ՏԱԿԱՌՈւՄ - պոեմ

    Author: Thavré Genre:
    Rating

                               


    Մարդ գտնելու փափագով,
    Դիոգենեսի պես, մի օր`
    Տակառ մտա ճրագով,
    Սրտիս միջի մխացող`
    Ու առկայծող այդ լույսով:
    Իմ տակառը փնտրելիս,
    Խոր ձորակի պռունկին,
    Տեղս գտա քարափին.
    Շունս էլ` դունչը իմ ծնկին…

    Ե´վ քամին էր ուժգնանում,
    Ե´վ ամպրոպն էր մոտենում,
    Ու թե հանկարծ կայծակը,
    Զարկեր, ճեղքեր իմ կուրծքը,
    Այնտեղ, խորքում կլսեր,
    Փլվող հույս ու երազի,
    Շառաչի ձայն խորտակվող…
    Ինչպես քամին էր հրում,
    Խառն ամպերը երկնքում,
    Այնպես խոհն էր իմ հոգում,
    Լավն ու վատը ջոկջկում…

    Նախ`աջումս կարգեցի
    Ողբն առ Աստված ու լսողաց,
    Ի խորոց սիրտ – ձայն հանողին…
    Մարդն ափի մեջ գրչով պեղած,
    Աշխարհ շալկած – մարդաբանին…
    Լաց, բայաթին մի կողմ դրած,
    Ըմբոստ սրտով ընթերցողին…
    Լույսի բաժին այս տեսակին`
    Խոնարհվեցի պատկառանքով
    Ու նստեցրի պատվո գահին:

    Ձախս գցած խառնամբոխին`
    Քմծիծաղող ընթերցողին,
    Գրաքննիչ քննադատին,
    Կրոնագետ դոգմատիկին,
    Փիլիսոփա աթեիստին,
    Աստղաֆիզիկ փաստասերին,
    Նրբանկատ հոգեբույժին…
    Ծանր-ծանր այս տեսակին,
    Որ չկառչեն ճախրող մտքին,
    Շղթայեցի բարդու քոքին:
    Երբ կապված են ու սասանված,
    Խառնամբոխն ու ֆանտոմները,
    Դոգմաներն ու կանոնները`
    Հոգին ազատ շունչ է քաշում,
    Միտքն էլ` ճամփա ընկնում…

    Խոհն ինձ նետեց մութ անդունդը,
    Արարումից դարեր առաջ,
    Այն քաոսը, ուր խմորվեց մեղքի դավը.
    Մինչև` Բանն էր ի սկզբանե…
    . . . . . . . . . . .
    Բայց դե` բանը-բանից անցել,
    Նյութի տարրը դավ էր նյութել,
    Մեծ գրոհ էր հղացել.
    « Ինչպե՞ս խեղդել հյուլեին,
    Հոգու տարրը կրողին…
    Գուցե մարմի՞ն հագցնել » :

    Նյութի տարրը խորամանկ,
    Ծպտվեց այնքան ժամանակ,
    Մինչև դավից անտեղյակ,
    Տերը քնից արթնացավ,
    Ու «Եղիցի լույս»-ն ասավ,
    Հետո անհոգ, կրունկով`
    Խավարի կուրծքը ճզմեց:
    Ոնց ձիթենին է մզվում,
    Տրորվելով յուղ ծորում`
    Այնպես խավարը մզվեց,
    Ու բխելով լու՜յս կաթեց…
    Տարրերն առան քարե շապիկ
    Ու ճանկերում հոգուն բանտած`
    Կաթսա մտան հատիկ-հատիկ.
    Հյուլեն դրվեց մսե զնդան,
    Հալվեց, ձուլվեց, կպավ նրան,
    Բոցից թռած մոծիլի պես`
    Ցփվեց խավար մթան դեմքին,
    Ուր հիմա էլ, դեռ մխմխում,
    Թրթռալով լույս է կաթում…

    Մութն առատ էր, լույսը սակավ,
    Թեկուզ բոցված լուսատուներ
    Ծիր Կաթինն էլ, Արեգակն էլ,
    Թեկուզ լույսի շքահանդես
    Հարդագողի ճանապարհն էլ,
    Ուրի՜շ-ուրի՜շ համակարգեր,
    Գնդասեղ էին խավար ֆոնին,
    Լոկ բծիկներ - մեծ կտավին…
    Մութը դեզ էր, լույսը ասեղ,
    Շատում խավար, քչում բյուրվառ:

    Եվ քանի դեռ պինդ կապված էին,
    Ու չէին կարող ինձ խանգարել
    Ֆիզիկոսնե՜ր, կենսաբաննե՜ր…
    Ազատ էի ես, ենթադրել.-
    « Ինչու՞ այդպես, այլ` ո´չ այսպես.
    Աստղերի չափ մութն արարվեր,
    Ու մթան չափ լույսը տիրեր,
    Տեսնող աչքը կկոցվելով`
    Կուրությանը թող նախանձեր » :
    Լու՜յսն էր սակայն,
    Մթան ծոցում հրավառվել,
    Ոչ թե մութը լույսի գրկում...
    Ու կենդանուն բաժին հասած,
    Տարաներում մսե պատյան`,
    Գերակշռե´ց չարը` բարուն…

