան ոխը կուտակել,
Փոխարինվել` չէր ուզում…
Ասես ժայռին քանդակված`
Արձանի էր վերածվել…
Մազ-աղվամազ երկարել,
Փափուկ բարձը կարոտել,
Բայց օջախը միշտ սրտում,
Մեկ է, դիրքը չէ´ր լքում…
… Շուրջը ցախ էր կուտակել,
Որ թշնամին սողոսկեր`
Բոթ-կրակը լուր հասցներ…
Բազեն հաճախ զարմացած`
Բնից նրան էր զննում.
Ասես խենթն այդ ժայռ դարձած,
Ցեղակիցն էր հարազատ…
… Ամեն մեկը իր հոգսին`
Ընտելացել էին իրար…
Տղան, մեկ-մեկ կարոտած`
Խոսել, կիսվել էր ուզում,
Բազեի կողմ շրջված`
Զրույցի էր բռնվում.
-Ուսապարկս է դատարկվել,
Շաքար, թեյս է վերջացել…
Համ էլ` ծխել եմ ուզում,
Սակայն մի չոփ է մնացել…
…Այդ լսում էր ու բարձրից`
Բազեն ճանկերն էր բացում,
Բռնած որսը բաց թողնում`
Իր եղբորն էր մատուցում…
-Հե՜յ, թևավոր իմ եղբայր,
Սրա համար շատ գո´հ եմ,
Բա` թութո՞ւնս ոնց կպցնեմ…
Բազեն միայն սուր ճչում`
Ու թևերն էր տարածում…
Ու մի օր էլ, երազում`
Իբր թևեր էր կրում,
Դոշը քսած սարերին`
Սլանում էր երկնքում…
Այդ գիշերն էր, որ թաքուն,
Թշնամու նշանառուն`
Լուռ սողոսկեց թփերում…
Ծեգին` տղան թռչունին
Էլի կանչեց զրույցի.
-Բազե, ասա´ ինձ, տեսնեմ,
Ի՞նչ անեմ, որ քո նման,
Ե´ս էլ ճախրել կարենամ…
-Վախդ իսպառ մոռացիր,
Սրտիդ կանչո´վ զուտ ապրիր:
-Իսկ ի՞նչ անեմ, որ քո պես`
Կյանքս այդքան երկարեմ…
-Կրկին` սրտովդ ապրիր,
Ու ծխելն էլ. մոռացի´ր :
…Թփից` հանկարծ ծուխ ելավ,
Ու դուրս ժայթքեց մի ժագան,
Խոցվե´ց , սիրտը առնական…
Տղան ծնկեց մայր հողին,
Լուցկու չոփը շոշափեց…
Ու… երբ խարույը վառեց`
Տեսած երազը հիշեց,
Ասես`ճախրել սովորեց.
Դոշը քսվեց սարերին
Ու սլացող դարերին…
Բազեն սուր ճիչ արձակեց,
Ցա´վն ասես նոր ճանաչեց.
Զույգ թևերը ծալելով,
Կտուցն առաջ ցցելով`
Նետի նման սուրաց ցած,
Դեպի լուլեն ցավ տված…
Շատ տարիներ են անցել,
Այնտեղ` խաչքար են դրել…
…Մի´շտ, իր բույնը դառնալիս`
Բազեն դադար է տալիս.
Բազեանիստ այդ քարից է
Նա իր բույնը ցատկ տալիս:
Հիմա` այնտեղ բարձրացողը,
Էլ շաքար-թեյ չի տանում.
Մի շիշ օղի է վերցնում,
Մեկ էլ`
Մի տուփ չոր լուցկի…