ԿԱՎՆ ու ՑԵԽԸ

    Author: Thavré Genre:
    Rating


















    Մարդն աղտոտված մի բուռ ցեխի՞ց,
    Թե` զուտ ազնիվ կավից կերտվեց,
    Որի քթին շունչը փչվեց,
    Ու ականջին ,,Սիրի´ր'' ասվեց.
    Նա էլ սիրեց, բայց սիրելը`
    Հիվանդագին տենդ անվանեց…
    Նորմ-կանոններ հորինեց,
    Որ չարությունն իր զսպի,
    Սակայն դրանք միշտ էլ խախտեց,
    Թաքուն վայրի կիրք հագեցրեց,
    Ու Արարչին, երբ որոնեց`
    Անամոթը իրեն հիշեց,
    Իր պատկերով Նրան կերտեց…
    Հավատամքին ծաղրեց, ձաղկեց,
    Գիտակցաբար խաչին գամեց,
    Բայց կուրորեն էլի պաշտեց`
    Լացակումած քարոզն արեց…

    Մարդն իր խելքով զենք հորինեց,
    Մամոնտ ու փիղ գետնով տվեց,
    Բայց, երբ ինքը մեջքի շրջվեց`
    Իրեն պարտված չճանաչեց
    Գոռոզ միտքը փառքի ձգտեց,
    Իրեն հրաշք, մեծ համարեց,
    Աշտարակներ, բուրգեր սարքեց,
    Բայց տարերքը հենց մոլեգնեց`
    Փլատակին վախից կծկվեց,
    Խեղճացավ ու անզոր լացեց…
    Թե մարդ միայն ցեխից լիներ,
    Ինչպե՞ս արցունք կծնվեր.
    Արտասուքը միշտ հիշեցրեց,
    Որ կերտված է ազնիվ կավից,
    Ոչ թե աղտոտ ցեխի հումքից…

    Մաշկի գույնը, թե ուրիշ է`
    Մարդը մարդուն մարդատյաց է,
    Բայց, որ կատուն ջուրն ընկնի`
    Մեկը մյուսից փրկարար է…
    Սիրած բանը մսեղենն է,
    Ձկնեղենն ու ձվեղենը,
    Սուղ ժամանակ` բուսակեր է,
    Խոհանոցում ոչ պիտանի.
    Փուշ, կակտուս ու մեդուզայի`
    Խնամք տանող ,,բնասեր’’ է…

    Մարդն հենց գութը արթնացրել,
    Որսն է ձեռքից բաց թողել,
    Հետո իրեն փնովել`
    Խղճից երես է թեքել…
    Օտարի ցավ տեսնելու
    Թատրոն, բեմեր է սարքել,
    Հենց իր մատն է փուշ մտել`
    Պինդ վիրակապ է դրել…

    Թե կուշտ ու գոհ կենդանին,
    Թավալվել է ու պարել,
    Ծլվլացել կամ մայել`
    Մարդն է միայն ծիծաղել:
    Մարդուն խոսքն էլ է զատել,
    Գրով` փորձն է փոխանցել,
    Հստակ ուշունց է տվել,
    Կամ էլ` սեր է շշնջացել…
    Շնչավորներից միայն,
    Մարդն է եղել ինքնասպան,
    Փախուստ տալով ամոթից`
    Կամ իր պղծած աշխարհից…

    Մարդը հաճախ ծուլացել,
    Ու այնպես է երազել,
    Որ երկնքից հուսացել`
    Մանանա է կաթեցրել,
    Բայց նույն ծույլը տոկացել,
    Մրջյունից էլ, ցլից էլ,
    Շատ համառն է գտնվել,
    Թե`…նպատակ է դրել:

    Դերը մտած դիմակ հագել,
    Մտքում ծածուկ դավ է նյութել,
    Բայց, երբ մեկի դիմակ պատռել`
    Մարդամիջում է ապտակել…
    Հանուն շահի, առանց ջոկել,
    Ե´վ մատնել է, և´ սպանել,
    Բայց ինքնակամ խարույկ ելել,
    Ու չի մատնել, պատվով մեռել…
    Իսկ, երբ իրեն են մատնել,
    Թիրախ դարձրել, հալածել,
    Հաճախ խաբվել է… ներել,
    Չի´ հանդուրժել մեղադրել,
    Բայց, երբ հոգուն են հասցրել,
    Խռովությունն է զարթնել,
    Հաշտությունը մոռացվել,
    Քե´նն է նրան ապրեցրել.
    Ինքն իրենից չի´ խորշել,
    Երբ թիկունքից է խայթել…

    Մարդն իր միակ կյանքից կառչել,
    Հանուն որի միշտ մաքառել`
    Այն բախշե´լ է, չի´ դողացել,
    Գաղափարին մատաղ արել…
    Իմանալով, որ ետ չի գա`
    Լոկ տակառով ծով է ելել,
    Չիմանալով - վերևն ինչ կա,
    Աստղերին է ոտքը դրել…

    Հաշվարկելուց չի զլացել,
    Բայց բնազդն է մոռացել,
    Նույնիսկ կիրքը վերլուծել,
    Գիտության է վերածել…

    Մարդու կեսը մութ մնաց,
    Մի բան այնպես չգնաց,
    Խեցին փայլը կորցրեց,
    Տիղմ ու ավազ կուտակեց,
    Բնությունն էլ խռովեց`
    Մարդուն շապիկ հագցրեց,
    Սա էլ`…երկիրը չանգռեց,
    Ոխն ընդերքի´ց հանեց:

    Մարդ գալիքն իր գուշակել,
    Ինքն իրենից սարսափել,
    Փույթով իր գենը փրկել,
                                             Եվ աստղերին է առաքել…   

    Leave a Reply