    Շունս մի պահ խռովվեց.
    Ուզածն ի ՞նչ է բարեկամիս,
    Մի փաղաքշա՞նք…
    Դժվար չէ. - «Ա´ռ, բարեկամ»:

    Էությունդ թե բարի է,
    Ու գնդիցն ես լույսի բաժին`,
    Ա´ռ շալակդ դառը հուշեր…
    Թե հակառակ, չարն է սիրտդ,
    Ու դեզիցն ես խավար զորքի`
    Էլ ի՞նչ կարմա, կամ պատվիրան,
    Թքա´ծ հուշի, ցավի բերան,
    Եղունգովդ գլուխ քորի,
    Գիշեր-ցերեկ կեր ու խմի…

    Մարմնում բանտված հոգու շահը
    Բարձրանալու չափի մեջ է,
    Հոգուն բանտած մարմնի շահն էլ`
    Իր կերածի քանակի մեջ…
    Ընտրելիքը` քաղցր բառն է,
    Կամ էլ յուղոտ կերակուրը…
    Բարի խոսքին կարոտ ակա՞նջ,
    Թե` որկրամոլ որովայնին
    Ծառա, գերի ժանիք-ատամ…
    Աշխարհը մեծ ճաշի սեղա՞ն,
    Թե` ելնելու մեկ աստիճան…
    Թե Համլետի ափում պահած,
    Խեղճ Յորիկի գանգը խոսեր`
    Հիմա կասեր. - « Ա´յս է խնդիրը »:

    Ոտքերիս տակ այս ձորակն էլ,
    Բարձր ու ցածր ամեն վիհ էլ,
    Գեհենի գրկեր, մահվան ծոցեր են…
    Ջրվեժի ջուրն էլ, ապառաժ քարն էլ,
    Հատակին զարկվում ու նոր են պայթում,
    Մինչև պայթելն է մեր ժամանակը,
    Մի՞թե կայծ չէ, մեզ տրվածը…
    Մեռնելուց հետո, էլ ցավս ո՞րն է,
    Պայթելուց առաջ քիմքս սրացնեմ
    Ու վայե ՜լք ապրեմ…
    Գահավիժելիս շառաչն է զիլը,
    Քամու սուլոցի ուժն է բերկրանքը,
    Ճախրանքն է կյանքը,
    Բայց` մշրվելու սարսափն է ցավը…

    Ընկնելն այլ է, նետվելը այլ.
    Չե´մ բարկացնի պոետներին,
    Ո ՜վ իմանա,
    Հանկարծ թասում համբերության,
    Չբարձրանա զայրույթն այնքան,
    Որ հենց նրանք, որոնց փառքով
    Նստեցրել էի պատվո գահին`,
    Որ հենց նրա´նք կապը քանդեն
    Բարդուց կապված ֆանտոմների…
    Կհոշոտվե ՜մ խառնամբոխից,
    Կրոնագետը վրա կտա.
    - « Էլ, քո հոգին պրծում չունի՜»:
    Հոգեբույժը ծափին կտա.
    - « Ո՜նց ուշացա »:

    Ամեն մարդու հանած վճիռ,
    Իր բաժինքի ծանրաքարն է,
    Երբ նժարիդ բեռը կշռող
    Ծանրաքարն է ավել կշռում`,
    Բեռն իր թասով, լծակի հետ,
    Ցատկում է վեր, հոդս ցնդում…
    Ու մտքիս մեջ, իմ նժարին`
    Մի մեծ վճիռ կանգնեցրի. -
    « Բա´վ է, պիտի արձակեմ,
    Ելքը փնտրող մղումին,
    Հոգիս ներսից բզկտող,
    Բոժոժն ուտող այդ որդին,
    Պիտի խառնվեմ ամբոխին,
    Թիթեռի պես թռչկոտեմ,
    Գիշերներն էլ`- պինդ քնեմ » :
    Ու վճիռս կայացրած,
    Ինչպես ջրվեժ փրփրած,
    Դուրս թափեցի վարարած,
    Մի մղձավանջ ճահճացած…

    Հենց որ հոգիս դատարկվեց`,
    Լեզուս լեղի չժայթքեց…
    Ինչպես անսանձ վայրի ձի`
    Թեթև առաջ սլացա,
    Ինչպես մեղուն բնազդով`
    Օթևանս փնտրեցի
    Ուր գույներն էին առատ,
    Ու կբուրեին անուշ հոտ…

    Ահա´, տոնս հենց փոխվեց`
    Խառնամբոխը գոհ ժպտաց,
    Յուրայի՜ն եմ, պարզվեց,
    Դոգման` գլուխս շոյեց,
    Քննադատն էլ` ծղրտաց.
    - « Ա՜յ` հասկացա´նք, վերջապե՜ս,
    Թե չէ` ոչ հանգ էիր պահում,
    Ոչ էլ` տաղաչափ հասկանում,
    Ատո՜մ… Հյուլե՜… Չար ու բարի՜…
    Հերի´ք, բո´լ է, քո բանը չի´ » :

    Հաշտության այս դրվագից`
    Սիրտս նողկանքով լցվեց,
    Հոգիս բողոք բարձրացրեց,
    Ու այն այնպես ալիքվեց,
    Որ քաոսը հայտնվեց,
    Ուր` թվացյալ հաշտության,
    Արգանդումն էր մեղք ծնվել,
    Դա´վն այնտեղ էր հղացվել…
    Մեղք ու դավից վախեցած,
    Նորից տակառս մտա,
    Նորից ամուր ձգեցի,
    Շղթաները խառնամբոխի,
    Նորից հոգիս լցրեցի,
    Ծանոթ լեղի ու մաղձով…

    Վարդին տրվեց գույնը, բույրը,
    Ամեն մրգի` կուտն ու համը,
    Սրանց պահակ` իրենց փուշը,
    Մարմնին տրվեց շունչն ու հոգին,
    Կյանքն ու մահը ամեն մեկին…
    Ու թշվառին.
    Թե´ եղնիկին, թե´ որսորդին,
    Պարտադրվեց վերքն ու ցավը…

    Մի բան թերրի, մյուսն անթերրի,
    Լավն ու վատը իրար կողքի,
    Վատը դեզ-դեզ, լավը կես-կես…
    Ինչու՞ այդպես, Ամենատե՜ս:
    Ո՞վ էր խնդրել միտք բանական,
    Կամ Եդեմում խնձորի ծառ…
    Օձ չկերտեիր մարդու կողքին,
    Որ չշեղվեր շիտակ հոգին…
    Թողեիր խավար մարդու միտքը,
    Թող չզատեր լույսն ու մութը…
    Ինչու՞ թողիր, որ մեղք ծնվի,
    Ու հետո էլ այն մաքրվի
    Ջրհեղեղո՜վ… խաչելությա՜մբ…
    Ինչու՞ մեղքը հատուցելիս,
    Միջնորդով ես ցավը տալիս,
    Միջնորդ գառը ի՞նչ մեղք ունի…
    Ինչու՞ Հոբը դևից փորձվի,
    Զավակները գրավ դրվի…
    Ինչու՞ փորձվի նախահայրը,
    Խարույկ բերվի որդու կյանքը,
    Ինչու՞ բոցը գառին դիպչի,
    Թե` Աբրահամ, դե մեղանչի…
    Ամենազո՞ ՜ր…
    Թե ուզենաս` դևին ճզմած,
    Հենց իր թախտով,
    Տիեզերքից դուրս կնետես…
    Տե՜ր իմաստուն ու սիրառատ,
    Թերացե՞լ ես…
    Թե` արատն է ողբերգական,
    Թագ պսակը արարչության…

    Թե բարկացրի`.
    - Տե´ր, ինձ մեղա´:
    Թե չներես ու որոշես
    Մեղավորիս հիմա պատժել
    Ու շանթերդ կրծքիս ուղղել,
    Խորքում ծածուկ, Քո դեմ ծնկած`
    Գառիս համար աղոթելուց
    Ինձ կբռնես: Դու ինձ զարկիր,
    Բայց աղոթքս մի անտեսիր...

    Իսկ, թե սուտ է, նյութից բացի
    Չկա ուրիշ, հոգու տարածք`
    Չկա պարտեզ էդեմական`
    Չկա Փրկիչ, աղոթք լսող`
    Թե դրախտն էլ նյութեղեն է`-
    Թո´ղ դժոխքում հոգիս եփվի…
    Թե դժոխքում ցախը հատնի`
    Թող դրախտը փայտ մատուցի:

    Հանկարծ շանթը որոտաձայն,
    Հուժկու զարկեց ամպի մռթին.
    Շունս ու ես ահով փախանք,
    Թաքնվեցինք, քարայր մտանք…

    Ես հիշեցի ընթերցողին,
    Նաև պոետ հսկաներին,
    Որ բազմած էին պատվո գահին,
    Բայց անտեսած բարդու քոքին,
    Շղթայածս խառնամբոխին`
    Մաղձս թափած ծնկի եկա.
    -Տե´ր… Ինձ մեղա ՜…
    Չէ՞ որ դու ես այս մարմնում,
    Հոգին ու միտքը դրել,
    Իսկ հոգիս ել իմ մտքին`
    Թթվահամ էր պարգևել:

    Leave a Reply